среда, 5 августа 2015 г.

Ամենաարկածային ճամփորդությունը. Տաթևում և քարանձավներում

Իրականում, եթե ամառ է, ուրեմն տանը նստելը ամենաձանձրալի երևույթն է, ամառը հենց ճամփորդելու, ման գալու համար է: Եթե լավ նայենք տուրիստական գործակալությունների հայտարարությունները, միանգամից կհասկանանք, որ մեր օրերում 400 դոլլարով հանգիստ կարող ես այլ երկիր գնալ: Իսկ մեկ տարում 400 դոլլար հավաքելն այնքան էլ բարդ չէ: Կուզեի հենց այդպես ապրել, աշխատել ամբողջ տարին և ամեն ամառ գնալ որևէ երկիր հանգստանալու: Սա այնքան էլ հեռու երազանք չէ, մեր օրերում դա բավականին հեշտ է իրականացնելը: Ինչևէ, քանի դեռ չեմ կարող այլ երկիր գնալ, ստիպված եմ հնարավորինս լավ ճանաչել իմ երկիրը:

Որպեսզի ամառը տանը չնստենք, գտանք հարմար արշավային ծրագիր արդի արշավախմբային ակումբներից մեկում: Ընտրությունը հետևյալ կերպ էր արվում. լինել այնտեղ, որտեղ չենք եղել/ հավատացեք մենք շատ վայրերում ենք եղել/ և ուղղակի չնստել, իջնել մի վայրի մոտ , նկարվել ու հետ գալ, մի փոքր ակտիվ բան էինք ուզում: Ընտրությունը կանգնեց Տաթևի վանք-Սատանի կամրջի քարանձավներ-Հալիձորի/Հարսնաձորի/ դիտակետ երթուղու վրա:
Ճամփորդությունը մեկ օրով էր, բայց ինձ համար այն երեք օր տևեց/բնակավայրի հետ կապված/: Ինչևէ առավոտյան ժամը 7-ին , բնականաբար ուշացած, նշված վայրում էինք: Իհարկե, հայերի սովորության համաձայն մեզնից ավելի շատ ուշացողներ կային:
Ճամփորդությունը բավականին լավ պլանավորված էր՝ սկսած կանգառներից վերջացարած ճանապարհային զբաղմունքով: Իրականում սիրում եմ, երբ ամեն ինչ նախօրոք հստակ պլանավորած է: Նշեմ, որ կանգառներից մեկում անվճար թեյ հյուրասիրեցին, ինչը մեր օրերում մի փոքր զարմանալի կթվա: Ամենահետաքրքիր մասը՝ ճանապարհին կիթառ նվագելը և երգելն էր: Միշտ ափսոսում եմ և նախանձում, որ ինքս չեմ կարող նվագել և երգել/ դե երաժշտական ձայն չունեմ/:
Վերջապես հասանք աշխարհի ամենաերկար ճոպանուղու մոտ՝ Տաթևեր: Այստեղ պետք է արտահայտեմ իմ դժգոհությունը: Չնայած նրան, որ լսեցի ՝ ամբողջ հասույթը պետք է տրվի Տաթևի վանքի վերակառուցմանը և այլն, դա ինձ այնքան էլ չսփոփեց: Նախ տոմսն արժեր 3500 դրամ և վերդառնալու համար նույնպես պետք է վճարեիր: Սա, իմ կարծիքով ուղղակի աբսուրդ է: Երկրորդ՝ ճոպանուղու մի խցիկում այնքան մարդ էր լցրած, որ գրեթե անհնար էր ապակուց գոնե տեսնել ներքևում ինչ կա, իսկ բնությամբ հիանալու մասին անգամ խոսք չէր կարող լինել: Այո՛, շատ լավ էր, որ աուդիոձայնագրություն կար ու բացատրում էր երեք լեզվով, թե որտեղ ենք գտնվում, որ հատվածում ինչ կարելի է տեսնել, բայց այդպես էլ ոչ մի բան չտեսա:
Ի վերջո, ճոպանուղին իջեցրեց մեզ Տաթևում, առաջին բանը, որ գրավեց Տաթևի անմատչելի դիրքն էր, իսկ մատչելի հատվածում պարիսպ էր: Դե արդեն պատմությունից գիտեի, որ Միջնադարում եղել են ամրոց-եկեղեցիներ: Իսկապես, բավական մեծ համալիր էր, գեղեցիկ, վեհաշուք: Ինչպես բոլոր եկեղեցիներում, այստեղ նույնպես կար արևային ժամացույց: Տաթև վանական համալիրը հիմնվել է 906 թվականին և բավական հայտնի է դարձել Միջնադարում, շատ անգամներ, տարբեր արշավների, պատերազմների ժամանակ ավերվել է, այրվել են  ձեռագրերը, քանդվել մատուռներ, բայց այն, որ մինչև այժմ կանգուն է, արդեն իսկ խոստումնալից է: Եկեղեցում պահպանվել էր Գրիգոր Տաթևացու գերեզմանը: Շրջեցինք մի քանի մատուռներով՝ փորձելով ամեն ծակ խցկվել: Մեզ տարան մի սենյակ, որտեղ որոշ ժամանակ ապրել է Գարեգին Նժդեհը/մեծագույն հայը/: Չեմ կարող ասել, թե ինչ զգացմունքներ ունեի, երբ կանգնել էի մի սենյակում, ուր ժամանակին կանգնել էր և երևի ինձ պես լուսամուտից արձակ դաշտերին նայել է Նժդհեը:
Տաթևից լսվում էր Որոտանի աղմուկը /Երևի իզուր չէ, որ Որոտան են կոչել/:
Եկեղեցական համալիրում շրջելն այնքան էլ հպարտության զգացում չի տալիս և չի ոգևորում: Իսկ երբ եկեղեցուց հեռացել էինք, բարձրության վրա մեզ ցույց տվեցին եկեղեցին, արդեն մի փոքր հեռվից և կարելի էր այն տեսնել իր ամբողջ վեհությամբ:
Սատանի կամրջի մասին երևի շատ եք լսել: Դա 30 մ երկարություն ունեցող բնական կամուրջ է /ժամանակի ընթացքում ստեղծված/ Որոտան գետի վրա: Դե ես էլ էի շատ լսել, բայց այ Սատանի կամրջի քարանձավների մասին չէի լսել: Զարմացած և հիացած եմ: Այստեղ էլ սկսում է պատմության ամենաարկածային և զարմանալի հատվածը: Մեզ նախապես խնդրեցին հագնել հարմար կոշիկներ քարանձավներն իջնելու համար և հաշվի առնել, որ ամբողջությամբ թրջվելու ենք: Ես հաշվի էի առել, որ թրջվելու ենք, բայց չէի կարծում ամբողջությամբ: Իջնելու համար արշավախմբի ղեկավարը նախապես բերված պարաններն ամրացրեց, հարկավոր էր իջնել պարանից բռնելով և հրահանգներին հետևելով: Տարածքը բավական բարձր էր, բայց երևի արդեն հազարավոր մարդկանց իջած ոտնահետքերը հեշտացնում էինք վայրէջքը: Ներքևում ստացանք հաջորդ հրահանգը քայլել ջրի միջով, ոտքը դնել քարերի արանքներում, ոչ թե քարերի վրա:
Այնուհետև քարերի վրայով անցնելով մտանք ավելի նեղ և մութ արանք, որը լի էր ջրով: Քարանձավի միջով անցնում էր Որոտան գետը, մի ափից մյուսը գնալիս պետք էր հաղթահարել ջրի հոսանքը, որն իրականում բավականին ուժեղ էր: Մի բան հասկացա. ինչքան էլ հոսանքն ուժեղ լինի, եթե ոտքդ հստակ ես դնում՝ մտածելով, որ ջուրն այն ոչ մի տեղ էլ չի շարժի, ուրեմն այդպես էլ կլինի, ոչինչ այն չի կարողանա շարժել: Չեմ կարող նկարագրել, թե ինչպիսի գեղեցկություն էր քարանձավներում, քարերի մի մասը սպիտակ էր՝ աղային կուտակումներով լեցուն, ջուրը որոշ տեղեր տաք էր: Չեմ կարող նկարագրել նաև, թե ինչպես անցանք դրանց միջով, զմայլվեցինք գեղեցկությամբ և հետո հետ դառանք: Դա ուղղակի տեսնել էր պետք: Հիացած եմ: Քարանձավի վերևից թափվող ջուրը բնական բաղնիք էր հիշեցնում, որի տակ երկու անգամ կանգնեցի անցնելուց: Իսկ դա, բնականաբար, արդեն իսկ հիվանդ իմ օրգանիզմին ավելի վատ դրության մեջ դրեց... Բարձրացանք ետ՝ էլի պարաններով:
Հաջորդ կանգառը Հալիձորի դիտակետն էր: Ափսոս, բերդը չկարողացանք իջնել: Դիտակետից հիասքանչ տեսարան էր բացվում. երևում էր ամբողջ ձորը՝ իր գեղեցկությամբ, նրաբագեղությամբ: Դիտակետը բարձրության վրա շինված փոքրիկ տեղ էր, որի կենտրոնում երևում էր հսկայական զանգի հետքը /տեղին է հիշել Զանգեզուրի պատմությունը/: Դիտակետում կանգնած զինվորները հստակ կարող էին տեսնել կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող թշնամուն, խփել զանգը և ահա ամեն ինչ  պատրաստ է, մնում է դիմակայել թշնամուն: Մի պահ ինձ դարեր առաջ այդտեղ կանգնած զինվոր պատկերացրի, ով ուշիուշով հետևում է լեռներին:
Այսպիսով, ճամփորդություն ավարտված է, տուն հասանք կեսգիշերին, հիվանդությունս թույլ չտվեց ինչպես հարկն է վայելել այն, բայց շատ տպավորություններ և զգացողություններ կան, որ դեռ երկար ինձ չեն լքի:
Հիմա ուզում եմ մի փոքր պատմել մարդկանց մասին: Խմբում 14 հոգի էր, լիովին տարբեր և տարբեր վայրերից հավաքված մարդիկ:  Եվս մեկ անգամ համոզվեցի, որ փոխվել է և՛ հայերի մտածելակերպը, և՛ հենց ինքը հայը: Չեմ կարող ասել, որ դա ինձ զարմացրեց, ոչ էլ հիասթափեցրեց, կարծում եմ դա բնական ընթացք է, փոխվում են ժամանակները, փոխվում է մարդը...
05.08.2015


Комментариев нет:

Отправить комментарий