Իշխան ձուկ։ Ժամանակին Սևանա լճից միայն մի տեսակ սև ձուկ էր դուրս գալիս, որը վնասում էր ուտողին։ Այդ կողմերում ապրում էր Իշխան անունով մի մարդ, որը թողել էր իր աշխարհիկ կյանքը, դարձել ճգնավոր։ Իշխանը փայտից ձուկ է շինում, գցում ջուրը։ Ժամանակ անց նույն գետից սկսում է դուրս գալ մի նոր հրաշալի ու համեղ ձուկ, որը ճգնավորի անունով կոչվում է Իշխան։
Կրիան առաջ եղել է գող և շատ վարձ առնող ագահ ջրաղացպան։ Նա մի աղքատ մարդուց անչափ շատ վարձ է վերցնում, որից զայրացած աղքատը անիծում է նրան, ասում.
— Քեզ տեսնեմ էդ կոկոշը (աղուն կամ ալյուր չափելու դդմե աման) գլխիդ ման գալիս։
Աղքատի անեծքն անմիջապես կատարվում է, ջրաղացպանը դառնում է կրիա, գլխին՝ կոտ։
Կատու։ Նոյի տապանում գտնված ժամանակ առյուծը հանկարծ փռշտում է և քթից դուրս է ընկնում կատուն։ Դրա համար էլ կատուն շատ նման է առյուծի։
Արջը ժամանակին ջրաղացպան է եղել։ Բայց երբ շատ գողություններ է արել, աստված զայրացել է նրա վրա և արջ դարձրել։
Գայլ և շուն։ Կենդանիներին ստեղծելիս՝ աստված գայլին հոտառություն է տալիս, իսկ շանը՝ ուժ։ Գայլը հարձակվում է գոմեշի վրա, ուզում է նրան պատառոտել, բայց չի կարողանում։ Գայլը գնում է աստծո մոտ և հոտառության փոխարեն ուժ խնդրում։ Աստված առնում է գայլից հոտառությունը, տալիս է շանը, իսկ շան ուժն էլ տալիս է գայլին։
Սկզբում գայլերը բնակվելիս են եղել մարդկանց մոտ, իսկ շները՝ անտառում։ Մի անգամ շները խնդրում են գայլերին, որ թույլ տան իրենք մնան մարդկանց մոտ։ Գայլերը խղճում են հիվանդ շներին և թույլ են տալիս մարդկանց մոտ բնակվել։ Մարդիկ շներին շատ են դուր գալիս, և շներն այլևս չեն ուզում անտառ վերադառնալ։ Մինչև հիմա էլ գայլերը հարցնում են շներին.
— Առողջացաք, դե վերադարձեք։
Իսկ շները ոռնոցով պատասխանում են, որ իրենք դեռ չեն առողջացել և ուզում են մարդկանց մոտ մնալ։
Комментариев нет:
Отправить комментарий