Հիանալիորեն գիտակցելով թեմայի ողջ բարդությունը, ես չեմ հավակնում ավարտունության, ես կամենում եմ լոկ ուրվագծել` ոչ թե շեշտագծել, այլ ինչ-որ մտքի հանգեցնել:Ինձ համար երեւակայությունը` հայտնագործությունների ունակության հոմանիշն է: Երեւակայել` հայտնագործել, ներմուծել սեփական լույսի մասնիկը կենդանի խավարի մեջ, ուր կենում են տարակերպ հնարավորությունները, ձեւերն ու մեծությունները: Երեւակայությունը թաքնված կենսական հատվածներին կապ եւ կենսական ակնհայտություն է պարգեւում, այնտեղ, ուր շարժվում է մարդը: Բայց երեւակայությունը սահմանափակված է իրականությամբ` անհնար է պատկերացնել գոյություն չունեցողը, երեւակայությանը պետք են իրեր, տեսարաններ, թվեր, մոլորակներ եւ դրանց միջեւ եղած տրամաբանական կապ: Այն չի կարող նետվել անդունդն ու ժխտել իրական անհասկացությունները: Երեւակայությունը հորիզոններ ունի, այն ձգտում է որսալ եւ կոնկրետացնել այն ամենը, որ ունակ է կրելու իր մեջ:
Երեւակայությունն աղքատ է, իսկ բանաստեղծական երեւակայությունը` հատկապես: Տեսանելի իրականությունն անչափելիորեն հարուստ է երանգներով, աներեւակայելիորեն ավելի բանաստեղծական է, քան իր հայտնագործությունները:
Մարդկային երեւակայությունը հորինել է հսկաներին, որպեսզի նրանց վերագրի հսկայական քարանձավների կամ կախարդված քաղաքների ստեղծումը: Իրականությունը ցույց տվեց, որ այդ հսկայական քարանձավները ստեղծվել են ջրի կաթիլից: Մաքուր ջրի կաթիլից, համբերատար եւ հավերժական: Այս դեպքում, եւ շատ այլ դեպքերում, հաղթանակում է իրականությունը:
Որքան ավելի հիասքանչ է ջրի կաթիլի բնազդը, քան հսկայի ձեռքերը: Իրական ճշմարտությունը բանաստեղծականությամբ գերազանցում է հորինվածքին, կամ, այլ կերպ ասած, հորինվածքն ինքը բացահայտում է իր աղքատիկությունը: Երեւակայությունը հետեւում էր տրամաբանությանը, հսկաներին վերագրելով այն, ինչ թվում էր հսկաների ձեռքով ստեղծած, բայց գիտական իրականությունը, որ կեցած է պոեզիայի սահմանին եւ տրամաբանության սահմաններից դուրս է, անմահ ջրի թափանցիկ կաթիլով հաստատել է իր ճշմարտացիությունը: Չէ՞ որ անհամեմատելիորեն հիասքանչ է, որ քարանձավները` հավերժական օրենքներին ենթակա ջրի խորհրդավոր ֆանտազիան է, այլ ոչ թե հսկաների քմայքները, որ ծնունդ են առել միայն անբացատրելին բացատրելու անհրաժեշտությամբ:
Բանաստեղծը միշտ թափառում է իր երեւակայության տարածության մեջ, դրանով սահմանափակված: Նա արդեն հասկանում է, որ իր ֆանտազիան` դա կատարելագործվելու ընդունակությունն է, որ երեւակայության վարժանքը կարող է հարստացնել նրան, ուժգնացնել նրա լուսային ալեհավաքներն ու ճառագայթվող ալիքը: Սակայն բանաստեղծը նախկինի պես մեն մենակ է իր ներաշխարհի հետ, իր տրտում «ուզում եմ եւ չեմ կարողանումի» հետ:
Նա լսում է մեծ գետերի սահքը, նրա դեմքին է դիպչում եղեգնուտի թարմությունը, որը կեցած է «ոչ մի կողմում»: Նա ուզում է հասկանալ մրջյունների խոսակցությունը անիմանալի տերեւների տակ: Ուզում է ներթափանցվել ծառի ավիշով ծանր բների մառ լռության մեջ: Ուզում է ըմբռնել քնած աղջնակի սրտում հնչող Մորզեի այբուբենը:
Ուզում է: Մենք բոլորս ենք ուզում: Բայց չի կարողանում: Որովհետեւ կամենալով արտահայտել բանաստեղծական ճշմարտությունը, նա ստիպված է հենվելու իր մարդկային զգացողությունների վրա, ելնելու այն բանից, ինչ տեսել եւ լսել է, դիմելու պլաստիկ զուգորդումների, որոնք երբեք չեն հասնի արտահայտչականության նույն մակարդակին: Որովհետեւ միայն երեւակայությունը երբեք չի հասնում համանման խորությունների:
Հեղինակ՝ Ֆեդերիկո Գարսիա Լորկա
Комментариев нет:
Отправить комментарий