Արամի մահից հետո Հայաստանի թագավոր է դառնում նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ Այդ ժամանակ Ասորեստանում դեռևս թագավորում էր Նինոսը, որը նույնպիսի արքայական շնորհների է արժանացնում Արային, ինչպես նրա հորը՝ Արամին։ Իսկ Նինոսի կինը՝ Շամիրամը, բազում տարիներ լսած լինելով Արայի անզուգական գեղեցկության մասին, ցանկանում էրտեսնել նրան, բայց ամուսնու ահից չէր համարձակվում իր ցանկությունն իրականացնել։
Երբ վախճանվում է Նինոսը, Շամիրամը չի կորցնում պահը, պատգամավորներ է առաքում Արա Գեղեցիկի մոտ, ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու պարգևների խոստումով խնդրում է Արային գալ Նինվե, կամ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել, կամ էլ իր ցանկությունը կատարել և մեծամեծ նվերներով ու խաղաղությամբ իր երկիրը վերադառնալ։ Շամիրամի պատգամավորները գալիս են Հայաստան, բայց Արան կտրականապես մերժում է Շամիրամի կամքը կատարել։ Պատգամագնացությունները կրկնվում են մի քանի անգամ՝ Շամիրամի նորանոր խոստումներով, հորդորներով ու աղաչանքներով, սակայն ամեն անգամ արժանանում են Արայի մերժմանը։
Երբ այդ բազում բանագնացությունները դառնում են անարդյունք, Շամիրամը սաստիկ զայրանում է, դադարեցնում է պատգամագնացությունը, զորք է հավաքում և շտապով մեկնում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։ Բայց նա շտապում է ոչ թե Արային սպանելու կամ հալածելու, այլ նրան իր ձեռքը գցելու, նվաճելու։
Շամիրամը փութով գալիս հասնում է Արայի դաշտը, որ հետագայում նրա անունով կոչվեց Այրարատ։ Այստեղ, ճակատամարտից առաջ, Շամիրամը պատվիրում է իր զորապետներին՝ ամեն կերպ ջանալ կենդանի պահել Արային։ Բայց մարտի ժամանակ Արայի զորքը կոտորվում է, Արան էլ ընկնում է պատերազմի դաշտում Շամիրամի կտրիճներից։
Հաղթությունից հետո Շամիրամ տիկինը ճակատամարտի վայրն է առաքում դիահավաքներին՝ դիակների մեջ փնտրելու Արային։ Արային գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։
Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել տիկին Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամը դիմում է նրանց, ասելով.
— Ես հրամայեցի իմ աստվածներին՝ նրա վերքերը լիզել, և նա կկենդանանա։
Շամիրամը հույս ուներ իր հմայական դյութությամր վերակենդանացնել Արային։ Բայց երբ դիակն սկսում է քայքայվել, Շամիրամը գաղտնի թաղում է Արային, իր զինվորներից մեկին հագցնում է Արայի զգեստները և լուր է տարածում, թե «Արալեզները Արային լիզելով վերակենդանացրին և մեր փափագն ու ցանկությունը կատարեցին։ Այսուհետև նրանք առավել ևս արժանի են մեր պաշտամունքին ու փառարանմանը»։
Շամիրամը արձան է կանգնեցնում Արային հարություն տվող աստվածների անունով և նրանց պատվին մեծամեծ զոհեր մատուցում։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը խաղաղեցնում է ժոդովրդի հուզմունքը։
Աղբյուրը՝ Սարգիս Հարությունյա ,,Հայ հին վիպաշխարհ,,
Комментариев нет:
Отправить комментарий