Որոշ դիտարկումներ ,,Հանրակրթության մասին,, օրենքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ
- Դպրոցը կունենա երկու ղեկավար
Բովանդակային-կրթական և վարչատնտեսական գործառույթների տարանջատումը, իմ կարծիքով, ճիշտ որոշում է, քանի որ մշտապես առաջանում են տնտեսական բազմաթիվ խնդիրներ, գործեր, և հաճախ տնօրենն ավելի շատ կենտրոնանում է տնտեսական աշխատանքի վրա, քան բովանդայային: Մեծամասամբ դպրոցներում բովանդակայինը երկրորդական դերում է, տնօրենն ավելի շատ վարչական գործառույթ կատարող է, այս փոփոխությամբ հնարավոր է իրավիճակը փոխվի:
Չնայած այստեղ էլ են առաջանում խնդիրներ. պետք է կոնկրետ ձևակերպվի և՛ տնօրենի , և՛ վարչատնտեսական ղեկավարի գործառույթները, որպեսզի տարվի համագործակցության, ոչ թե մրցակցության կամ անհանդուրժողականության: Հակառակ դեպքում լուծումը չի գործի, ավելի կսրի իրավիճակը:
- Տնօրենի նշանակումը
Նախարարի կողմից տնօրենի նշանակմանը բացարձակ կողմ չեմ, քանի որ անհասկանալի է, թե ինչի հիման վրա նախարարը պետք է նշանակի այս կամ այն թեկնածուին (մրցույթի ընթացակարգային փուլերը հաղթահարելուց բացի): Բացի այդ, կարևորում եմ դպրոցական Խորհրդի դերն այս հարցում և Խորհրդի գործուն առկայությունն առհասարակ, քանի որ սովորողները, ծնողները, ուսուցիչները ընտրությանը պետք է անմիջական մասնակցություն ունենան: Իսկ այս ձևով հարցին լուծում տալու փոխարեն լավ կլինի քայլեր ձեռնարկել դպրոցների Խորհուրդները գործող, կայացած կառույցներ դարձնելու ուղղությամբ: Դպրոցի տնօրենի ընտրությունը պետք է բաց, թափանցիկ ձևով արվի՝ տեսանելի և ակնհայտ ծնողական համայնքին և սովորողներին:
- Ներառականության ընդլայնում
Այս կետի հետ լրիվ համաձայն եմ, քանի որ ներառականությունը պետք է լինի համընդհանուր, չսահմանափակվի միայն որոշ առանձնահատկություններ ունեցող սովորողների համար, սակայն ավելի նախընտրելի կլիներ, եթե փոփոխության թելը տարվեր դեպի անհատականացված ուսուցում՝ յուրաքանչյուր սովորողի պարագայում իր անհատական ուսումնական պլանով՝ հիմքում ունենալով սովորողի առանձնահատկությունները:
Նաև նույն դասարանում լինում են ոչ միայն աուտիզմ կամ այլ ախտանիշ ունեցող սովորողներ, այլև բազմաթիվ հայրենադարձված սովորողներ՝ հայերենի տիարպետման ցածր մակարդակով, բազմաթիվ պատճառներով անհատական մոտեցման, կրթության հատուկ կարիք ունեցող այլ սովորողներ, ովքեր չունեն ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ:
- Տարակարգերի շնորհման և ատեստավորման կարգերում պատշաճ կարևորություն չի տրվում բովանդակային կողմին: Եթե չկան բովանդակային լուրջ փոփոխություններ, կարգում արված վերաշարադրումները ոչինչ չեն տալու: Բովանդակային կողմը պետք է ուղղված լինի ուսուցչի ինքնազարգացմանը, ինքնակրթությանը, դա ներկայացնելուն, հետազոտական աշխատանքին, մանկավարժական փորձի փոխանցմանը...
- Հանրակրթական պետական ծրագրի ուսումնական պլանը կազմված է պետական, դպրոցական և անհատական (ընտրովի) բաղադրիչներից: Այստեղ կենտրոնանամ դպրոցական և անհատական բաղադրիչների վրա: Հետաքրքիր ձևակերպում է, բայց արդյոք հնարավոր է մի կողմ թողնել արմատացած և քարացած կաղապաները և տրված կետերի հնարավորությանը նայել այլ տեսանկյունից: Դպրոցական բաղադրիչը հնարավորություն կտա ուսումնական հաստատությանը սահմանել այլ առարկաներ, որոնք ուղղված կլինեն օրինակ համյանքային դպրոցի ՝ սեփական համայնքի հնարավորությունները խորությամբ ուսումնասիրելուն, պրոդուկտ ստեղծելուն, անհատական բաղադրիչը՝ տարատեսակ նախագծային, հետազոտական գործունեության: Սակայն այս մասը միևնույնն է լայն բովանդակային պարզաբանման կարիք ունի, ձևակերպումը պետք է մղի կրթական հաստատություններին ավելի լայնահայաց նայելու ընձեռած հնարավորություններին:
Комментариев нет:
Отправить комментарий