,,Ֆրեսկո,, միջազգային կինոփառատոնի մասին համարյա ոչինչ չգիտեի, բայց որոշեցի անպայման մասնակցել նրանց կազմակերպած վրանային ճամբարին: Ցանկությունս առավել մեծ էր, որովհետև ճամբարն անցկացվելու էր Հառիճավանքում, որտեղ դեռ չէի եղել: Տարիներ առաջ , երբ նոր էի ընդունվել կրթահամալիր, դպրոցից ուսուցիչների մի մեծ խումբ գնում էր Հառիճ, բայց ինձ չհաջողվեց գնալ, պատճառներին չեմ անդրադառնում: Ամեն դեպքում միշտ հիշում էի, որ Հառիճում չեմ եղել և պետք է բացը լրացնել: Օրը այնքան էլ հարմար չէր. չեմ պատմի ճամփորդությունից առաջ հանձնածս դիպլոմային աշխատանքի մասին:
Ճիշտ ժամին տեղում էինք, սակայն միայն մենք էինք տեղում...Ստիպված եղանք սպասել առանց չափազանցնելու երկու ժամ: Բնականաբար, այս հանգամանքը փոխեց մեր վերաբերմունքը դեպի անպարտաճանաչություն: Ուշանալն էլ եզրակացնում է շեղում ծրագրից: Փոխադրող տրանսպորտը շատ հարմար էր, նոր մարդիկ, հետաքրքիր միջավայր... ստեղծված տպավորությունը մի փոքր չեզոքացավ: Էլ ավելի լավ զգացինք մեզ, երբ կանգ առանք Ապարանում՝ Գնթունիքի մոտ: Այս սուպերմարկետի մասին լսած կլինեք, իր տարբերակով, կարծում եմ, հանրապետությունում նմանը չունի: Ինձ հատկապես գրավեց , թե ինչպես էր հացթուխը թոնրի միջից հանում հացը, գրթե ամբողջությամբ մտնում էր թոնրի մեջ: Զարմանալին այն էր, որ դուրս էր գալիս առանց վառվելու:
Վերջապես հասանք: Անկազմակերպ վիճակի մասին չեմ խոսում: Հառիճավանքը բավական հետաքրքիր էր և յուօրինակ: Վանահոր հետ շրջեցինք եկեղեցում, և ես ինձ համար մի քանի բացահայտում արեցի: Առաջինն այն էր, որ եկեղեցու շրջակայքում տեսնում էի խոր փոսեր, իսկ երբ մտանք եկեղեցի Տեր Հայրը կանգնեց գորգով ծածկված մի հատվածում և ասաց, որ այդ մասում է գտնում գաղտնի գետնանցումը, որով լիքն է տեղանքը: Փաստորեն այդ անցումը ելք է ունեցել դեպի ժայռի ստորին հատվածը՝ եկեղեցուց հեռու: Այստեղ են թաքցրել եկեղեցու հարստությունը, մարդկանց, պաշարման ժամանակ կարողացել են գաղտնի գետից ջուր բերել կամ հեռանալ ժայռերի միջով: Եկրորդը եկեղեցու զարմանալի քանդակներն էին, որոնք հիասքանչ լինելուց բացի միանման չէին: Պատերին պահպանվել էին նաև արձանագրություններ, թե որ իշխանը ինչ է նվիրել վանքին: Այ երկար ժամանակ ունենայիր և օրերով հետազոտեիր գրությունները:
Երրորդ բացահայտումը եկեղեցու գմբթեն էր, որ նույնպես տարբերվող էր և միաժամանակ տարօրինակ: Փաստորեն քարերի ագուցված այդ ձևը, որ ես տեսա /Տե՛ս կից նկարում/ հնարավորություն էր տալիս, որ գմբեթը կանգուն մնա նույնիսկ եթե չլինեն սյուները: Այսինքն գմբեթի ծանրությունը հենց քարերի ձևի շնորհիվ կախված չէ սյուներից: Տեր հայրը պատմեց, որ ժամանակին Յուսուֆ փաշան հրամայել է եզներ լծել սյուներից և խոնարհել եկեղեցին: Չի հաջողվել փլցնել անգամ սյուները, չնայած եթե նույնիսկ նրան հաջողվեր, միևնույնն է եկեղեցու գմբեթը չէր խոնարհվի:
Եկեղեցին մութ էր և խոնավ: Ներսում երկար չմնացինք: Այդ ընթացքում մյուսներն արդեն տեղադրել էին վրանները: Հիանալի տեսարանն էր. եկեղեցու շուրջը տասնյակ փոքրիկ վրաններ: Ընդհանրապես ճամբարի գաղափարը շատ հետաքրքիր էր, պետք էր ընդամենը մի քիչ պարտաճանաչություն: Կազմակերպվեց ավազանկարչության, այսպես կոչեմ, սեանս, նկարների ցուցահանդես և ֆիլմի դիտում: Ես ընդամենը մի ֆիլմ նայեցի, լեզուն չէի հասկանում, բայց սյուժեն մի փոքր կներկայացնեմ: Աֆրիկայից բազմաթիվ մարդիկ գաղթում են Եվրոպա, սակայն մինչև վերջ չեն հասնում, նավերը խորտակվում են, մարդիկ մահանում են: Միայն քչերին է հաջողվում հաղթահարել: Մահացածների մարմինները նույնիսկ դուրս չեն բերում ջրից, և ջրային որոշակի հատվածներ դառնում են գերեզմանոց: ,,Մուհամեդը և ծովը,, ֆիլմը վավերագրական էր, բարձրացնում էր մի խնդիրը, որն , ըստ իս, այսօր չափազանց արդիական է: Մի կողմից Աֆրիկայից գաղթողները փոխում են Եվրոպական երկրների էթնիկ կազմը, ազգայնամոլության տեսանկյունից դա ընդհանրապես անթույլատրելի է: Մյուս կողմից՝ մի՞թե մարդկային է, որ 21-րդ դարում այդքան մարդ խեղդվի ծովում և ոչինչ չարվի, ինչո՞ւ են մարդիկ գաղթում Աֆրիկայից... Սրանք հարցեր են, որոնց պատասխանելը բարդ է...
Հսկայական էկրանը կախված էր հենց եկեղեցու պատին, գիշերը էկրանից եկող լույսի նեքո էլ ավելի խորհրդավոր էր երևում Հառիճավանքը:
Մենք գիշերեցինք եկեղեցու հյուրատանը: Չէի ասի, թե շատ էր տարբերվում միջնադարյան խցերից, երևի թե վերանորոգված էր, գուցե դրանով: Ես շատ պահանջկոտ չեմ, ուղղակի հյուրատուն լույս թափանցում էր միայն փոքրիկ վանդակ հիշեցնող լուսամուտներից:
Իրականում մեկ օրը շատ քիչ է, որպեսզի մտերմանաս ճամբարի այլ մասնակիցների հետ, դրա համար մի քիչ երկար ժամանակ է պահանջվում: Այնուամենայնիվ, կարծում եմ, ,,Ֆրեսկո,, փառատոնը հրաշալի նախագիծ է իրականացնում ՝,,Ֆիլմերի դիտում մշակութային վայրերում,,: Ավելացնեմ, որ սեբաստացիներն իրենց դրսևորեցին ըստ արժանվույն, երգեցին, հարցեր տվեցին... Ինչպես ճամբարակններից մեկը զարմացած ասաց. ,,Ապե, ո՞ւմ հարցրի երգի դասատու չէր, բայց բոլորը երգում են,,: Դե , երևի նա չգիտեր, որ այդպիսին են բոլոր սեբաստացիները:
Հաջորդ օրը վերադարձանք Երևան...
02.07.2015
Комментариев нет:
Отправить комментарий