воскресенье, 30 ноября 2014 г.

Ճամփորդական հետաքրքիր օր

Որ ճամփորդել սիրում եմ, արդեն ակնհայտ է: Դա ինձ համար էլ էր բացահայտում, որովհետև առաջ ամեն ճամփորդության գնալիս, ստիպված էի լինում երկար ժամանակ համոզել ինքս ինձ:  Իսկ հիմա ճամփորդությունն ինձ համար կյանքը գեղեցկացնող և հետաքրքիր դարձնող երևույթներից մեկն է:

Ճանապարհը մեզ տարավ Արտաշատ մայրաքաղաքի հնավայր, Խոր Վիրապ: Խոր Վիրապում երկրորդ անգամ էի: Երկուսն էլ տպավորիչ և հետաքրքիր էին: 
Առաջին անգամ գնացի Գեղարվեստի դպրոցի սովորողների հետ, երբ ինձ նոր էին նշանակել կազմակերպիչ: Աշուն էր, աշնան ամենագեղեցիկ օրերը: Այդքան պայծառ աշուն դեռ չէի տեսել: Սակայն այդ ճամփորդությունից մեր հիշողության մեջ ավելի շատ մնաց ոչ թե եկեղեցին, այլ մոտակա այգիներից մեկում մեր ֆուտբոլային խաղը: 

Այս անգամ մի փոքր այլ էր: Սովորողներն ավելի փոքր էին տարիքով, ուսուցիչները՝ անծանոթ /այն առումով, որ իրենց հետ դեռ չէի ճամփորդել/:  Ձմեռը մոտենում է, կարելի է ասել, որ հենց ձմեռ էր, բայց հին Արտաշատը դեռ ձմեռային քուն մտնելու մտադրություն չուներ: Եղանակը հրաշալի էր, վանքը՝ հյուրընկալ:
Յուրօրինակ  է Խոր Վիրապը, կառուցված է բարձրադիր վայրում /ինչպես Իվետան ասաց՝ 12 բլուրների վրա/:  Ես այն միայն վանք չէի համարի, անկասկած կարելի է ասել վանք-բերդ: Պարիսպներով, աշտարակներով, բարձրադիր դիրքով իսկական դժվարամատչելի բերդ կլիներ: 
Եկեղեցում շրջելուց հետո, մոտեցանք վիրապին /փոսին/, անցած անգամ չիջանք այն և շատ իզուր: Աննկարագրելի էր, երկաթե աստիճաններից մի կերպ բռնվեցինք և դանդաղ իջանք: Ներքևում բավականին մեծ տարածք էր, որտեղ մոտ քսան մարդ կտեղավորվեր: Տեսնելու շատ բան չկար, բայց փոսն իջնելն ինքնին հետաքրքիր էր:  Բարձրանալն ավելի դժվար էր, հատկապես երբ մարմինդ ծանր էր: 
Այուհետև շրջեցինք  և ուսումնասիրեցինք մոտակա բլուրները, բլրից վանքն երևում էր իր ամբողջ գեղեցկությամբ և վեհաշուք տեսք ուներ: 
Սովորեցինք, ուսումնասիրեցինք, նվաճեցինք, ճանաչեցինք մեր հայրենիքի ևս մի հատվածը: 

29.11.2014



Комментариев нет:

Отправить комментарий