Շոգենավը ժայռապորտից հավաքեց խարիսխները, ուղղություն առավ դեպի Պոլիս, ժայռ ու ափից այն կողմ թողնելով Չիֆթե-Հաֆուզ զբոսավայրը՝ ծառ ու ջրավազաններով օծում աղայանիստ մենատներ, ծառ ու ջրավազաններով ուղեկից ոլործուն արահետներ, պանդոկներ, չգիտես ինչ ու ինչ և ․․․ մի աքաղաղ։ Շոգենավով Պոլիս էր դառնում նաև Կոմիտասը, ամեն ատենվա պես՝ խմբով։ Խումբը մեծ էր․ զբոսավայրում Կոմիտասին հանդիպել էին հեռավոր ծանոթներ, նաև՝ իրենց բախտը Պոլսում նո՜րնո՜ր որոնող հայորդիներ՝ տարբեր գավառ ու շեներից, տարբեր կածաններով հեռացած՝ թողած արտ ու այգի, դարբնոց ու բրուտանոց, ու հիմա Չիֆթե-Հաֆուզ զբոսավայրից Պոլիս էին դառնում։
-Ըբը ուր գո՜ւյն, ուր դրվա՜ծք․․․- նորեկ մշեցին պոլսահայերենը դեռ չէր սերտել, և խոսքի մեջ շփոթմունք կար։ Եվ բերնեբերան պատվաբանում էին պալատական աքաղաղի տեսքն ու կանչերը։ Կոմիտասը քաշվել էր կողմ, սուս էր, աղայատեր աքաղաղի գովքին անմասն, և նրա հայացքը հոգնած լողորդի պես ճապղում էր Բոսֆորի ջրերում։ Օրը գարնան օր էր․ և շատ էր ջրերի աղմուկը։ «Նոր ծնված ջրեր են թափվել ծով,- մտածեց Կոմիտասը։ - Առուները խաբել են սարերի նորածին ջրերին,- ավելացրեց,- առուները իրենց ոլոք գնացքի ու կանաչ ափունքի մեջ սարերի ջրերին մոլորել են՝ բերել-նետել են գետերը։ - Եվ կարոտեց նրանց՝ սարերում ծնված ջրերին, և ցավեց,- ու գետերը կալել են նոցա, քշել ու թափել ծովը»։ Ալիքների մեջ նա որոնեց նորեկները և այդ փորձի համար ժպտաց․ «Ծովերի ալիքները խառնածին են, ջրերը՝ ծեր․․․ մի օրվա կյանք ունեցող սարերի ջրերը ծով 27 հասնելուն պես ծերանում են․․․ լեռներում ծնված ջրերի տարիքն ու գույնը խեղդվում են ծովում»։ Արևմուտի ժամն էր, ալիքները հյուսում ու քանդում էին իրենց խուճուճ ստվերները, ալիքները ծովի հատակն էին սուզում բուռ-բուռ կարմիր արև, և օրը մարում էր ծովում։ Շոգենավը սահում էր, ձգում ջրադրոշմ պոչը՝ գըզգըզված, ալեկոծ ու աղմկոտ, և աղմուկի միջից Կոմիտասը զատում էր լեռներից քշված-բերված ջրերի բողոքը։ «Նոքա իրենց լեռներն են ուզում,- մտածեց Կոմիտասը,- ու կգնան իրենց լեռները,- և ուրախացավ մեկեն հայտնված այդ մտքից,- պալան-պալան կչվեն ու ամպ դարձած կնստեն լեռներին»։ Նա ջերմ-ջերմ նայեց ծովում բաբախող արևին․ լեռներից քշված ջրերի փրկիչը նա էր՝ բյուրապատկված, ալիքներին ձեռք մեկնած արևը։ «Եվ ծովում հանգչող արևից՝ հանգչող էս օրվանից մի բան ետ կգա,- միտքը շարունակեց,- գոլորշի դարձած մի օր այցի կգա որպես հիշողություն․․․ Հարկավ, հիշողությունները գոլորշի են՝ անցած օրերից զատվող, որ տեղ հասնելուց դառնում են ամպ, թառում են մարդու ուսերին․․․»։ Պալատական աքաղաղի գովքը շարունակվում էր ավելի ոգեշունչ ու բարձրալուր, լսելի նաև Կոմիտասին։ - Խոսնակի կանչը ինձի երաժշտական պատկեր մը ներշնչած է, մտքիս մեջ կպտտի, պետք է գրեմ,- երգահան Սինանյանը արմանք-զարմանք օրորեց գլուխը։ Ինչպես Չիֆթե-Հաֆուզ զբոսավայրում աքաղաղը մտիկ անելու ատեն, Կոմիտասը նորից հիշեց իր հայրենի աքաղաղը և թեքվեց-նայեց Սինանյանին։ - Բանի մը պետք ունի՞ք, հայր սուրբ,- Սինանյանը պատրաստակամ շարժում արեց։ - Ո՛չ,- պատասխանեց Կոմիտասը, հետո էլի դարձավ դեպի ծովը և մտքում ասաց․ «Իմ սիրելի դժբախտ հայորդիներ, ուր է, որ դուք այսօր տեսնեիք ձեր հայրենի աքաղաղը․․․ Էջմիածնի է՜ն աքաղաղը, որ իր քաղցր կանչերով հայրենի սիրուս հիմքը դրավ․․․»։ Եվ շոգենավի-դրոշմ ջրերի մեջ արևի փոխարեն թպրտացին հայրենի աքաղաղի կարմրկեկ թևերը, ու ձենձենոց ջրերի միջից այս անգամ անջատվեց՝ ականջին հասավ իր աքաղաղի ձայնը։ «Ձայնիկդ ի հոգիս․․․»,- Կոմիտասը աչքերը փակեց, ու ավելի իրական դարձավ իր աքաղաղը, իրական ու շոշափելի, ինչպես, է՜, երեսուներկու-երեսուներեք տարի առաջ, երբ ինքը Քյոթահիայից նոր-նոր Էջմիածին էր եկել ճեմարանում ուսանելու։ … Մայրենիի դաս էր․․․ այն ժամանակ, այն օրը ինքը հայերեն հատուկենտ բառեր գիտեր միայն ու լարված հետևում էր ուսուցչի շուրթ ու շարժումներին, լարված լսում էր, ջանում կռահել ուսուցչի ասածը։ Եվ նրա խոսքերից կռահած բառերը ջոկջոկում-հոլովում էր մտքում։ Աշնան օր էր, և ճեմարանի բակում ծիրանենիները ճոճում էին իրենց դեղին մեղեդին։ Ճեմարանի բակում խաղաղ լռություն էր, և մի աքաղաղ կանչեց՝ խորացրեց լռությունը․․․ անուշ կանչ էր, ու ինքը թեքվեց՝ լուսամուտից նայեց դուրս։ Խոսնակը կանգնած էր ծիրանենու տակ, վիզը թեք, աչքերը գոց և իր կանչի արձագանքն էր լսում։ Երփնազարդ էին փետուրները, կարմիր ու կապույտով, ոտքերը ցեխոտ էին, կատարի վրա չորացած-մնացած արյուն կար։ Խոսնակը լսե՜ց, լսեց իր կանչի անձագանքը, հետո ղունղունաց, թախթփվեց․փետուրների միջից փոշի ելավ՝ կտցեց ու նայեց պատուհանին։ Ինքը ժպտաց նրան․․․ - Սա աքաղաղը միստիկ առաքելությոուն մը ուներ, և կմտածեմ, թե Հուսեին բեկի հաջողությունները, ճշմարիտ, աքաղաղին հետ կապ ունին։ - Կոմիտասի ճամփաընկերները շուրթշրթից խլում էին Չիֆթե-Հաֆուզի աքաղաղի գովքը, և զբոսավայրի այդ աքլորը արարչանում էր։ ․․․ Կոմիտասը ջրերի մեջ ժպտաց իր աքաղաղին, ժպտաց երեսուներկու-երեսուներեք տարի 28 առաջվա Սողոմոնի պես և էն օրվա պես շշնջաց․- «Դու իմ խոսնա՞կն ես․․․- ու հաճությամբ պարուրվեց էն օրվա հուշով,- խոսնակը աչքեց լուսամուտին, աչքեց ինձ, նորեն գղգղաց ու կանչեց․ զրույց արեց՝ բան ասաց ինձ․․․»։ - Եվ ինքը աքաղաղի պատմածը հասկացավ, մայրենի ուսուցչի էդ օրվա պատմությունից ավելի լավ աքաղաղի կանչը հասկացավ։ Աքաղաղի խոսքը աշնան օրվա մասին էր․ կանչի մեջ օրվա փափկությունը կար՝ ծիրանենու աշնանային մեղեդին, արևի ոսկե զնգոցը, վանքի մամռոտ հիմնաքարերի զովությունը, ճեմարանի բակից դուրս ցաքուցրիվ տների ու փողոցների փոշոտ լռությունը և առուների սուս սվսվոցը, և տներից անդին կավե ցանկապատերին փայլփլող հարդերի դեղին բզզոցը, և ցանկապատված որթերի տաք-տաք գըվվոցը, և ցանկապատերից այն կողմ ճաքճքված ղռերի հևացող շունչը․․․ Կանչի մեջ այդ ամենը կար, ինքը լսեց՝ կար։ Աքաղաղը կանչեց, նորեն թեքեց գլուխը, աչքերը փակ ականջ պահեց իր կանչի արձագանքին, հետո ծիրանենուց իջավ մի դեղին տերև՝ աքաղաղը վրա վազեց, կտցեց տերևը, էլի կտցեց և խաբվելու համար ծուռ նայեց ծառին ու բողոք-ղունղունաց։ Ինքը արդեն ուսուցչին չէր լսում․ աչքի պոչով հետևում էր խոսնակին և չէր ուզում, որ նա թողնի-հեռանա։ Եվ ընդմիջմանը ելավ ու ոտքը շեմից դուրս դրեց թե չէ՝ զգաց աշնան այդ օրվա փափկությունը՝ ճիշտ ու ճիշտ խոսնակի ասածն էր։ Եվ ուրախացավ, որ աքաղաղն ամեն ինչ ճիշտ էր պատմել, և ուրախացավ, որ ինքն ճիշտ էր հասկացել նրան․․․ մոտ վազեց, աքաղաղը խուսափեց, ապա դարձավ կչկչաց․ «Ի՞նչ ես ուզում․- Եվ ինքը ժպտաց նրան․- «Դու իմ խոսնա՞կն ես»։ Աքաղաղը տեսավ իր ժպիտը, գլուխը թեքեց, նայեց՝ սուգեց տեսածը և հաշտ-հաշտ կտցեց գետինը․- «Հա՜, ես քո խոսնակն եմ․․․» -Աքաղաղի փետուրներուն վրա գույներ կային, որ ես տեսած չէի։ Ուրիշ տեղ մը բնավ տեսած չեմ,- շեշտեց նկարիչ Գալֆայանը,- ես նորեն պիտի Չիֆթե-Հաֆուզ երթամ աքաղաղը տեսնելու, անոր փետուրներեն կտավներուս համար գույներ պետք է առնեմ։ -Ես անպատճառ կընկերակցեմ քեզի,- ցանկացող եղավ։ -Ես ալ կուգամ։ Պալատական աքաղաղին նորից և էլի ու էլի ցանկացողները շատ էին։ Կոմիտասը վիրավորված նայեց զբոսավայրի աքլորը ներբողող ազգակիցներին, և հայացքը նորից սկսեց թափառել ծով-հորիզոնում։ «Ո՞ւր է, ո՞ւր է հայրենի հող ու ջրեն սնված իմ աքաղաղը,- հուզված մտածեց նա,- պիտի տեսնե՞մ նրան, պիտի լսե՞մ դարձյալ, ա՜խ իմ հայրենի աքաղաղս․․․- Օրն ի բուն Էջմիածնի փողոցներում դեգերում էր՝ փոշոտ էր, ցեխոտ ոտքերով, կատարը միշտ վիրավոր, բայց գլուխը բարձր, քիչ թեք պահած և արծվային կոպկախ հայացքով։ Ամեն տեղ տեսնում էր նրան, Էջմիածնի բոլոր փողոցներում ․․․ Առուների ափերը քչփորում էր, մի հատիկի համար պաչպչում գետինը, կում ջրի համար երկնքից գոհություն առնում։ Տեսար, մեկեն սևեռվում էր, ակնապիշ նայում առվում բողբոջած ջրերին, ապա ականջ էր պահում ջրերի վրա, և կիսախուփ կոպերը ճպճպում էին»։ «Շշուկներ էր հավաքում առվից»,- ժպտաց Կոմիտասը։ Եվ ծափ էր տալիս իր գտածի համար, և կանգնում-կանչում՝ իր զգացածը պատմում առվի մասին։ Թաղի չար երեխաները հենց կանչ ժամանակ էին քար նետում, ու կիսատ էր մնում նրա երգը։ Նա կիչկիչ-բողոքելով փախչում էր, թաքնվում իմ ցանկապատի ետևում, շարունակում իր փնտրտուքը, ծիկլատում էր և, հալածանքը մոռացած, հայտնվում ցանկապատին և նորեն կանչում։ «Ամեն տեղից կանչում էր իմ աքաղաղը․․․ անծուխ երդիկների վրա նորա կանչը ծուխ էր դառնում, փլատակներին՝ շունչ, չորացած ծառերին՝ կանաչ, ցամաքած առուներին՝ ջուր․․․»։ Կոմիտասի ականջները ջեռ-ջեռ ղողանջում էին․ նա երբեք այդքան չէր կարոտել իր խոսնակի 29 կանչին։ «Ո՞ւր է, ո՞ւր է իմ հայրենի աքաղաղս․․․ հիմա ո՞ր ավերակներին է ձայն տալիս»։ Է՜, ճեմարանային տարիների իր աքաղաղը ապրում էր, միայն թե ինքը հեռո՜ւ, հեռու էր նրանից։ «Մեկ էլ կտեսնե՞մ, կլսե՞մ նորա կանչերը․․․»։ - Ցեխապատ ծանրացած ոտքերով թըփ․․․ թըփ․․․ թըփ ․․․ գալիս էր, կամուկաց մտնում վանքի բակը։ Ցեխի հետ ոտքերին չուլ ու թել էր շուլալված լինում, կանաչ, չորացած մի շյուղ, տերև․․․ դժգոհ կտցում՝ ազատվում էր տերև ու շյուղից, բայց թնջուկներից պրծում չկար։ Եվ չուլ ու թել քարշ տալով դանդաղ առաջանում էր՝ աջ ու ահյակ նայելով, կասկածելով, չէ՞ որ նրան քար նետողները շատ էին։ Կոմիտասը հիշեց Չիֆթե-Հաֆուզի փայլ ու հոտով օծուն աքաղաղի վստահ շարժմունքը։ Նա իր աղա տիրոջ հետքով քայլում էր գոռոզ ու համարձակ, գիտեր, հասկացել էր, որ աղա տեր ունի, իրեն քար գցող չկա։ «Տիրոջից փայլ ու կանչ, երես առած աքլոր էր»,- քամահրանքով մտածեց Կոմիտասը։ «Իսկ իմ աքաղաղի տերը ո՞վ էր․․․ էդպես էլ չիմացա՝ ունե՞ր թե ոչ․․․ Եվ ահով ու գանգատով էր վանքի բակը մտնում»։ - Ինքը մի կտոր հաց ճարած մոտ էր վազում՝ աքաղաղը կանգնում-կչկչում էր, ծիկլատում, հետո ծանոթ-ծանոթ բացուխփում թևերը, պատրաստվում հափկափելու հացի փշուրները։ Եվ ուրախ ու մտերիմ պտույտներ էր անում իր շուրջբոլորը, մոտիկանում, թևերը բացումքսմսվում իր տաբատի փողքերին, ղունղունում։ «Գոհություն էր հայտնում ինձ»,- ժպտաց Կոմիտասը։ Ապա, սիրտ առած՝ թըփ, թըփ, թըփ․․․ շրջում էր վանքի բակում, կանգնում, թեքում, գլուխը, աչքերը ճպճպում, մոտենում՝ ճպլկտում էր վանքն ի վեր, չանգռտում վանքի պատը, ու թևերից թափ տալիս պարտությունը։ Հետո կտցում էր վանքի հիմնաքարերի մամուռը, համտես անում, կտցում և աչք ու կտուց պահում քարի վրա, և հասկանում, որ մամուռը ուտելու չէ, բայց դուրալի բան է։ Եվ թևերով շոյում էր մամռոտ քարերը, և դառնում-կանչում՝ վանքի ու հիմնաքարերի զովությունը հանում-փարում էր գմբեթի խաչին։ Ծովը ալեկոծ միտք էր, արեգակը՝ շառագույն մի աքաղաղ, թպրտում էր ջրերի վրա, բոսոր փետուրները շաղ էին եկել ալիքների ծալքերում, և Կոմիտասի հայացքը դադրած մի լողորդ՝ Բոսֆորի ջրերից աքաղաղի կարմիր կանչերն էր ժողվում։ «Ձայնիկդ ի հոգիս․․․»,- Կոմիտասը մտքում աքաղաղը կրծքին սեղմեց․․․ ․․․ - Մեկ էլ անգամ ատ աքաղաղին պետք է ձեռք տամ, ձեռքս անպատճառ պիտի դիպցնեմ,- պալատական աքաղաղի դյութանքը Կոմիտասի ուղեկիցներից շատերին գլխահան էր արել, դարձրել երազող։ -Իսկ Հուսեին բեկը իրավունք կտա՞։ -Իրավունք կխնդրեմ ու ձեռք կտամ։ Կոմիտասը ակն ածեց խոսողին, ծանր քայլերով մոտ գնաց, մորմոք նայեց պալատական մի աքաղաղով այդպես ոգևորված իր հայրենակիցներին և ասաց․ - Ափսոս, որ ձեր հոգվո ականջները տակավին օտարոտի կանչերով ձեզ կոգևորեն․․․
Հեղինակ՝ Մուշեղ Գալշոյան
Հեղինակ՝ Մուշեղ Գալշոյան
- Բացատրի՛ր ընդգծված բառերը:
- Առանձնացրու այն հատվածը, որտեղ Կոմիտասը մտորում է ծովերի և առուների ջրերի մասին. ինչպես է դա արտացոլվում մարդու կյանքում:
- Վարդապետի վերջին խոսքը ինչպե՞ս կմեկնաբանես:
Комментариев нет:
Отправить комментарий