Աժդահակը Մարաստանի թագավորն էր և Տիգրանի դաշնակիցը։ Բայց Տիգրանը միաժամանակ դաշնակիցն էր Մարաստանի թշնամի պարսից Կյուրոս թագավորի։ Այս դաշնակցությունը շատ էր մտահոգում և անհանգստացնում Աժդահակին։
Մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել։
Աժդահակը այդ երազից սարսափահար, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսանալուն, շտապ կանչում է իր խորհրդակիցներին։ Երբ խորհրդակիցները հավաքվում են, Աժդահակը տրտում ու մտահոգ, հայացքը գետնին հառած, խոր թառանչ է արձակում։ Խորհրդակիցները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտանքով նրանց պատմում իր տեսած ահավոր երազը։
— Իմ սիրելիներ,— ասում է նա,— երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։
Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։
Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։
Ես հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայում էի այդ կնոջը։ Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազաններ։ Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձած՝ բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։
Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էին կանգնած նաև մեզ պսակող աստվածները՝ իրենց հրաշալի տեսքով, և ես, ձեզ հետ միասին, նրանց պատվում էի զոհերով և խնկով։ Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն վիշապ հեծած մարդուն, որ արծվի նման վայր սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել։
Կռիվը վերջացավ իմ կործանումով, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ։ Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում։
Խորհրդակիցները բազմաթիվ օգտակար մտքեր ու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է, ապա դիմելով նրանց ասում.
— Թշնամիներից զգուշանալու, նրանց մտադրությունը գուշակելու և նրանց կործանելու համար առհասարակ լավագույն ձևը սիրո միջոցով դավելն է։ Եվ քանի որ այդ միջոցն այժմ անհնարին է գործադրել, ապա, կարծում եմ, որ Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձևը նրա քրոջը՝ գեղեցկագույն և խոհեմ Տիգրանուհուն, կնության առնելն է։ Մեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կընձեռեն ազատ ու համարձակ երթևեկության, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով մատնեն մեր ձեռը։
Բարեկամներն այս խորհուրդը իմաստուն համարելով, անցնում են գործի։ Աժդահակը իր խորհրդակիցներից մեկին մեծ գանձ է տալիս և ուղարկում Տիգրանի մոտ, ուղարկում է նաև մի նամակ, որտեղ խնդրում էր նրա քրոջ՝ Տիգրանուհու ձեռքը։
Պատգամավորը գալիս է Տիգրանի մոտ, հանձնում նամակը։ Տիգրանը համաձայնում է իր գեղեցիկ քրոջը՝ Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին։ Աժդահակն ամուսնանում է Տիգրանուհու հետ և նրան իր կանանց մեջ առաջինն է դարձնում։ Պատճառը ոչ միայն իր նենգ մտադրությունն էր, այլև Տիգրանուհու անչափ գեղեցկությունը։
Աժդահակը իր թագավորության մեջ ամեն ինչ կատարում էր Տիգրանուհու կամքով ու ցանկությամբ, հրամայում է անգամ, որ բոլորը Տիգրանուհու հրամանին ենթարկվեն և ամեն ինչ կատարեն նրա ուզածի պես։
Աժդահակն այնուհետև սկսում է մեղմ շողոքորթությամբ Տիգրանուհուն տրամադրել եղբոր դեմ։
— Դու տեղյակ չես, — ասում է Աժդահակը,— որ քո եղբայր Տիգրանը կնոջ՝ Զարուհու դրդմամբ, նախանձում է քեզ Արյաց տիկին դառնալուդ համար։ Այս նախանձի հետևանքը կլինի իմ մահը, որից հետո Զարուհին ինքը կդառնա Արյաց վրա տիկին և աստվածուհիների տեղը կգրավի։ Այժմ ամեն ինչ քեզնից է կախված, կա՛մ պիտի լինես եղբայրասեր և հանձն առնես մեր խայտառակ կործանումը Արյաց առաջ, կամ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին:
Աժդահակի այս նենգ խոսքերի տակ թաքնված էր նաև մի սպառնալից ակնարկ, որ եթե Տիգրանուհին իր կամքի համաձայն չգործի, ապա նա կսպանվի։ Իսկ խորագետ Տիգրանուհին լավ կռահելով ամուսնու դավադիր մտադրությունը, մեղմ ու սիրալիր խոսքերով հանգստացնում է Աժդահակին, միաժամանակ մտերիմների միջոցով շտապ հայտնում եղբորը նրա դեմ նյութվող դավաճանության մասին։
Աժդահակն այնուհետև անցնում է իր խարդավանքի իրագործմանը։ Նա պատգամավորներ է առաքում Տիգրանի մոտ, առաջարկելով բարեկամական տեսակցություն՝ իրենց երկու պետությունների սահմանագլխին։
Տիգրանը նախապես տեղյակ լինելով Աժդահակի նենգ դիտավորությանը, նամակով բացահայտ գրում է նրա հոգում թաքցրած խարդախ խորհուրդների մասին։ Երբ այս ձևով ամեն ինչ բացահայտվում է: Եվ երկու տերությունների միջև ծայր է առնում լարված թշնամություն։
Տիգրանը սկսում է նախապատրաստվել պատերազմի։ Բայց Տիգրանը քրոջ Մարաստանում գտնվելու աատճառով պատերազմն առայժմ չի սկսում։ Այս լարված հակառակությունը տևում է մոտ հինգ ամիս, այդ ընթացքում Տիգրանին հաջողվում է իր սիրելի քրոջը՝ Տիգրանուհուն, հնարամտությամբ փրկել և ազատել Աժդահակի ձեռից։ Երբ այդ բանը հաջողվում է, Տիգրանը սկսում է պատերազմը։
Կռիվը տևում է բավական երկար, որովհետև քաջերը քաջերի հանդիպելով՝ մեկը մյուսին դյուրությամր թիկունք չէր դարձնում։ Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին։ Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքում է և եր նիզակը դուրս է քաշում՝ Աժդահակի թոքի կեսը մնում է զենքի ծայրին։
Կռիվն ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով։ Կռվից հետո Տիգրանը Տիգրանուհուն մեծ բազմությամբ և արքայավայել ուղարկում է իր անունով կառուցած Տիգրանակերտ քաղաքը և հրամայում շրջակա գավառները դնել քրոջ ծառայության տակ։
Комментариев нет:
Отправить комментарий