четверг, 30 ноября 2023 г.

Արծիվը

Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։ Եվ նրա երեք փոքրիկ ճուտերը միանգամայն գոհ էին։ Նրանց համար դրանից լավ բուն աշխարհքումն էլ չկար։ Դեռ նոր ձվից դուրս եկած՝ իրարու սեղմ կպած նստած էին նրանք։ Հենց արևը ծագեց թե չէ՝ նրանք իրենց գլխիկները բնիցը դուրս հանեցին ու զարմացած նայեցին աստուծո աշխարհքին, և աշխարհքը նրանց թվաց հրաշալի։ Ներքևում հեռո՜ւ, հեռո՜ւ տարածվում էր անսահման տափակ հարթավայրը։ 
Միակե՜րպ, միակերպ․ միայն արմինայի փոքրիկ թփերն էին բծավորում նրա երեսը։ Երբեմն դաշտային ճագարներն ու շներն էին այստեղ-այնտեղ երևում ու թաքնվում սեզերում։ Եվ չէին հասկանում արծվի ճուտերը, թե ինչու էին իրենց սրտերը հուզվում ու թրթռում էն փոքրիկ վազող գազաններին տեսնելիս։ Հեռու հարավում հորիզոնի վրա երևում էր մի նեղ շերտ՝ մին բաց մոխրագույն, մին կապտավուն։ Սկզբում ձագուկները չէին իմանում, թե էն ինչ բան էր․ բայց երբ աչքները զորացավ ու կտրեց, տեսան, որ գետ էր։ Հենց այն գետիցն էր մայրը
նրանց համար համեղ ձուկը բերում։ Ուշի ուշով դիտում էին արծվիկներն ամեն բան իրենց շուրջը, ծանոթանում էին իրենց շրջապատող աշխարհքի հետ։ Երբ որ հոգնում էին բնությունը դիտելուց, թռած գալիս էր մայրը իրիկվան ընթրիքով։ Կուշտ–կուշտ ուտելուց հետո քաղցր քնում էին նրա թևերի տակ։
էսպես անցավ ժամանակն, ու մեծացան փոքրիկ արծվիկները։ Նրանցից մինը դուրս եկավ ամենից մեծն ու ամենից ուժեղը։ Նա խելոք էլ էր մյուսներից, շատ էր մտածում չորս կողմի ամեն բանի վրա ու միշտ հարցնում էր մորը, թե ինչ տեսակ տեղեր են, որ նա գնում է։ Մայր արծիվը պարծենում էր իր զավակով, հավատում էր, որ նա ժամանակին դառնալու էր ամենամեծն արծիվներից։ Ու տվեց նրան մեծ ռազմիկ արծվի անունը՝ Թառլան, և պատմում էր ամեն բան, ինչ որ տեսել կամ լսել էր իր կյանքում։
Մի անգամ էլ, երբ Թառլանը սովորել էր մագլցել ժայռերով, հասավ իր մորը, որ թևերը ծալած նստած էր բարձր, սրածայր ժայռի կատարին։ Մայրը չնկատեց նրա մոտենալը, անթարթ նայում էր հեռու։
— Մայրիկ,— ասավ Թառլանը,— պատմիր ինձ հայրիկի մասին։
Մայրիկը տխուր էր ու լուռ։
— Մայրի՛կ, պատմիր ինձ հայրիկի մասին,— կրկնեց Թառլանը։
— Լավ, իմ քաջ Թառլան,— խոսեց մայրը,— կպատմեմ քո հոր մասին։ Էնտեղ, ներքև մի արարած է ապրում, որ մարդ են ասում։ Չար ու կատաղի արարած է նա։ Ոչ մի շունչ կենդանի չի ազատվում նրա խստությունից։ Ումևէ կյանքից զրկելը նրանց մեջ համարվում է քաջագործություն։ Սպանելու համար նրանք մի զարմանալի գործիք ունին, որ զարկում է շատ հեռվից։ Մի անգամ ձեր հայրը որսից տուն էր վերադառնում։ Ես տեսա, թե ինչպես նա սկզբում դեռ թռչում էր բարձր ամպերի տակ, հետո, թռիչքը մեղմելով, սկսեց ներքև իջնել։ Մին էլ հանկարծ ներքև, երկրի երեսին բարձրացավ մի փոքրիկ ամպի նման սիպտակ ծուխ, ետևից մի տարօրինակ կարճ ճայթյուն, ու հայրդ թևերը թափահարելով սկսեց ընկնել, ընկնել ցած ու ցած։
Քարի կտորի նման գետին ընկավ իմ հպարտ, արքայական ամուսինը ու․․․ էն ընկնելն էր, որ ընկավ։
Էստեղ լռեց մայր արծիվը, ու երկար իրար կողքի նստած էին մեր ու որդի։ Թառլանը չէր խոսում, բայց աչքերը վառվում էին, սիրտն էր ընկել մարդու ահն ու ատելությունը։ Ազատ, վայրենի հավքը առել էր իր մահացու թշնամու հոտը։
— Թառլան, դու շատ ես նման քո հորը,— նորից խոսեց մայրը,— իսկ հայրդ ամենահզորն էր արծիվների մեջ։ Դու կլինես հզոր ու գեղեցիկ նրա պես, բայց լսիր, զավակս, չմոտենաս, երբեք չմոտենաս մարդկային բնակարանի, որովհետև մարդ ասված հրեշի չարությանն ու խորամանկությանը չավ ու սահման չկա։ Միտդ պահիր, ինչ որ ասում եմ քեզ։
— Միտս կպահեմ, մայրիկ։
Մի քանի ժամանակից Թառլանը սկսեց թռչել սովորել։ Օր օրի վրա ուժեղանում էր ու մեծանում։ Թևերն աճում էին ու ամրանում։ Մայրը նրա հետ փոքրիկ զբոսանքներ էր անում։ Հետզհետե երկարում էին այդ զբոսանքները։ Մի օր էլ, երբ մայրը թռավ դեպի գետը, նա էլ թոավ մոր հետ։ Էստեղ մայրը նրան սովորեցրեց ձուկ բռնելը։ Ու․․․ ձուկ բռնելում էն տեսակ ճարպիկություն ցույց տվավ ու էնպես տարվեց, որ էլ չէր ուզում տուն վերադառնա։ Դրանից հետո ամբողջ գիշերը երազում էր նա, թե ինչ մեծամեծ գործեր պիտի կատարի, երր մեծանա, դառնա հզոր, հասուն արծիվ ու թողնի մայրական բունը։ Ամբողջ գիշերը երազում էր արձակ գետը, ու առափնյա ալիքների ճղփյունը օրորում էր նրան։ Ու ամբողջ գիշեր Թառլանը չկարաց քնի։
Սրանից հետո շաւո ժամանակ չանցած՝ Թառլանը թողեց մայրական բունը։ Թափահարեց իր ուժեղ թևերն ու սլացավ դեպի հարավ-արևմուտք, հեռո՜ւ, հեռո՜ւ։ Անցավ անջուր անապատների ահռելի տարածությունների վերևից, թավուտ, կուսական անտառների գլխներից, ճախրեց ձյունապատ սարերի վայրի գագաթներից, իջավ գեղազարդ հովիտներ։ Հովիտներում տեղ-տեղ նա նկատում էր տարօրինակ առարկաներ, որ սկզբում խոշոր քարերի տեղ էր դնում, բայց շուտով հասկացավ, որ խրճիթներ էին՝ մարդու բնակարանը։
[ էջ ]
Նա թռչում էր բարձր՝ նրանց վերևից և միայն զարմանում էր, թե ինչու են ներքև մարդիկ խմբվում ու ձեռքերով ցույց տալիս վերև՝ դեպի երկինքը։ Նրա մտքովը չէր էլ անցնում, թե ինքը դարձել էր մեծ ու հզոր արծիվ, և թե իրեն վրա էին հիանում մարդիկ։
Ճանապարհը շարունակելով դեպի արևմուտք՝ հասավ մի գետի, որի նմանը չէր տեսել իր օրում։ Էնքան լայն գետ էր, որ ասես թե մյուս ափը չկար։ Ալիքները գոռալով դիպչում էին ափի ժայռին ու փշրվում՝ չորս կողմը զարկելով աղի ջրի փրփրուն ցայտերը։ Սակայն շուտով իմացավ Թառլանը, որ էն ծովն էր։ Նա մնաց էնտեղ, կապվեց ծովի հետ, սիրեց նրա անսահման ընդարձակությունը ու իրեն ապաստարան ընտրեց ծովափնյա ժայռը։
Պատահում էր, որ էստեղ էին գալիս և ուրիշ արծիվներ ու հետը կռվի էին բռնվում որսի համար։ Նա միշտ հաղթող էր դուրս գալիս, ամենիցն էլ ուժեղ ու սրաթռիչ։
Մի անգամ էլ, երբ Թառլանը ձուկն էր բռնում, մի տարօրինակ անծանոթ զգացմունք տիրեց նրան։ Օրեցօր զորացավ էն զգացմունքը, հետզհետե տխրեց․․․ ու գլխի ընկավ, որ հայրենիքի կարոտն էր տանջում, քաշում իրեն։ Անուշ ու քնքուշ կանչում էր նրան ծովի ձենը, բայց ավելի ուժեղ էր անապատի խոր կանչը։ Ավելի ու ավելի համառ օր ու գիշեր նրա ականջում հնչում էր էն կոչը։ Վերջապես Թառլանն էլ չդիմացավ ու թռավ դեպի հյուսիս-արևելք։ Շատ օրեր տևեց նրա թռիչքը, և ահա հյուսիսում երևացին հայրենի ժայռերը, ուր մի ժամանակ անց էր կացրել իր ջահելությունը։ Ներքև՝ դաշտում, նրա բացակայությանը, մարդիկ շինել էին իրենց բնակարանները։ Եր մոր խրատը հիշելով՝ նա թռավ նրանց վերևից։ Հուզմունքով մոտեցավ էնտեղին, ուր առաջին անգամ աչքը բաց էր արել ու լուս աշխարհքը տեսել։ Բայց հին բունը չկար։ Նրա տեղը գտավ նորը՝ մեջը երեք ձու։ Մենակի տխուր զգացմունքով հեռացավ Թառլանը հարազատ վայրերից՝ միտը բերելով իր մորն ու եղբայրներին։ Էլ չվերադարձավ դեպի ծովը, շարունակ թափառում էր մի տեղից մի տեղ։
Մի անգամ էլ էնպես պատահեց, որ Թառլանը անտառի բերանով թռչելիս մի փոքրիկ փոսի մեջ տեսավ մի կենդանի
ճագար։ Գետնին զարկած ցցին կապված՝ նա աշխատում էր, որ ազատվի։ Շեշտակի սլացավ արծիվը որսի վրա։ Բայց ազատության մեջ մեծացած վայրենի հավքը չէր իմանում մարդու բոլոր խորամանկ հնարքները, բոլոր նենգամտությունը։ Չէր նկատել բարակ ցանցը, որ պատում էր ճագարին։ Հենց ուզեց նրան ճանկի՝ զգաց, որ ցանցը փաթաթվեց իր թևերին։ Ազատ արծիվը գերի բռնվեց։ Զուր էին ազատվելու բոլոր ջանքերը։ Ամեն մի շարժման հետ պինդ թոկը ամուր ու ամուր պատում էր նրան։ Էս ժամանակ մոտիկ քարի ետևից դուրս նայեց թուխ հնդիկ տղան։ Նրա աչքերը փայլում էին ուրախությունից։ Թառլանը տխուր ծղրտաց, ուզեց թևերը թափահարի՝ չկարողացավ․․․ Օրհասական տագնապի մեջ կայծակի արագությամբ նրա միտն եկան ու անցան մայրենի ժայռերն ու մոր պատմությունը. — Քո հայրը, Թառլան, մի հզոր արծիվ էր․․․ Զգուշացիր մարդ ասված հրեշից, երբեք չմոտենաս նրանց բնակարանին․․․ Միտդ պահիր, Թառլան, ինչ որ ասում եմ քեզ․․․
Հեղինակը՝ Մ․ Բրոուն

Առաջադրանքներ
Պատմվածքի բառերից օգտվելով նկարագրի արծվի բույնը:
Պատմվածքից դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
Պատմվածքից վերաբերյալ գրի՛ր քո կարծիքը։ 

Комментариев нет:

Отправить комментарий