Հեղինակային կրթական ծրագիրը՝ որպես այլընտրանքային, տարբերվող կրթական ծրագիր, հետաքրքիր է նաև հայաստանյան իրականությունից դուրս:
Այսօր կրթահամալիրն ընդունեց Թաթարստանից ժամանած ուսուցիչների նախագծային խմբին: Սովորության համաձայն՝ հյուրերին դիմավորեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Շփման լեզուն ռուսերենն էր: Հանդիպման և շրջայցի նպատակը հեղինակային կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության մոդելին ծանոթանալն էր: Եկեղեցում մասնակցեցինք ,,Ուսումնական պատարագ,, նախագծին: Մի հատված դիտե՛ք այստեղ.
Կրտսեր դպրոց-պարտեզ մոդելին ծանոթանալու համար քայլեցինք Հյուսիսային դպրոց-պարտեզ, որտեղ Քնարիկ Ներսիսյանը ներկայացրեց այս մոդելի առանձնահատկությունները, Գեղարվեստի դպրոցը՝ իր արհեստանոց, արվեստանոց-լաբորատորիաներով: Չնայած կրթահամալիրն այս պահին հեռավար կրթություն է իրականացնում՝ բոլոր լաբորատորիաներում փոքր խմբերով պարապմունքներ էին: Հյուրերին հատկապես հետաքրքրեց Ոսկերչության արհեստանոց- լաբորատորիան. ուսուցիչը՝ ընկեր Դավիթը, սահուն և վստահ ռուսերենով մանրամասն ներկայացրեց իրենց գործունեությունը, ներկա սովորողները ցուցադրեցին իրենց արած աշխատանքները, նաև տվյալ պահին արվող աշխատանքը: Թաթար գործընկերները զարմացած էին, քանի որ չէին պատկերացնում, որ այդքան փոքր տարիքից կարելի է զբաղվել ոսկերչությամբ:
Սարալանջ-Սասնալանջով քայլեցինք Քոլեջ: Սարալանջում ընթանում էին աշնանային այգեգործական աշխատանքները: Օտարերկրացի գործընկերներին ներկայացվեց աշխատանքների էությունը, դրանց ուսումնական բաղադրիչը, խաղողի փոքրիկ այգին, քանդակների պատմությունը: Սրանք բոլորը տարբեր ուսումնական նախագծերի արդյունքներ են:
Քոլեջում կարճ շրջայցից, կրթական ծրագրից խոսելուց հետո այցելեցինք Խաղողի և Գինու դպրոցի լաբորատորիա, որտեղ հանդիպեցինք Տիար Բլեյանին: Ամբողջ հանդիպման ընթացքում խոսել էինք խաղողի այգիների մշակման, գինու ստեղծման մասին, և ահա հյուրերը հնարավորություն ունեցան տեղում համտեսելու, հյուրասիրվելու, երաժիշտ դասավանդողների, սովորողների հետ մասնակցելու փոքրիկ ծեսի, հայերեն լեզվով երգելու, հաճելի զրույց ունենալու կրթահամալիրի հիմնադիր Տիար Բլեյանի հետ: Տպավորությունները շատ էին, թաթար գործընկերն ասացին, որ Հայաստանում երեք տարբեր դպոցներում են եղել, սակայն մեր կրթական ծրագիրն իր ֆորմատով առանձնահատուկ է, տպավորիչ:
Հետագա համագործակցության համար փոխանակվեցինք տվյալներով, էլ. փոստերով:
Ամփոփելով օրը՝ ասեմ, որ նման հանդիպումները տարբեր մշակույթների տեր մարդկանց շփվելու հնարավորություն են տալիս, նոր համագործակցությունների սկիզբ են, անսպասելի բացահայտումներ են բերում: Լավ էր, որ թաթար գործընկերներն էլ հանդիպմանը չնայեցին որպես ուղղակի ծանոթություն, այլ հնարավոր հեռանկարներ էին մտմտում, փնտրում:
Լուսանկարներ՝
Комментариев нет:
Отправить комментарий