воскресенье, 16 января 2022 г.

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Հունվարյան ճամբարը սկսեցինք մեր փոքրիկ, բայց շատ հետաքրքիր խմբով: Սկզբում քննարկեցինք և ամբողջացրինք մեր անելիքները, հնարավորություն ունեցա լսելու յուրաքանչյուր սովորողի՝ իր առաջարկներով, և յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունեցավ արտահայտվել, առաջարկներ անել: 
Հիմնական նախագիծը, որ իրականացնում ենք , թատրոնն է: Ովքեր երբևէ թատերական բեմադրություն են կազմակերպել կամ իրականացրել, գիտեն, որ դա հեշտ աշխատանք չէ, անհրաժեշտ է համառություն, նպատակասլացություն և շատ աշխատանք, որպեսզի կեսից չհիասթափվես, կիսատ չթողնես: Այսպես մեր աշխատանքն ավելի բարդացավ, երբ որոշեցինք ոչ թե որևէ ստեղծագործություն բեմադրել, այլ ինքնուրույն սցենար հորինել: Սցենարի հորինման բարդ աշխատանքներն իր վրա վերցրեց Հայկ Աղլամազյանը: Շաբաթվա գլխավոր ձեռքբերումն արդեն ամբողջական սցենարն է: Երբ սցենարային հիմնական ուղղությունը պարզ էր, յուրաքանչյուր սովորող իր ներդրումն ունեցավ՝ իր կերպարը լրացնելու-ամբողջացնելու աշխատանքում: Ինչևէ, արդեն պատրաստ ենք ավելի լուրջ փորձերի: 
Թատրոնի ուղղությամբ ևս երկու աշխատանք են արել . ուսումնասիրել ենք մնջախաղային թատրոնի առանձնահատկությունները, դիտել էտյուդ, և փոքրիկ առաջադրանք արեցինք: Խառը խմբերով հավաքված սովորողները փորձեցին բեմադրել Մխիթար Գոշի առակները: Մնջախաղային բեմադրությունը ներկայացնող տեսանյութերը այստեղ . 
Այնուհետև տեխնոլոգիայի պարապմունքին սկսեցինք առակներին համապատասխան թղթե տիկնիկների պատրաստումը, որպեսզի վերածենք թղթե թատրոնի բեմադրության: 
Ճամբարային խոհանոց: Խոհանոցային գործունեությունը սովորողների սիրելի աշխատանքային ձևն է: Եվ պետք է ասեմ, որ ինքս էլ ոսկե ձեռքեր ունեցող խոհարար չլինելով հանդերձ հետաքրքիր բացահայտումներ եմ անում:  Քանի որ այս ամիս նաև ազգագրության ստուգատեսն է, որոշեցինք պատրաստել սպաս կամ թանապուր: Նախ հետաքրքիր ուտեստ է, հետո՝ հեշտ բաղադրիչներ ունի, մատչելի է : Իհարկե, կա նաև դժվարություն, եթե անգամ մի փոքր սխալվես հաշվարկներում, ժամանակին բաղադրիչները չխառնես , ամբողջությամբ կփչանա, չի ստացվի : 
Նախ սովորողների հետ համացանից գտանք բաղադրատոմսեր, ուսումնասիրեցինք: Հետո սովորողները տատիկներից, մայրիկներից հարցումներ արեցին, լրացրեցին համացանցից գտածը: 
Այնուհետև միասին կազմեցինք գնումների ցուցակը, մի խումբը գնաց խանութ գնումներն անելու, մյուսները մնացին, որպեսզի անհրաժեշտ կաթսաներն ու թասերը  պատրաստեն: 
Ի վերջո սկսեցինք պատրաստումը՝ ըստ նշված բաղադրատոմսերի: 
Բաղադրատոմսեր. 
Ընթացքը հավես էր, հետաքրքիր, որևէ մեկին չնեղացնելու համար՝ ընտրեցինք ամբողջական բաղադրատոմս, հարգեցինք բոլորի ցանկությունները: 
Կատակելով, զրուցելով աշխատեցինք, հերթով խառնեցին բոլորը: 
Համտեսեցինք, նաև հյուրասիրեցինք: Արձագանքները դրական էին, բոլորը գոհ էին և փաստեցին, որ համեղ է ստացվել: 
Ձմեռային մարզական խաղեր: Ձմեռային ուսումնահետազոտական ճամբարի ամենագրավիչ բաղադրիչը չմուշկներով սահքն է: Հաճախ բազմաթիվ սովորողներ հենց ճամբարի ընթացքում առաջին անգամ են սահում, առաջին անգամ զգում սառույցի վրա կանգնելու, զգուշությամբ հավասարակշռությունը պահելու, առաջ ընթանալու, մի կարևոր բան հաղաթահարելու հմայքը, վայելքը: 
Այսպես, այս տարի նույնպես որոշեցինք այցելել չմշկասահքի:  Մինչ այցելությունը սովորողների հետ նախապատրաստական աշխատանք կատարեցինք ՝ փորձելով ուսումնասիրել, հասկանալ, թե ինչպես պետք է այցելուն իրեն պահի սառույցի վրա ՝ վնասվածքներից խուսափելու համար: Բնականաբար հայերենով նյութեր չկային, քանի որ բոլորս էլ գիտենք, որ ձմեռային մարզաձևերի այս ուղղությունը Հայստանում այդքան էլ զարգացած չէ: Դրա փոխարեն բազմաթիվ նյութեր գտանք ռուսերեն լեզվով, կարդացինք, քննարկեցինք և որոշեցինք թարգմանել: 

Նախապատրաստական աշխատանք, թարգմանություններ. 
Նման ճամփորդություններում ամենակարևորը փոխօգնությունն է: Ոմանք շատ լավ են վարում, ոմանք առաջին անգամ են կանգնում չմուշկների վրա: Սահել իմացողների խումբը հաճույքով իր վրա է վերցնում մյուսներին սովորեցնելու պարտավորությունը, հաճելի է նաև հետևելը՝ ինչպես է ընթանում այդ գործընթացը: Եվ վերջում, ինչպես կարդում եմ սովորողների պատումներում, ստացվում է, ինչ-որ բան լավ է ընթացել. 
,,Քանի որ ես գիտեի քշել և լավ քշում էի, ես սովորեցնում էին քշել իմ ընկերուհիներին և մնացածին,որոնք չգիտեին քշել չմուշկ:Երկար տանջանքներից հետո վերջապես ինչ- որ մեկը սովորեց քշել:Դա Վիկան էր:Ես շատ էի ուրախացել,որոհետև իմ տանջանքները իզուր չէին,,- պատմում է Ինեսա Պողոսյանը: 

Ճամբարային խաղեր: Ժամանակ առ ժամանակ մի փոքր հանգստանալու, միմյանց հետ շփվելու համար կազմակերպում ենք խաղեր՝ ,,Մաֆիա,, - ,,Լրտես,, - ինտելեկտուալ վիկտորինա: Խաղերն օգնում են ավելի հաճելի դարձնել առօրյան, մտերմացնում են մարդկանց: Իսկ վիկտորինայի հաղթող խմբի մրցանակ կոնֆետները համտեսեցինք բոլորով: 

Լուսաբանումներ՝

Комментариев нет:

Отправить комментарий