Գյուղից դուրս գալիս ճանապարհը բաժանվում էր երեք մասի. Առաջինը տանում էր դեպի ծով, երկրորդը՝ քաղաք, իսկ երրորդը ոչ մի տեղ չէր տանում: Մարտինոն գիտեր դրա մասին, որովհետև բոլորին հարցրել էր, և բոլորն էլ նույն պատասխանն էին տվել:
-Այս ճանապա՞րհը: Այն ոչ մի տեղ չի տանում: Դրանով քայլելն անիմաստ է:
-Իսկ վերջում ո՞ւր ես հասնում:
-Ոչ մի տեղ էլ չես հասնում:
-Իսկ ինչո՞ւ են այն կառուցել:
-Այն ոչ ոք չի կառուցել, այն միշտ այստեղ է եղել:
-Բայց ի՜նչ համառն ես… Քեզ ասացինք, չէ՞, որ տեսնելու ոչինչ չկա…
-Եթե երբևէ այդ ճանապարհով չեք գնացել, ինչպես կարող եք իմանալ:
Մարտինոն այնքան համառ էր, որ նրան սկսեցին կոչել Համառ Մարտինո: Բայց նա չէր նեղանում և շարունակում էր մտածել ճանապարհի մասին, որը ոչ մի տեղ չէր տանում:
Երբ նա այնքան մեծացավ, որ կարողանում էր փողոցն անցնել առանց պապիկի ձեռքը բռնելու, մի առավոտ շատ վաղ վեր կացավ, դուրս եկավ գյուղից և առանց վարանելու քայլերն ուղղեց դեպի խորհրդավոր ճանապարհը՝
շարունակ առաջ քայլելով: Ճանապարհի վրա փոսեր շատ կային, տեղ-տեղ մոլախոտ էր աճել, բայց, բարեբախտաբար, երկար ժամանակ անձրև չէր տեղացել, և ջրափոսեր չէին գոյացել: Աջ ու ձախ կողմերում ցանկապատեր
էին, իսկ հետո սկսվեց անտառը: Ծառերի ճյուղերը ճանապարհի վերևում իանում էին. կարծես մութ ու խոնավ թունել լինել, որի միջով արևի ճառագայթները հազիվհազ թափանցում էին և ասես լապտերի լույսով լուսավորում ուղին:
Մարտինոն քայլում ու քայլում էր, բայց թունելը չէր վերջանում: Ճանապարհը կարծես անեզր էր, իսկ Մարտիոնայի ոտքերն արդեն ցավում էին, և նա սկսեց մտածել, որ ավելի լավ է վերադառնա, երբ հանկարծ մի շուն տեսավ:
,,Եթե այստեղ շուն կա, ուրեմն պետք է տուն էլ լինի կամ գոնե մարդ,,- մտածեց Մարինոն:
Շունը նրան ընդառաջ վազեց՝ պոչը շարժելով, և սկսեց լիզել ձեռքերը, հետո կենդանին առաջ ընկավ՝ ամեն քայալփոխին
հետ նայելով, որ տեսնի՝ արդյոք Մարինոն հետևում է իրեն, թե՞ ոչ:
-Գալիս եմ, գալիս,- ասաց Մարտինոն՝ հետաքրքրությունից այրվելով:
Վերջապես անտառը սկսեց նոսրանալ ,
վերևում նորից երևաց երկինքը, և ճանապարհը վերջացավ երկաթյա մեծ դարպասի մոտ:
Մարտինոն նայեց ցանկապատի արանքից և տեսավ վեր խոյացող ամրոցը, որի բոլոր դռներն ու պատուհանները լայն բացված էին, բոլոր ծխնելույզներից ծուխ էր դուրս գալիս, իսկ պատշգամբից մի հիասքանչ տիկին Մարտիոյնին ձեռքով էր անում և խանդավառությամբ կանչում.
-Արի, արի, Համառ Մարտինո:
-Այ քեզ բան,- ուրախացավ Մարտինոն.- նույնիսկ ես չգիտեի, թե ուր եմ հասել, իսկ նա, արի ու տես, ինձ ճանաչում է:
Մարտինոն բացեց դարպասի դուռը, անցավ զբոսայգու միջով և մտավ ամրոց: Նա խոնարհվեց գեղեցիկ տիկնոջ առջև, որն այդ պահին իջնում էր սանդուղքով: Կինը շատ գեղեցիկ էր, բոլոր տեսակ փերիներից ու արքայադուստրերից շատ ավելի լավ հագնված: Նա շատ ուրախ էր և ծիծաղելով հարցրեց.
-Ուրեմն դու այդպես էլ չհավատացիր, հա՞:
-Ինչի՞ն,- հարցրեց Մարտինոն:
-Ոչ մի տեղ չտանող ճանապարհի պատմությանը:
-Հիմար պատմություն էր, և հետո, ըստ իս, բոլոր ճանապարհներն էլ ինչ-որ տեղ տանում են:
-Իհարկե, միայն պետք է ցանկանաս տեսնել այդ վայրերը: Իսկ հիմա գնանք, քեզ ցույց տամ ամրոցը:
Ամրոցում ավելի քան հարյուր սրահներ կային՝ լի ամեն տեսակ գանձերով. Կային ադամանդներ, թանկարժեք քարեր, ոսկի, արծաթ: Եվ գեղեցիկ կինն անընդհատ կրկնում էր.
-Վերցրու, վերցրու, ինչ ուզում ես: Քեզ մի սայլակ կտամ, որ կարողանաս վերցրածդ հետդ տանել:
Հասկանալի է՝ Մարտինոյին երկար խնդրել հարկավոր չէր: Երբ նա մեկնում էր, սայլը լեփ-լեցուն էր: Նրան ուղեկցում էր մի շուն, բայց ոչ հասարակ, այլ շատ խելացի շուն, որը պահում էր սանձերը և հաչում ձիերի վրա, երբ նրանք ննջում էին կամ շեղվում ճանապարհից:
Գյուղում, որտեղ Համառ Մարտինոյին
արդեն մեռած էին համարում, նրան տեսնելով, անակնկալի եկան: Շունը բոլոր գանձերը իջեցրեց հրապարակում, ի նշան հրաժեշտի՝ երկու անգամ պոչը և անհետացավ՝ հետևից միայն փոշու ամպ թողնելով: Մարտինոն նվերներ բաժանեց բոլորին՝ և՛ ընկերներին, և՛ թշնամիներին:
Նա ստիպված էր մի հարյուր անգամ պտմել իր արկածների մասին, և ամեն անգամ, երբ վերջացնում էր, ինչ-որ մեկը դուրս էր վազում, ձի հեծնում և շտապում դեպի այն ճանապարհը, որը ոչ մի տեղ չէր տանում:
Բայց նույն գիշերն էլ մեկը մյուսի հետևից հիասթափված վերադառնում էին: Նրանց ասելով՝ ճանապարհն ավարտվում էր անտառի մեջտեղում՝ սաղարթախիտ
ծառերի կամ փշոտ մացառների պատնեշով: Չկար ո՛չ դարպաս, ո՛չ ամրոց, ո՛չ գեղեցիկ կին: Պատճառն այն է, որ այդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց, ովքեր առաջինն են բացում դեպի գանձերը տանող ճանապարհը: Մեր պատմության մեջ առաջինը Համառ Մարտինոն էր:
Առաջադրանքներ
Բնութագրի՛ր Մարտինոին:
Ինչո՞ւ Մարտինոն կարողացավ տեսնել ամրոցը և ստանալ գանձերը:
Մեկնաբանի՛ր այս միտքը՝ Պատճառն այն է, որ այդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց, ովքեր առաջինն են բացում դեպի գանձերը տանող ճանապարհը:
Комментариев нет:
Отправить комментарий