среда, 17 декабря 2014 г.

Ամանոր /ավանդություններ, զրույցներ/

Նոր տարվա տոնակատարություններն սկիզբ են առել Բաբելոնում, մ. թ-ից 4 հզ. տարի առաջ: Այդ սովորույթը նրանցից փոխառել և հարևան ժողովուրդներին են փոխանցել հին եգիպտացիներն ու հռոմեացիները:
Նոր տարին հունվարի 1-ին նշվում է մ. թ. ա. 46 թ-ից, երբ Հռոմի Հուլիոս Կեսար կայսրը բարեփոխել է օրացույցն ու սկզբնավորել Հուլյան տոմարը: Բայց սեփական տոմար ունեցող ժողովուրդներն իրենց Նոր տարին նշել են տարբեր ժամանակներում` հիմնականում գարնան ու աշնան գիշերահավասարների, գարնանային զարթոնքի ու երկրագործական աշխատանքներն սկսելուն պես և այլն
Հին հայերը Նոր տարին նշել են Նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին), որը համընկնում էր մ. թ. ա. 2492 թ-ին Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի օրվան:
Նավասարդը և տոնական նվերները հայերն անվանել են նաև Կաղանդ ,Ձմեռ պապին` Կաղանդ պապ

1582 թ-ին՝ նոր՝ Գրիգորյան տոմարն ընդունելուց հետո, եվրոպական երկրներում տարին սկսել են հունվարի 1-ից, իսկ Ռուսաստանում` Պետրոս Մեծի հրամանագրով` 1700 թ-ից
Գրիգորյան տոմարը Ռուսաստանում ընդունվել է 1918 թ-ին. փետրվարի 1-ը փոխարինվել է փետրվարի 14-ով՝ արտաքին աշխարհի հետ օրացուցային տարբերությունները վերացնելու համար: Հայաստանում այդ բարեփոխումը կատարվել է խորհրդայնացումից հետո՝ 1920 թ-ի դեկտեմբերի 2-ին:
Հեռավոր, Միջին և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում (Չինաստան, Վիետնամ, Իրան, Աֆղանստան, Արաբական երկրներ) Նոր տարին նշում են լուսնային օրացույցով` ձմեռային գիշերահավասարին հաջորդող լուսնային ամսվա առաջին օրը, որը Գրիգորյան տոմարով համապատասխանում է հունվարի 21-ից փետրվարի 21-ը ընկած օրերից մեկին:

Ձմեռ պապը (Սանտա Կլաուս և այլն) Ծննդյան տոների և 
Նոր տարվա խորհրդանիշներից է. այցելում է տներ, մասնակցում 
տոնական հանդիսությունների և երեխաներին նվերներ է բաժանում:
Ձմեռ պապի նախատիպերը բազմազան են` տեղականթզուկներից մինչև միջնադարյան թափառական ժոնգլյորներն ու խաղալիք վաճառողները:
Բայց քրիստոնեության ընդունումից հետո եվրոպական բանահյուսության մեջ Ձմեռ պապի կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս սբ Նիկողայոսի (270–345 թթ.) վարքին, որը, ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունևորներին: Հայտնի է, օրինակ, մի խեղճ ընտանիքի 3 աղջիկներին օգնելու պատմությունը` նրանց պատուհանից աննկատ ոսկու կապոցիկներ ներս գցելով: Ասում են` այդպես է ձևավորվել բարեգործությունը:
Ձմեռ պապն արևելասլավոնական դիցաբանության մեջ ձմեռային սառնամանիքների տիրակալն է` կապույտ կամ կարմիր քուրքով, երկար ու սպիտակ մորուքով, տաք կաճյակներով (վալենկա) ու գավազանով: Ապրել է սառցե խրճիթում:  Ցուրտը ձմեռնամուտին վազում է դաշտերով, գավազանով հարվածում աջ ու ձախ և սանձահարում (սառեցնում) գետերն ու  լճերը:
Սկզբում Ձմեռ պապից վախեցել ու պաշտել են.  ձմեռային արևադարձի և գարնան գիշերահավասարի օրերին դուռ ու լուսամուտ լայն բացել են, որ նա անարգել տուն մտնի, նրան նվեր են տվել, սիրաշահել, հատուկ ուտելիք առանձնացրել, որպեսզի խնայի ցանքերը և ցրտահարությամբ չոչնցացնի
Ձմեռ պապի կերպարը ժամանակի ընթացքում տրամագծորեն շրջվել է. նա վերածվել է նվիրատուի և երեխաների ցանկալի հյուրի: Ավելին, Ձմեռ պապի կողքին  հայտնվել է նրա թոռնուհին՝ շիկահեր Ձյունանուշը, դարձել Ձմեռ պապի օգնականը:

2005 թ-ին Ռուսաստանում պաշտոնապես որոշել են Ձմեռ պապի ծննդյան օրը՝ նոյեմբերի 18-ը, և ծննդավայրը՝ Մեծ Ուստյուգը: Այդպես նախընտրել են երեխաները, որովհետև հենց այդ օրվանից են սկսվում սառնամանիքներն ու իսկական Ձմեռը Մեծ Ուստյուգում, որտեղից էլ Ձմեռ պապը  ճանապարհ է ընկնում իր ավանդական սահնակով:
Հին ժամանակներում, երբ Սանտա Կլաուսն ու Ձմեռ պապը դեռեւս Հայաստան չէին հասել, մեր նախնիները Նոր տարվա տոնը մեր պես չէին նշում։ Սակայն, «օտար» ձմեռային հրաշագործների բացակայության պատճառով Հայաստանում ամենևին էլ տխուր չի եղել։ Մեր հայկական հին Նոր տարին շատ գեղեցիկ մի առասպել ունի։

Հին առասպելի համաձայն հենց հունվարին է բնության աստված Ամատուրը սեր խոստովանել իր ապագա կնոջը՝ Ամանորին, ում պատվին էլ նոր տարվա տոնն անուն է ստացել։ Հետաքրքիր է, որ խոստովանության հետ մեկտեղ Ամատուրն իր սիրելիին խնձոր է նվիրել։ Եւ, ըստ ավանդույթի, ամանորյա գիշերը մարդիկ ներում էին միմյանց բոլոր վիրավորանքներն ու խնձոր էին նվիրում։ Հին հայերը երբեք տոնածառը փայլազարդերով չեն զարդարել։
Ընդունված է եղել կլոր գաթա թխել, որի կենտրոնում զեյթունի ճյուղ էին ամրացնում ու վրան չրեր ու ընկույզ էին կախում։ Հետո, երբ ճյուղից կախված հյուրասիրությունները վերջանում էին, ընտանիքի յուրաքանչյուր անդամ դրա վրա իր մազն էր կապում ու ճյուղը նետում էին թոնիրը, որպես ընտանիքի բոլոր անդամների երկարակեցության երաշխիք։ Իսկ փայլերով զարդարված տոնածառի փոխարեն հայուհիները չորացած խոտերից ու բույսերից ավանդական ծառ էին սարքում։
Մեր նախնիները նոր տարվա գիշերը սիրում էին իմանալ, թե ինչպիսին կլինի եկող տարին։ Այդպիսի «գուշակությունների» համար հարցի օբյեկտի ձևով հատուկ բլիթներ էին թխվում. եթե հերաքրքրում էր ֆինանսական հարցը, ապա բլիթը թխում էին քսակի տեսքով, եթե տնային կենդանու առողջության մասին՝ կովի տեսքով և այլն։ Եթե խմորը բարձրանում էր, նշանակում է տվյալ հարցում հաջողություն էր սպասվում։ Եւս մեկ հետաքրքիր հայկական սովորույթ էր սկսվում հունվարի մեկի գիշերը։ Տանտերը անտառից կոճղ էր բերում տունև մինչեւ Սուրբ ծննունդ տուն եկած յուրաքանչյուր հյուրը կոճղից կարող էր մի կտոր պոկել, այն գցել կրակի մեջ ու երազանք պահել։


Նավասարդյան խաղեր
Հին Հայաստանում տարեմուտին կազմակերպվում էին մարզական մրցումներ, որոնք կոչվում էին նավասարդյան խաղեր: Դրանք նաև համարվում էին տոնախմբություն, որովհետև անց էին կացվում մեծ հանդիսավորությամբ: Նավասարդյան տոնախմբությունները նվիրված էին Ամանոր աստծուն և տեղի էին ունենում օզոստոսի 11-ին:
Հին հունական օլիմպիական խաղերի նման Նավասարդյան տոնախմբության ժամանակ կազմակերպվում էին ոչ միայն արվեստի, գրականության, մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների մրցույթներ, այլև բազմազան մարզական խաղերի և տարբեր մարզաձևերի մրցումներ: Տոնախմբությանը մասնակցում էին գուսաններ, բանաստեղծներ, որոնք կատարում էին իրենց ստեղծագործությունները, անց էին կացվում նաև թատերախաղերի, պարերի և երգերի մրցություններ և այլն: Նավասարդյան տոնախմբության ժամանակ մարզիկները մրցում էին վազքից, հեռացատկից, սուսերամարտից, ըմբշամարտից, գնդակախաղերից, ձիարշավից և այլն:
Նավասարդի գլխավոր տոնակատարությունը տեղի էր ունենում Բագավանում:

Առաջադրանքներ
1. Ի՞նչ գիտես հին և նոր տոմարների մասին: /Եթե ոչինչ չգիտես, համացանցից գտիր տեղեկություններ/:

2.  Ինչպե՞ս են տոնում Ամանորն այլ երկրներում, Ամանորի մասին ի՞նչ ավանդույթներ կան տարածված: 

Комментариев нет:

Отправить комментарий