вторник, 22 октября 2019 г.

Քառօրյա ճամփորդություն Արցախում. հաշվետվություն

Ճամփորդության նախագծում ներկայացված են նախապատրաստական աշխատանքները. տե՛ս այստեղ:
Երկշաբաթյա պայմանավորվածություններից, ծնողների և սովորողների հետ խոսելուց, նախագիծը ներկայացնելուց հետո , մեր նախագծային խումբը պատրաստ է: Մեկնում ենք Արցախ, այն էլ չորս օրով:
Ճանապարհը երկար է, դժվար է այդքան երկար նստել տրանսպորտի մեջ, բայց մյուս կողմից շատ հետաքրքիր, ճանապարհին խաղում ենք, զրուցում, աշուն է, հիասքանչ աշնանային տեսարաններ ենք վայելում, մյուս կողմից ծանոթանում ենք մեր հայրենիքի ճանապարհներին՝ Երևան-Սևան-Սոթք-Քարվաճառ-Դադիվանք...:

Մարտունիով անցելիս կանգնում ենք մոտակա դաշտերից մեկում, մի խումբ գյուղացիներ են, կարտոֆիլ են հավաքում, հաց են ուտում, ուրիշ աշխարհ է: Միանգամից սովորողների նախաձեռնությամբ ցանկություն հայտնեցինք օգնել, սկսեցինք հավաքել, նվեր էլ ստացանք, գյուղացիներին էլ ուրախ-զվարթ, իրենց համար մեզ բացահայտած, պատմում էին իրենց երևանցի բարեկամներից....
Մտնում ենք Արցախ, ժայռերի մեջ ծվարած, կանաչ անտառներով ծածկված մի ուրիշ աշխարհ է, մի նոր բացահայտում, նայում ես ու չես կշտանում...
Առաջին կանգառը Դադիվանքում է: Հիացած ենք... Դադեն, ում անունով կոչվում է վանական համալիրը Թադևոս առաքյալի հետևորդներից է: Վանքը կառուցվել է դեռ 7-րդ դարում: Վանական համալիրը կազմված է մի շարք շինություններից՝ ժամատնից, վանականների խցերից, հյուրատուն, գործատուն, գրատուն, եկեղեցիներ,այլ շինություններ:
Այստեղ մեզ են սպասում Հաթերքի սովորողներն ու ուսուցիչները: Իրար չենք ճանաչում, բայց արդեն մի քանի անգամ խոսել ենք իրենց հետ, պայմանավորվել, որ մեկ գիշեր հյուրե ենք լինելու հաթերքցիների տանը:
Ջերմ մթնոլորտ է, միանգամից ընկերանում ենք, մեր ու իրենց երեխեքը իրարից չեն տարբերվում, արդեն էլ չենք  անհանգստանում, թե ով որտեղ է, յուրաքանչյուրին մի սովորող է ուղեկցում, ցույց տալիս Հաթերքը, պատմում ու ներկայացնում: Մշակույթի տանը միասին երգում ու պարում ենք, Հասմիկ Գրիգորյանը մեզ նոր պար է սովորեցնում: Հետ գնում ենք շրջելու գյուղով, ծանոթանում մարդկանց հետ, հյուրասիրվում, խաղում:
Իսկ երեկոյան յուրաքանչյուր սովորող մի ընկերոջ հետ գնում է գիշերելու...Իսկ մենք ամփոփում ենք արդյունքները, արդեն ձեռքբերում ունենք ՝ նոր ընկերներ ձեռք բերեցինք:
Առավոտյան լինում ենք դպրոցում, միասին ընդհանուր պարապմունք անում, հետո քայլում գյուղի եկեղեցիներ՝ հին եկեղեցին և նոր կառուցվող Պետրոսներ եկեղեցին:
Գնում ենք Ստեփանակերտ, ,,Ղարաբաղ,, կարպետի գործարան, մի մեծ սրահ է, դազգահներ, աղջիկներ, կանայք, թելեր խրձեր ու գույնզգույն գորգեր... Համատեղ դասը ստացված է, սովորողները աշխատակիցների հետ սովորում են գորգ գործել, տպավորիչ ընթացք է....
Արդեն օրվա վերջում գնում ենք Շուշի, հյուրընկալվելու ենք Նարեկացի արվեստի միությունում:
Առաջավոտյան ծանոթանում ենք Շուշիի հետ. քայլում ենք Ջդլդուզ, ճանապարհին հին շինություններ են՝ տարբեր պատմություններով, այցելում  ենք Շուշիի դրամների թանգարան:
Օրվա երկրորդ կեսին գնում ենք Տիգրանակերտ, ճանապարհին մեզ հետ ենք վերցնում ,,ավտոստոպով,, ճանապարհորդող մի գերմանացու, ով պատմում է, որ վեց տարի է ճանապարհներին է, հարյուրից ավել երկրներ է այցելել:
Տիգրանակերտի թանգարանում նայում ենք հին գտածոներ, մասնակցում գորգերի փառատոնին, տեղում կազմակերպվող վարպետության դասերին:
Վերադառնում ենք Շուշի:
Վերջին օրն է, առավոտյան ճանապարհ ենք ընկնելու, բայց պետք է նաև գնանք Հունոտի կիրճ:
Անձրևային ու խոնավ եղանակ է, բայց քայլում ենք, կիրճը լիքն է, զբոսաշրջիկներ, ճամփորդներ, հասնում ենք կիրճին, ուրախանում ենք , նկարվում....
Երկար հետդարձի ճանապարհ, այս անգամ այլ ճանապարհով ենք գալիս.... Սյունիքով , Վայոց ձորով:
Արդեն վերադարձից հետո փորձենք ձևակերպել  ձեռքբերումներն ու զարգացումը...

  • Նոր կապեր Հաթերքի հետ, պայմանավորվածություն փոխայցելության, նախատեսում ենք հունիսին համատեղ վրանային ճամբար Հաթերքում: 
  • Հետաքրքիր է Արցախը, լիքը ասելու, ներկայացնելու բան ունենք: 


Վերադարձ Արցախից. պատմում է Արեգ Հակոբյանը 
Նանե Ժամհարյան 
Ստելլա Մնացականյանի հաշվետվությունը

Комментариев нет:

Отправить комментарий