четверг, 1 ноября 2018 г.

Մեկ օր Չանախչիում

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ երիտասարդների սիրելի հեղինակը Սևակն է՝ իրական Չանախչիից ծնված, ժայռերի և քարափների մեջ մեծացած, զարմանալի բառ ու բան ունեցող, մինչև հոգու խորքը թափանցողը բանաստեղծը: Իրական Չանախչին տեսնելու և Սևակ կարդալու մտքով ընկանք ճանապարհ: Օրը տաք էր, աշնանային և գունառատ: Աշունը յուրքանչյուր ծառի վրա էր՝ ներկած տերևների և հասած մրգերի տեսքով: Հասանք Չանախչի (Զանգակատուն անվան հետ այդպես էլ չհաշտվեցի): Միանգամից գրավեց այս գյուղը՝ իր քարքարոտ ճանապարհներով, խնձորի ու ընկույզի ծառերով, վառ դեղին գույնով և մի տեսակ չկրկնվող բարեսրտությամբ: Ու քայլեցինք... Քայլեցինք դեպի Սուրբ Հովհաննես եկեղեցի՝ ընթացքում զրուցելով, ծանոթանալով բնակիչների, սովորողների, ուսուցիչների հետ: Սուրբ Հովհաննեսի բակում՝ դեղին տերևների մեջ գտա իմ համար պահված կարմրաթուշ խնձորը: 



Փոքրիկ, բայց գայթակղիչ եկեղեցում աղոթեցինք և երգեցինք: Աղոթք, որ բխում էր մեր սրտից և տարածվում փայտյա առաստաղի ներքո: 


Եվ նորից ճամփա ընկանք, քայլեցինք և բացահայտեցինք. ջրամբարը, ձորը, Արածո գետը,  մարդկանց... Փորձեցի ամենահամեղ ավելուկը՝ ընկույզով պատրաստված: Հավաքեցինք և մաքրեցինք գետի մի հատվածի շրջակայքը, հիացանք բնությամբ և ամեն քայլափոխի նորն ու գրավիչը նկատեցինք, առաջիկա անելիքներ պլանավորեցինք և խորհեցինք այս ու այն մասին, ժպտացինք...

Ետ իջանք գյուղ: Չանախչիում էլի եմ եղել, բայց այս անգամ բացահայտում էր Սևակի հայրական տունը, որն ամբողջությամբ ազգագրություն էր, եզակի նմուշ: Քարե հատակով, փայտյա առաստաղով, բացված երդիկով, հին գործիքներով կոլորիտային մի վայր, որը կարելի է դեռ երկար ուսումնասիրել, բացահայտել, սովորել: Ուշադիր զննեցի բոլոր իրերը, լսեցի բացատրությունը, և հասկացա, որ դա ավելի հարազատ էր, բովանդակալից, քան առանձնատունը, որտեղ գնացինք քիչ ուշ: 
Սիրում եմ գրական ակումբի քննարկումները, ընթերցումներ, էլ առավել, երբ դրանք արտագնա են կազմակերպվում: Նախորդ օրն, իհարկե, կարդացել էի և երկար փնտրտուքից հետո ընտրել անչափ սիրելի ,,Բեռան ներքո,,բանաստեղծությունը: Եվ երբ Սևակի տան այգու խոտերի մեջ նստած էինք, և յուրաքանչյուրն ընթերցում էր իր Սևակը, ես էլ իմն ասացի...
Օրն ամփոփեցինք ,,Սոնա յար,, երգով: 
Շնորհակալ եմ լավ օրվա համար: 

01.11.2018

Комментариев нет:

Отправить комментарий