вторник, 7 июля 2015 г.

Աքրայում գտնված ձեռագիրը

Այս գիրքը համարում եմ Կոելյոյի լավագույն ստեղծագործությունը: Առաջին անգամ Կոելյոյի գրքերից կարդացի համալսարանական տարիներին, երբ նրա համբավը նոր էր տարածվում, շուրջբոլորը հիացած խոսքեր էին այս հեղինակի հասցեին: Առաջին գործը, որ կարդացի ,,Ալքիմիկոսն,, էր: Գիրքը դժվար էր գտնել , գտա միայն գրադարանում, որտեղից դուրս չէին թողնում և ստիպված էի կարդալ ձանձրալի ընթերցասրահում: Չեմ կարող ասել, որ գիրքն ինձ հիացրեց, ինչպես բոլորին, բայց յուօրինակ և տարբերվող մի բան կար: Առաջին հարցը, որ ինձ հետաքրքրեց՝ արդյոք հեղինակը մահմեդական է: Էլ ավելի զարմացա, երբ իմացա, որ սովորական քրիստոնյա է: Իրականում գրքում այնքան էր խոսվում մահմեդականության մասին, այնքան հաստակ էր բացատրված մակտուբ բառը, որ կասկածելը գուցե տեղին էր: Ինչևէ, այս գիրքը հետաքրքիր բացահայտում արեց ինձ համար ժանրի տեսակետից: 
Այնուհետև էլ ավելի հետաքրքրվելով հեղինակով՝ գնեցի ,,Տասնմեկ րոպե,, գիրքը, որի մասին շատ էին խոսում: Այս դեպքում գիրքը հակառակ տպավորությունը թողեց: Թեման բավականին պարզ էր, մեր օրերում շատերի համար գրավիչ, բայց  ես համարում եմ անիմաստություն այդ մասին գրելը: Գլխավոր հերոսուհու կերպարում անհեթության գաղափարն էր: Միակ գրավիչը բանը երևի թե բաց տեսարաններն էին: Կարծում եմ սա Կոելյոյի ամենապարզունակ գիրքն է:
Համացանցում մի փոքր փնտրելուց հետո գտա Կոելյոյի ,,Աքրայում գտնված ձեռագիրը,, գիրքը և որոշեցի թարգմանել: Եվ լավ է, որ շատ չէի թարգմանել, երբ պարզ դարձավ, որ գիրքը թարգմանվել է և տպագրվել: Որոշեցի կարդալ, չնայած վերջին տպավորությունս հեղինակից այնքան էլ հիանալի չէր: 
,,Աքրայում գտնված ձեռագիրը,, համարում եմ փիլիսոփայական մտքերի հավաքածու: Ամբողջ ժողովուրդը հավաքվել է հրապարակում և Ղպտին խոսում է նրանց հետ: Խոսում է մարդկանց հուզող պարզունակ հարցերից, որոնք իրականում մեծ գաղափարներ են պարունակում:  Միշտ դուրս եմ գրում հետաքրքիր միտք արտահայտող տողերը, բայց այս դեպքում նրանք այնքան շատ էին, որ որոշեցի ավելի լավ է գիրքն ունենալ ձեռքիդ տակ:  Ամեն դեպքում  ներկայացնում եմ այն տողերը, որոնք , վստահ եմ, ձեզ կդրդեն կարդալ այս գիրքը:
  • Գիտելիքը կյանքի ու մահվան մասին բացարձակ ճշմարտությունը չէ, այլ այն ինչ օգնում է մեզ ապրելու և  դիմակայելու առօրյա կյանքի մարտահրավերներին: Դա գրքային իմաստությունը չէ, որ ծառայում է սոսկ կատարվածի կամ կատարվելիքի մասին անօգուտ վիճաբանությունների նյութ տալուն, այլ այն իմաստը, որ բույն է դրել այն կանանց ու տղամարդկանց սրտերում, որ լի են բարի կամքով:
  • Ոչ ոք չգիտի, թե վաղը մեզ ինչ է սապասվում, քանի որ ամեն օր իր լավն ու վատն ունի:
  • Բնության շրջապտույտում չկա ո՛չ հաղթանակ, ո՛չ պարտություն, կամ միայն շարժում:
  • Հարցն այն չէ, թե ով ումից է ուժեղ, այլ թե ինչպես է Աստված մեզ ցույց տալիս մահվան և հարության շրջապտույտը: Ու այդ շրջապտույտում չկան ո՛չ հաղթողներ, ո՛չ պարտվողներ, կան միայն փուլեր, որ պետք է անցնես:
  • Ոչ թե ընկնելն է ահավոր, այլ հողին գերի դառնալը:
  • Համբերատար սպասել գործելու ճիշտ պահին: Լինել այնքան իմաստուն, որ  հաջորդ հնարավորությունը բաց չթողնես: Եվ հպարտանալ սեփական սպիներով: Սպիները շատ ավելի խոսուն են, քան այն սուսերի շեղբը, որից առաջ են եկել:
  • Պարտությունն ավարտվում է այն պահին, երբ նոր մարտ ենք սկսում: Ձախողումն ավարտ չունի, այն ցմահ ընտրություն է:
  • Մենությունը ոչ թե սիրո բացակայությունն է, այլ նրա ուղեկիցը:
  • Մենությունից է ,  երբ մեր հոգին ազատ զրուցում է մեզ հետ և օգնում մեր կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնել:
  • Կյանքի ամենակարևոր պահերին միշտ մենակ ենք լինելու:
  • Մի՛ փորձիր օգտակար լինել: Աշխատի՛ր լինել այն, ինչ կաս: Դրանով ես դու տարբերվում:
  • Եթե հարկավոր լինի փոքր փոփոխություն կանենք, որպեսզի ամեն ինչ նույնը մնա:
  • ,,Դժվարություն,, ահա այն հնամենի գործիքի անունը, որ ստեղծվել է նրա համար, որ օգնի ճանաչել ինքներս մեզ:
  • Վերափոխումը ստիպում է մեզ սիրել անհայտությունը:
  • Աշխարհն այնպիսին է, ինչպիսին մենք այն պատկերացնում:
  • Գեղեցիկը ոչ թե նմանության մեջ է, այլ տարբերության:
  • Խղճահարության են արժանի նրանք, ովքեր մտածում են. ,,Ես գեղեցիկ չեմ, որովհետև Սերն իմ դուռը չի թակել,,: Իրականում Սերը թակել է, բայց նրանք չեն բացել, որովհետև պատրաստ չեն եղել ընդունելու:
  • Սիրո արտաբերած բառերը լսելու համար պետք է թույլ տանք, որ մոտենա:
  • Սիրում ենք, որովհետև պետք է սիրենք:
  • Ավելի լավ է սիրես ու կորցնես, քան երբևէ չսիրես:
  • Ոչ ոք չի կարող ետ դառնալ, բայց բոլորը կարող են առաջ գնալ:
  • Հաջողությունն այն է, երբ ամեն գիշեր կարող ես խաղաղ սրտով գլուխդ դնել բարձին:
  • Տագնապը սիրո մի մասն է և այն անհնար է փոխել:
  • Ապրել նշանակում է համարձակություն դրսևորել:
  • Իրական հերոսը նա չի, որ ծնվել է մեծ սխրանքներ գործելու համար, այլ նա, ով կարողանում է փոքր քայլերով իրեն հավատարիմ մարդկանցով շրջապատել:
07.07.2015

Комментариев нет:

Отправить комментарий