Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի սաստկանում է նրա թափը, և ամենից ներքև գտնվողին ավելի ուժգին է հարվածում, քան ավելի վերև գտնվողին։ Հեռավոր Չինաստանում մեզանից շատ ժամանակ առաջ, մի կայսր է եղել։ Բոլոր մարդկանց պես նա էլ եկել ու գնացել է։ Բայց նրա մասին մնացել է այս զրույցը։
Ամառային մի օր կայսրն զբոսնում էր իր ապարանքի պարտեզում։ Զբոսնում էր՝ երջանիկ իր փառքով, իր երիտասարդ կյանքով, իր հզորությամբ։ Կայսրը զբոսնելով հասնում է պարտեզի պատշգամբին, որ բացված էր արքունիքի ընդարձակ հրապարակի վրա։ Բարձրանում է պատշգամբը և նայում հրապարակին։ Արեգակի հուրը վառվել էր քարերի, հողերի վրա, ճառագայթների մի խուրձ ընկնում է կայսեր դեմքին, շիկացած ասեղի պես կիզում նրա դեմքն ու աչքերը։
-Ի՞նչ զարհուրելի տաք է,- ասում է կայսրը և ետ քաշվում։ Սակայն ուշադիր դիտում է հրապարակի վրայի անցուդարձը։ Ձիերը դժվարին ճիգով տանում են բեռնաբարձ սայլերը, շները լեզուները դուրս հանած, հևալով գնում են՝պատերին քսվելով։
Անցնում են մարդիկ, հանում են ծանր, սև գլխարկները, սրբում են քրտնած ճակատները։
«Գոնե այս ծանր գլխարկների փոխարեն թեթև, սպիտակ գլխարկներ դնեին…»։ Եվ հանկարծ կայսեր գլխում լույս է ծագում։ Հրամայում է, որ իր առջևը գա մեծ նախարարը։
-Դու չե՞ս տեսնում, որ իմ ժողովուրդը այրվում է այս ավանդական ծանր գլխարկների տակ։
— Այո՛, երկնքի՛ որդի, ճշմարիտ է։
-Ես կամենում եմ, որ վաղվանից ամեն մի չին իմ մեծ պետության մեջ հանի այդ ծանր, սև գլխարկները և սպիտակ, թեթև գլխարկ դնի։
Ապարանք է դառնում կայսրը ավելի գոհ ու երջանիկ, որ այսօր բարի ու օգտակար գործ կատարեց իր ժողովրդի համար։
Մեծ նախարարը մյուս օրը հրապարակում ողջ մայրաքաղաքի ժողովրդի առաջ կարդում է արքայական կամքի հրովարտակը ծանր, սև գլխարկները թեթև, սպիտակ գլխարկներով փոխարինելու մասին։
Եվ հրամանանագիր է ուղարկում նահանգապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր, սև գլխարկներ կրելը և փոխարենը դնեն թեթև, սպիտակ գլխարկներ։
Իսկ նահանգապետերը հրամայում են քաղաքապետերին ու գավառապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր գլխարկներ կրելը։ Ընդդիմացողները տուգանքի ենթակա են։
Իրենց կարգին, քաղաքապետերը հրամայում են թաղապետերին, գավառապետերը՝ գյուղապետերին։
Իսկ թաղապետերն ու գյուղապետերը խստիվ հրամայում են, որ ամեն մարդ իսկույն կատարե կայսեր հրամանը, որ ուշացողները ծանր պատժի կենթարկվեն։
Երկնային մեծածավալ կայսրության բոլոր նահանգների մեջ անհամար ոստիկանները եռանդով գործի էին անցել՝ հազարավոր քաղաքներում ու գյուղերում կիրառելով արքայական հրամանը։ Եվ օր օրի վրա ոստիկանների եռանդը աճում է՝ հին գլխարկ կրողներին ծեծում են ու ծանր տուգանքի ենթարկում, գավազաններով մեկդի են շպրտում հին գլխարկները և մերկ գլուխներին հարվածում։ Հեռավոր գավառներում հրամանն անմիջապես չկատարողներին լցնում էին բանտերը և շղթայի զարկում. ավելի հեռավոր վայրերում գլուխներն էին կտրում և ձողի ծայրին անցկացնում՝ սարսափ տարածելու համար…
Վերջապես կայսերական ապարանքի հաստաբեստ պատերը թափանցում և կայսեր ականջին են հասնում շշուկով տարածված դաժան լուրերը։
Կայսրը սաստիկ զայրացած կանչում է մեծ նախարարին։
-Իրա՞վ են այդ չարաշշուկ լուրերը։
-Այո՛, իրավ են, երկնքի՛ արդարություն։
-Բայց մենք մի մարդասեր օրենք հրատարակեցինք, որ գլխարկները փոխեն, ոչ թե գլուխները կտրեն։
-Սակայն օրենքի ընթացքն այսպես է։ Եվ նրա այս բնական ընթացքի առաջ անզոր է թե՛ իմ, և թե՛ նույնիսկ Ձեր արքայական հզորությունը։
Հեղինակ՝ Ավետիք Իսահակյան
Комментариев нет:
Отправить комментарий