вторник, 14 мая 2013 г.

Ճերմակ օձը /Գրիմ եղբայրներ/

Մեզանից շատ առաջ մի իմաստուն թագավոր է լինում։ Ոչ մի՛ բան չի մնում նրանից ծածուկ, ամենագաղտնի բաների մասին էլ կարծես թե քամին նրան տեղեկություն էր տալիս։ Էս թագավորը մի տարօրինակ սովորություն է ունենում, ամեն ճաշի, երբ սեղանը վեր են քաղում, ծառան մի ծածկած աման է ներս բերում, ու թագավորը ամանը բաց չի անում, մինչև որ ծաոան էլ չի գնում ու ինքը չի մնում մեն-մենակ։
Էսպես քաշում է բավական ժամանակ։ Մի անգամ էլ էս տանող ծառային էնպես մի հետաքրքրություն է տիրում, որ էլ չի կարողանում ինքն իրեն դիմադրի, ամանը առնում է տանում իրեն սենյակը։ Սենյակի դուռն զգույշ դնում է, ամանի խուփը ետ քաշում։ Տեսնում է միջին մի եփած ճերմակ օձ։ Էլ չի կարենում իրեն պահի, մի կտոր կտրում է դնում բերանը։ Լեզվին է տալիս թե չէ՝ հանկարծ պատուհանի տակիցը մի զվարթ ղըժվըժոց է լսվում։ Ականջ է դնում, տեսնում է ճնճղուկներն են, զրույց են անում, զանազան պատմություններ Են պատմում անտառներից ու դաշտերից։ Դու մի՛ ասիլ՝ էս մեր ծառան օձի միսն ուտելուն պես կենդանիների լեզուն հասկանալու շնորհք է ստացել։
Էնպես է պատահում, որ հենց էդ ժամանակ թագուհու հրաշալի մատանին կորչում է, ու կասկածն ընկնում է էս նույն հավատարիմ ծառայի վրա, որ ամեն տեղ ազատ ել ու մուտք ուներ։ Ասում են՝ կա չկա, սա է գողացել մատանին։
Թագավորը ծառային կանչում է իր մոտ, սպառնում, որ եթե մինչև մյուս օրը գողի անունը չի տա՝ գլուխը կթոչի։ Էս ծառան ինչքան երդում-կրակն է ընկնում, թե ինքն անմեղ է, բան չի դառնում։ Էսպես սպառնալիքով էլ բաց է թողնում ու մինչև մյուս օրը ժամանակ է տալիս։
Ահ ու դողով խեղճը բակն է իջնում, միտք է անում, թե ինչ անի, որ պրծնի էս փորձանքից։
Գնում է տեսնում բադերը բակում ջրափին հավաքված իրար կողք կտրած հանգստանում են։ Տափակ կտուցներով մաքրում են փետուրներն ու մի հետաքրքրական զրույց են անում։ Պատմում են, թե էսօր որը որտեղ է որոնել առավոտը ու ինչ համով կեր է գտել իր համար։ Մինը վեր է կալնում, թե.
— Իսկ ես ագահի նման կուլ տվի թագուհու մատանին, որ պատուհանի տակ ընկած էր, դրանից ստամոքսս մի տեսակ ծանր է, ճնշում է...
Ծառան տեղն ու տեղը վրա է թռչում էս ասող բադի վզիցը բռնում, վազում խոհանոց։ Խոարարին ասում է.
— Հապա մի էս բադը մորթի... բավական գիրացել է...
— Հա՛, ճիշտ ես ասում,— պատասխանում է խոհարարը, ձեռքին ծանր ու թեթև անելով,— ուտելու համար թավական նեղություն է տվել իրեն։ Խորոված անելու ժամանակն է։
Ասում է ու վիզը թռցնում։ Փորն իստակելիս ըհը՝, դուրս է գալիս թագուհու կորած մատանին։
Իհարկե սրանով էլ պարզվում է հավատարիմ ծառայի անմեղությունը։ Բայց որովհետև թագավորն էլ ուզում էր իր մեղքը մի տեսակ քավի, առաջարկում է նրան մի բան խնդրի, ինչ որ սիրտը կուզի։ Խոստանում է՝ պալատական ինչ պաշտոն էլ ուզի՝ տա։
Ծառան հրաժարվում է ամեն պատվից ու պաշտոնից, միայն խնդրում է, որ իրեն մի ձի տա, մի քիչ ծախսի փող, և ազատություն, որ գնա ճանապարհորդի, աշխարհք տեսնի։
Թագավորը համաձայնվում է, ձի էլ է տալիս, ճամփու ծախս էլ. ու մեր ծառան ճանապարհ է ընկնում գնում։
Գնում է, գնում, շատ է գնում թե քիչ, էդ էլ աստված գիտի, մի ջրի ափից անց կենալիս տեսնում է՝ երեք ձուկը, ոնց է եղել, ընկել են ափի ծանծաղուտը, եղեգնուտի մեջ թպրտում են ու անջուր տանջվում։ Թեկուզև ասած է «անխոս ձուկը», սակայն մեր հերոսը պարզ լսում է, թե իրեն տեսնելուն պես ինչպես են խոսում էն ձկներն ու գանգատվում իրենց դառը վախճանի վրա։
Էս որ լսում է, մեղքը գալիս է։ Ձիուց իջնում է, սրանց վեր առնում ետ ածում ջուրը։ Խեղճ կենդանիները ուրախ-ուրախ սուզվում են ջրի տակը, ապա գլխիկները դուրս են հանում ու կանչում. «Մենք քո արած լավությունը չենք մոռանա, ազնիվ տղա. երբևիցե մի օր էլ մենք քեզ պետքը կգանք»։
Երիտասարդը էստեղից վեր է կենում գնում։ Մի քիչ գնում է, մին էլ թվում է, թե հենց իրեն ոտների տակից մի բարակ, նվազ ձեն է գալիս։ Ներքև է նայում, տեսնում է մրջյունների մի բազմություն է ղժվըժում գետնի վրա, ականջ է դնում, որ խեղճերը սարսափած լաց են լինում ու էսպես խոսում.
— Ա՛խ, ինչ կլիներ, որ էս մարդիկ ու կոպիտ կենդանիները մեզնից հեռու ման գային։ Հիմի էս հիմար ձին, առանց ափսոսալու, իր ծանր սմբակներով կկոխկրտի իմ մարդկանց ու մեր բնակարանները։
Երիտասարդի մեղքն եկավ։ Ձիու գլուխը ծռեց դեպի կողքի շավիղը, իսկ մրջյունների թագավորը ետևից կանչեց. «Շնորհակալ եմ, բարի հոգի։ Թե աստված կտա, քո պարտքի տակ չենք մնալ մենք»։
Էն նեղ շավիղն էլ, որ բռնում է տղեն, դեպի անտառն էր տանում։ Անտառն է մտնում, տեսնում է՝ երկու պառավ ագռավ իրենց ճուտերին բներից ներքև են թափում ու կռավում են.
— Հենց միշտ հո մենք չենք ձեզ կերակրելու։ Գնացեք ձեզ համար կեր ճարեցեք, ապրեցեք։
Թշվառ ճուտերը խոտերի մեջ թափված, թևերին են անում ու խղճալի ճվճվում.
— Մենք խեղճ ճուտեր, փոքրիկ ձագեր,
Ո՞ւրտեղից գտնենք մեզ տեղ ու կեր,
Ոչ թև ունենք, ոչ բուն ունենք,
Մենք ո՞ւր գնանք, մենք ի՞նչ անենք...
Երիտասարդի մեղքը գալիս է. առանց երկար ու բարակ մտածելու ունեցած-չունեցած հացը հանում է, տալիս ագռավի ճուտերին, որ ուտեն։ «Շնորհակալ ենք,— կանչում են ագռավի ճուտերը։— Քո արած լավությունը մի օր ետ կվճարենք»։
Ու վեր է կենում երիտասարդը էստեղից ճամփա է ընկնում, գնում։ Գնում է, գնում, հասնում է մի մեծ քաղաք։ Տեսնում է՝ էս քաղաքում ժողովուրդն իրարով է անցել, լցվել փողոցները, մի անասելի-անպատմելի աղմուկ-աղաղակ, հարա-հրոց։ Մինն էլ ձին նստած՝ փողոցե-փողոց անց է կենում ու կանչում.
— Թագավորի աղջիկը իրեն համար փեսացու է ընտրում։ Ով ուզում է նրա փեսան դառնա՝ մի դժվար գործ պետք է կատարի, թե կատարեց՝ լավ, թե, չէ հո՝ գլուխը կթռչի։
Շատերն էին փորձել թագավորի աղջկա առաջարկը կատարել, միայն իրենց կյանքն էին զուր խորտակել։ Բայց մեր երիտասարդը հենց թագավորի աղջկանը տեսնում է թե չէ, էնպես է խելքը կորցնում նրա գեղեցկությունից, որ ամեն փորձանք ու ամեն վտանգ մտքիցը հանում է, գլխիցը ձեռք է քաշում, ներկայանում թագավորին, թե՝ քո աղջիկը ուզում եմ։
Էստեղից թագավորի հրամանով տղին տանում են ծովի ափը ու մի ոսկի մատանի գցում ծովի մեջ։ Թագավորն ասում է.
— Էս մատանին պետք է ծովի անդունդից հանես։ Թե հանեցիր, հո իմ աղջիկը քոնն է, թե չէ առանց մատանի լուս աշխարհք դուրս եկար, նորից կգցեն ծովը, մինչև որ կամ հանես, կամ խեղդվես։
Ամենքը ափսոսում են գեղեցիկ երիտասարդին, որ մենակ կանգնած էր ծովի ափին։ Ու ծովափին կանգնած՝ նա միտք է անում, թե՝ ինչ անեմ, տեր աստված։ Հենց էս ժամանակ տեսնում է ալիքների մեջ երեք ձուկը լողում են դեպ իրեն, էն երեք ձուկը, որոնց կյանքը ինքը փրկել էր մի ժամանակ։ Մեջտեղի ձուկը բերանում բռնած մի խեցի է բերում, բերում է, բերում, դնում երիտասարդի առաջին։ Երիտասարդը վերցնում է, տեսնում է՝ ոսկե մատանին մեջը։ Ուրախ-ուրախ մատանին առնում է, տանում տալիս թագավորին, էն հուսով, թե խոստացած պարգևը պիտի ստանա։ Բայց գոռոզ թագավորի աղջիկը հենց որ իմանում է, թե երիտասարդը ծագումով իրեն հավասարը չի՝ երեսը շուռ է տալիս ու մի նոր խնդիր առաջարկում։ Իջնում է այգին ու ինքն իր ձեռքով տասը տոպրակ կորեկ շաղ տալիս, ասում է.
— Մինչև էգուց առավոտ՝ արևի ծագումը, պետք է էս կորեկը հավաքես, էնպես, որ ոչ մինը չկորչի։ Թե հավաքեցիր, հո լավ, թե չէ՝ գլուխդ կթռչի։
Այգում նստում է ու միտք է անում երիտասարդը, թե ինչ հնար գործ դնի, որ կարողանա էս մի առաջարկն էլ գլուխ բերի։ Ոչ մի ճար ու հնար չի գտնում, ու տխուր-տրտում նստած սպասում է, թե հրես առավոտը լուսին կգան կտանեն գլուխը կտրել տալու։
Միտք է անում միտք, մինչև թմրում է, քունը հաղթում է ու էս մտքի մեջ էլ քնում է։ Առավոտը աչքը բաց է անում՝ որ տասը տոպրակ կորեկ կողք կողքի դիմհար տված առաջին շարած են, գետնին էլ մի հատիկ կորեկ չի մնացել։ Դու մի՛ ասիլ՝ էդ գիշեր մրջյունների թագավորն իր անթիվ ու անհամար մրջյուններով եկել է, ու երախտագետ մրջյունները շաղ տված կորեկը հավաքել են, լցրել տոպրակները՝ իրար կողքի շարել։
Թագավորի աղջիկն ինքն իր ոտով գալիս է այգին, իր աչքովը տեսնում է, որ երիտասարդը իր էս առաջարկն էլ է կատարել, զարմանում է, բայց իր գոռոզությունից չի կոտրվում, ասում է.
— Թեև երկու առաջարկս էլ կատարեցիր, բայց դու չես կարոդ դառնալ իմ ամուսինը, մինչև, ինձ համար չբերես կյանքի ծառի խնձորը։
Երիտասարդը իր օրումը լսած էլ չի լինում, թե ինչ բան է կյանքի ծառը կամ որտեղ է բուսնում։ Վեր է կենում, մի ճամփա ընկնում, գնում, թե՝ որտեղ դուրս կգամ՝ դուրս։
Գնում է աշխարհքե-աշխարհք անց է կենում, մի իրիկուն էլ մտնում է մի անտառ, հոգնած մի ծառի տակ նստում է ու ննջում։ Հանկարծ լսում է, որ գլխի վերևը ծառի տերևները խշխշում են։ Էս խշխշոցն ու վերևից մի ոսկի խնձորի իր բուռն ընկնելը մին է գինում։ Սրա հետ միաժամանակ երեք ագռավ ծառի ծերիցը թռչում իջնում են ծնկներին ու ասում.
— Մենք էն երեք ագռավների ձագերն ենք, որ դու մի ժամանակ սովամահից ազատեցիր։ Երբ մեծացանք ու իմացանք, որ դու կյանքի ծառի խնձորին ես ման գալիս, թռանք ծովերն անցկացանք, սարերն անցկացանք, հասանք աշխարհքի ծերը, ուր բուսնում է կյանքի ծառը, ու էս խնձորը բերինք քեզ համար։
Երիտասարդը ուրախանում, աշխարհքով մին է լինում, խնձորն առնում է ու բերում տալիս թագավորի աղջկանը։ Թագավորի աղջիկը խնձորն էլ որ տեսնում է, ասում է.
— Էլ խոսք չունեմ։
Խնձորը կես են անում, միասին ուտում ու էստեղ աղջկա սիրտը լցվում է սիրով դեպի երիտասարդը։ Ամուսնանում են ու երջանիկ, բախտով-թախտով միասին ապրում մինչև իրենց խորին ծերությունը։

Պատասխանել հարցերին
Ինչո՞ւ է վերնագրված <<Ճերմակ օձը>>:
Բնութագրի՛ր թագավորի աղջկան:
Ինչո՞ւ մրջյունները, ձկները և ագռավները օգնեցին տղային:



18 комментариев:

  1. Երանոսյան Մերի15 мая 2013 г. в 06:57

    1.Իմ կարծիքով <> վերնագրված է որովհետև թագավորի ծառան կերավ օձը և կարծես օձը կախարդական լիներ:
    2.Աղջիկը շատ գեղեցիկ էր,բայց շատ գոռոզ:Երբ տղան խնձորը բերեց աղջիկը լցվեց սիրով:
    3.Տղա շատ բարի և հոգատար էր,որ օգնեց բոլոր կենդանիներին,ինչով կարողացավ:Նա օգնեց մրջյուններին, ձկներին և ագռավներին:

    ОтветитьУдалить
  2. Գրիգոր Շաբոյան15 мая 2013 г. в 08:05

    1.Իմ կարծիքով հեքիաթը վերնագրված է <>, քանի որ ծառան հաղթահարեց բոլոր դժվարությունները և հասավ իր նպատակին, երբ նա հետաքրքրությունից դրդված բացեց թագավորի ամանի խուփը և մեջը տեսնելով եփած ճերմակ օձին, չդիմանալով, մի կտոր կերավ:Դրանից հետո նա սկսեց հասկանալ կենդանիների լեզուն:Կարծես թէ օձը կախարդական էր:
    2.Թագավորի աղջիկը եսասեր, մեծամիտ, ինքնահավան ու գոռոզ գեղեցկուհի էր:Նա չէր հավանում ոչ մի տղայի, և չցանկանալով ամուսնանալ առաջարկություն անող երիտասարդներին ստիպում էր անցնել փորձությունների միջով:Նա դաժան էր, քանի որ երիտասարդներին հանձնարարում էր կատարել այնպիսի բաներ, որոնք որ անհնարին էին, իսկ չկատարողներին պատժում էր գլուխը կտրելով:Միայն տղային հաջողվեց, ոսկե խնձորը գեղեցկուհուն տալուց հետո, նրա սիրտը լցնել սիրով:
    3.Մրջյունները, ձկները և ագռավները օգնեցին տղային, քանի որ ժամանակին տղան փրկել էր նրանց կյանքը. ափի ծանծաղուտում, եղեգնուտի մեջ թպրտացող ձկներին նետել էր ջուրը, թույլ չտվեց որպեսզի ձին իր ծանր սմբակներով անցներ մրջյունների տների վրայով, չտրորեր նրանց, կերակրել էր նաև ագռավի թշվառ ձագերին, որոնք սովամահ էին լինում:Տղայի բարությանը նրանք էլ հատուցեցին բարությամբ:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Արշակ Աբրահամյան15 мая 2013 г. в 09:26

      Շատ հետաքրքիր հեքիաթ էր ինձ շատ հետաքրքրեց օձը եվ թագավորը:

      Удалить
  3. Հերմինե Գրիգորյան15 мая 2013 г. в 09:14

    1. <> շատ լավ վերնագիր է, որովհետև օձը ուտելուց հետո տղան կարողացավ հասկանալ կենդանիների լեզուն:
    2. Թագավորի աղջիկ շատ գեղեցիկ էր և գոռոզամիտ, բայց հետո երբ նա հասկացավ թե ինչքան է նրան սիրում տղան միանգամից փոխվեց լինելով բարի:
    3. Մրջյունները, ձկները և ագռավները պարզապես հատուցեցին իր պարտքը չե որ տղան նրանց օգնեց և փրկեց մահից:
    Հերմինե Գրիգորյան

    ОтветитьУдалить
  4. Հայկ Հարությունյան15 мая 2013 г. в 10:23

    1)Վերնագիրը կոչվում է <>,որովհետև ծառան բացեց թագավորի ամանի խուփը և մեջը տեսավ Ճերմակ օձին:
    2)Թագավորի աղջիկը գեղեցիկ էր,ինքնահավան:Թագավորի աղջիկը նաև ոչ մի տղայի չէր հավանում:
    3)Մրջյունները, ձկները և ագռավները օգնեցին տղային,որովհետև տղան կենդանիներին
    փրկել էր մահից:

    ОтветитьУдалить
  5. 1.Որովհետև այն օձին որին նա կերել էր պոխեց իր կյանքը:
    2.Դաժան էր,գոռոզ,չար բայց գեղեցիկ:
    3.Օգնեցին որովհետև տղան մի ժամանակ փրկեց նրանց բոլորի կյանքերը:

    ОтветитьУдалить
  6. 1․Իմ կարծիքով վերնագրված է որովհետև տղան կերավ օձը և կարծես օձը կախարդական լիներ:
    2․Թագավորի աղջիկ շատ գեղեցիկ էր և գոռոզամիտ։
    3․Պարզապես հատուցեցին իր պարտքը չե որ տղան նրանց օգնեց և փրկեց մահից:

    ОтветитьУдалить
  7. 1.Իմ կարծիքով այդպես է վերնագված,որովհետև տղան կերավ օձը և դա նրա կյանքը փոխեց:

    2.Թագավորի աղջիկը շատ գեղեցիկ էր և գոռոզ:

    3.Ոևովհետև տղան նրանց օգնել էր նրանք էլ տղային օգնեցին:

    ОтветитьУдалить
  8. Ասքանազ Բաբայան
    1.Իմ կարծիքով վերնագրված է որովետև օձը կարծեսկախարդ լիներ:
    2.Թագավորի աջիկը գոռոզ,պարծենկոտ և գեղեցիկ էր:
    3.Մրջյունները, ձկները և ագռավները օգնեցին որովհետև տղանել նրանց էր օգնել:

    ОтветитьУдалить
  9. 1.Իմ կարծիքով վերնագրված է, որովետև տղան կերավ օձը և սկսեց կենդանիների լեզվով խոսել:
    2.Թագավորի աղջիկը գոռոզ էր և գեղեցիկ:

    ОтветитьУдалить
  10. 1.Իմ կարծիքով այդպես է վերնագված,որովհետև տղան կերավ օձը և դա նրա կյանքը փոխեց:2.Թագավորի աղջիկը շատ գեղեցիկ էր ու գոռոզ: Գևորգ

    ОтветитьУдалить
  11. 1.Որով հետև օձը իմաստուցյան խորրդանիշ է, իսկ ճերմակը արդարության:Տղան իր խելացիության և արդարւթյան շնորհիվ ամուսնացավ թագավորի աղջկա հետ:
    2.Թգավորի աղջիկը շատ բարի եր և ծորամանկ:
    3.Որով հետև տղան բոլորին փրկել եր:

    Գրելե Ռաֆայելը

    ОтветитьУдалить
  12. 1.Իմ կարծիքով, որովհետև տղան կերավ օձին և նրա կյանքը փոխվեց:
    2.Թագավորի աղջիկը գեղեցիկ էր բայց գոռոզ:
    3..Որովհետև տղան բոլորին փրկել եր:

    Անի

    ОтветитьУдалить
  13. 1.Որովհետև եթե ծառան սպիտակ օձից չուտեր,կենդանիների լեզուն չէր հասկանա,մատանու տեղը չէր իմանա և հեքիաթը ուրիշ կերպ կավարտվի:
    2.Թագավորի աղջիկը գոռոզ էր ու կամակոր:
    3.Որովհետև նրանց համար դժվար պահին,տղան իրենց օգնել է:

    Դավիթ Աթաբեկյան

    ОтветитьУдалить
  14. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  15. Ա. Վերնագրված է ճերմակ օձը որոհետև եթե ծառան չուտեր ճերմակ օձը, այդ ամենը չէր լինի:

    Բ. Թագավորի աղջիկը շատ դաժան և գոռոզ էր, բայց միաժամանակ շատ գեղեցիկ աղջիկ էր:

    Գ. Մրջյունները, ձկները և ագռավները օգնեցին նրան, որովհետև նա էլ նրանց էր օգնել:

    ОтветитьУдалить
  16. Ա. Վերնագրված է ճերմակ օձը,որովհետև նա ուտում է ոձից մի կտտոր և սկսում հասկանալ և օգնել կենդանիներին իսկ կենդանիները իրեն:

    Բ.Թագավորի աղջիկը շատ գոռոզ և անշնորք աղջիկ է:

    Գ.Տղան օգնել էր ձկներին,մրջյուններին և ագռավին,դրա համար էլ կենդանիները օգնեցին տղային:

    Դոնա Թովմասյան

    ОтветитьУдалить