вторник, 4 августа 2015 г.

Դիլիջանյան հիշողություններ

Ժամանակի սղության կամ էլ ալարկոտության պատճառով տարիներ առաջ տպավորություններս գրի չառա: Սխալ էր, որովհետև այլ է, երբ նոր ես վերադարձել ճամփորդությունից, հիշողություններդ թարմ են, մտքերդ՝ լի ջերմությամբ, և բոլորովին այլ է, երբ գրում ես տարիներ անց: Ամեն դեպքում միշտ էլ մնում են անջնջելի մանրուքներ, որոնց թեկուզ ժամանակ անց անդրադառնալը կարևոր է:
Դիլիջանում եղել եմ մի քանի անգամ, ամենատպավորիչը երկրորդ անգամն էր, երբ արդեն բավականին հասուն էի և թաքնված գեղեցկությունները նկատում էի:  Բայց...
Առաջին անգամ Դիլիջանում եղա դպրոցական տարիներին, արդեն լավ չեմ հիշում, կարծեմ 6 կամ 7-րդ դասարան էի, շատ բան չի էլ տպավորվել, բայց հրաշք բնությունը մոռանալ չի լինի: Երբ վերադարձանք, Դիլիջանի անտառից հետո մեր գյուղի նույնիսկ ամենաբարձր բարդին թզուկ էր երևում: Թարմությունը, կանաչը, անտառային մթությունը... երբեք չեն մոռացվի: Այդ այցելության ժամանակ եղանք միայն Հաղարծինում:  Տպավորվել են միայն եկեղեցու մոտ գտնվող խաչքարերը, որոնք չափազանց առատ էին, որոնց մոտ լուսանկարվեցի և այդպես էլ չգտա այդ լուսանկարները: Հաճույքով նայում էի դրանց, փորձում գտնել նմանություններ, տարբերություններ, հիանում էի ճարտարապետական կոթողներով: Եկեղեցում մի հատված կար, որը համարվում էր սեղանատուն, պահպանվել էր դեռ հնուց: Այն ժամանակ ծառերի գերաններից սեղան և կոճղեր էին դրված ամբողջ սենյակով մեկ: 
Հաղարծինում եղա նաև 2015 թվականի գարնանը: Շատ բան էր փոխվել, կամ էլ ինձ թվաց, թե փոխվել է: Սեղանատունն այս անգամ չգտա, խաչքարերն էլ շատ աչքի չզարնեցին: Եկեղեցին մարդաշատ էր, անընդհատ նոր մարդիկ էին գալիս, անձրևում էր, անցած անգամվա մեղմ եղանակը էլ չկար: Երևի անձրևը խանգարեց , որ շրջեմ և ավելի լավ ուսումասիրեմ վանական համալիրը: Թեկուզ անձրևի տակ, բայց նկատեցի հիանալի տեսարանը, որ բացվում էր վանքի բարձրությունից նայելիս: Ինչպես ասացի, Հաղարծաինը վանական համալիր է, որն իր մեջ ընդգրկում է երեք եկեղեցի, արդեն նշածս սեղանատունը, մի շարք խաչքարեր և կիսաքանդ կառույցներ: Առանձնապես ավելացնելու էլ ոչինչ չկա, սովորական հայկական հին եկեղեցիներ՝ ճարտարապետական յուօրինակ շարվածքով: Եկեղեցու մոտ էր գտնվում շատ հին և հսկայական ծառ, որն ուներ մեծ փչակ,իսկ սևությունից կարելի էր դատել, որ այրված է: Բնության գեղեցկություններից մեկն էլ դա էր: Նման հետաքրքիր ծառեր տեսել եմ նաև Սյունիքի Ներքին Հանդում, բայց այդ մասին ուրիշ անգամ: 
Պարզ լիճ: Առաջին եռօրյա ճամփորդության ժամանակ այցելեցինք Պարզ լիճ: Լճի մասին գիտեի դեռ դպրոցական տարիներից, կարդացել էի մի ավանդություն, որտեղ ասվում էր, որ Աստղիկ աստվածուհին իր աչքը նետում է երկրի վրա, որպեսզի օգնի մարդկանց փրկվել երաշտից / գուցե սխալ եմ հիշում, հետո նորից փնտրեցի, բայց այդպես էլ չգտա այս առասպելը/:  Դե Պարզ լիճ կոչվել է ըստ երևույթին մաքրության պատճառով, բայց այդ մաքրությունն այդպես էլ չտեսա, ասեմ ավելին՝ չափազանց կեղտոտ էր:  Երբ արևի թեթև շողերն ընկնում էին լճի վրա, լճի հայելանման մակերեսը սկսում էր փայլել և շողալ, շրջապատի խաղաղ բնության,ծառերի ստվերների հետ ստեղծվում էր աննկարագրելի տեսարան: Այդ ժամանակ կեղտոտությունը չէր երևում: 
Գոշավանք: Գետիկ, Նոր գետիկ, Գոշավանք...տարբեր անուններ ունի, բայց բոլորն էլ գիտեն, որ հայտնի առակագիր Մխիթար Գոշն է վերաշինել և ճանաչում ավելացրել այդ եկեղեցուն: Այստեղ եղել եմ երկու անգամ և ամեն անգամ մի նոր բան եմ գտել այս եկեղեցու մեջ: Եկեղեցու հենց դիմաց կանգնած է Գոշի արձանը, ով հիրավի իմ ամենասիրելի  առակագիրն է և եկեղեցական գործիչը: Երկու անգամ էլ, երբ այցելում էի վանք, այն վերաշինման գործընթացի մեջ էր, այդպես էլ ավարտուն վիճակը չտեսա, իհարկե, լավ է, որ վերաշինում են, բայց ձգձգել պետք չէ: Ինչպես մյուս հայկական եկեղեցիները, սա նույնպես կառուցված է թեթև բարձրության վրա, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում, երևում են մոտակա բլուրները և անտառածածկ հատվածները, օդի թարմությունն ես զգում: 
Գոշի լիճ: Գոշավանքի մասին գիտեի, բայց Գոշի լճի մասին իմացա հետագայում: Այն եկեղեցուց մոտ չորս կմ հեռավորության վրա էր: Դե այնքնա էլ հեռու չէ, բայց ճանապարհը հետաքրքիր է, անցնում է  անտառի միջով, երբեմն հարթ է, երբեմն բարձրություն պետք է անցնես: Ճանապարհին հանդիպած ջանգյուլումներն ավելի են հեշտացնում ընթացքը, էլ չասեմ, որ ամեն հատվածում կարող ես մի հետաքրքիր ծառ կամ բույս գտնել, զգալ, որ խորանում ես անտառի մեջ, տեսնել բարձր ծառերի ստվերից առաջացած թեթև մթությունը: Իմ ամենասիրելի քայլարշավներից մեկն էլ Գոշի լիճ տանող քայլարշավն էր՝ թեթև ու զվարճալի: Վերջապես մոտենում ենք լճին, հեռվից լսվում է գորտերի կռկռոցը, իսկ լիճը հանգիստ ու պայծառ տեսք ունի: Ավելի մաքուր, քան Պարզ լիճն էր: Տեղեցիներից մեկը պատմեց, որ կոչվել է Տզրուկածով՝ տզրուկների առատության պատճառով, որոնք անհետացել են մարդու միջամտության շնորհիվ: Մեծ սիրով էլի կայցելեի: 
Անհրաժեշտ եմ համարում մի փոքր անդրադառնալ Գոշ գյուղին: Եկեղեցի և լիճ այցելելիս աչքիցս չէր կարող վրիպել տների անմխիթար վիճակը, ապրում ենք 21-րդ դարում, բայց տների մեծ մասը անմխիթար վիճակում էր, կեսը փայտից էր կառուցված. մարդիկ ապրում էին նախնադարյան կենցաղով:
Աղավնավանք: Հերթական կիսավեր եկեղեցին, որտեղ այցելելիս մի տեսակ ջերմություն ես զգում: Աղավնավանքը գտնվում է կենիների արգելոցի տարածքում, հասնելու համար պետք է մոտ երկու կմ քայլել, էլի հավես քայլարշավների մեջ է մտնում, մի տեսակ հեքիաթային բնություն ունի: Եկեղեցին մեծ չէ, փոքրիկ, նուրբ մի եկեղեցի, որը սիրով ընդունում է բոլոր այցելուներին: 
Ջուխտակ վանք:  Էլի հնագույն հայ ճարտարապետության նմուշներից, իրար կողք կառուցված երկու եկեղեցի, դե այստեղից էլ՝ ջուխտակ: Եկեղեցիներն այնքան էլ լավ վիճակում չէին, կիսաքանդ են, գործածական չեն: Շատ հեռու չեն գտնվում, կարճ քայլարշավից հետո կարելի է հասնել, ճանապարհը հողապատ է, պատկերացրեք մեր վիճակը, որովհետև, երբ բարձրանում էինք, առատ անձրև էր տեղում, իսկ մենք ամբողջովին ցեխի մեջ էինք: Միևնույնն է , հաստատ որոշել էինք ՝ անձրևը չէր կարող կանգնեցնել մեզ: 
Թթու ջուր: Վստահ եմ, այս վայրը շատ քչերին է ծանոթ, կամ էլ ոչ մեկին: Դիլիջան այցելություններից մեկի ժամանակ Ներսեսը / Դիլիջանում բնակվողներից է, ուսուցիչ/ մեզ ուղեկցեց Թթու ջուր, մի քանի ժամ տևող քայլարշավից հետո հասանք փոքրիկ բլրի, որից իբրև թե հանքային ջուր էր գալիս,տեղացիները կոչում էին այն Թթու ջուր: Երբ ջուրը խմեցինք մի քիչ թթվի համ զգացինք: 
Չկրկնվող բնությունը, անընդհատ իրար հաջորդող քայլարշավները, կիթառով ուղեկցվող երեկոները հեքիաթային դարձրին դեպի Դիլիջան տանող քայլարշավները: 
24.10.2015


Комментариев нет:

Отправить комментарий