1. Գրավոր գրախոսել կարգը, դիտարկումներ, առաջարկներ անել
Կաևոր է հասկանալ, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողը հասարակության մասն է, այնպիսի սովորող է, ինչպիսին նույն դասարանի մյուս սովորողներն են, և Սահմանադրությամբ իրավունք ունի կրթություն ստանալու, կրթական հաստատությունն էլ պետք է հնարավորինս ամեն ինչ անի լիարժեք պայմաններ և միջավայր ստեղծելու համար:
Կարծում եմ, որ կարգը ամբողջական է, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպմանը վերաբերող բոլոր կարևոր կետերը այստեղ նշված են: Առանձնացնեմ մի քանիսը՝ մեկնաբանելով:
- Կրթահամալիր դիմող երեխայի կարիքը հասկանալու համար շատ կարևոր է նախնական գնահատումը, երբ մինչ ընդունելությունը տարբեր մասնագետներ խոսում են երեխայի հետ, աշխատում են, ներկայացնում են դիտարկումներ: Նաև կարևոր է հասկանալ արդյոք միջավայրը հարմար է տվյալ կարիքով երեխայի համար ուսուցում կազմակերպելու համար: Եվ պետք է ասեմ, որ կրթահամալիրում միշտ էլ ներառական միջավայրին շատ ուշադրություն է դարձվել, դրա վառ ապացույցն է բոլոր շենքերում և անցումներում համապատասխան հարթակների առակայությունը:
- Սովորողը սահմանված կարգով մասնակցում է ուսումնահայրենագիտական արշավների, նախագծերի, կրթահամալիրի օրացույցով նախատեսված միջոցառումներին: Ինքս բազմիցս ճամփորդության եմ տարել ներառական կրթությամբ սովորողներ, այո, հեշտ չէ, բայց պետք է ամեն ինչ անել լիարժեք ներառականության համար, իսկ սովորողի վառ տպավորությունները, բարձր տրամադրությունն ու ուրախությունն ամենակարևոր գնահատականն են:
- Շատ կարևոր է ծնողի հետ համագործակցությունը, պարբերաբար հանդիպելը, արված և արվող աշխատանքները քննարկելը: Դա է միակ արդյունավետ ճանապարհը, ծնողն էլ պետք է բաց լինի բոլոր քննարկումների համար:
- Անհատական ուսումնական պլանի առկայությունը համարում եմ կրթական ծրագրի ձեռքբերումներից մեկը, քանի որ առաջնային է դառնում իրական կրթությունը, այսինքն սովորողն առաջին հերթին անում է այն, ինչն իսկապես արդյունավետ է, ոչ թե ուղղակի դասերին է նստում՝ ներկայություն ապահովելով:
2. Գրավոր քննարկել-վերլուծել հոդվածներից մեկը կամ տեսանյութը:
- Ներառական կրթություն. կանդական փորձից- Աննա Մարության
Ներառական կրթություն ապահովելը հեշտ գործընթաց չէ, բայց ուսուցիչն ամեն անգամ իր դասը սկսելիս պետք է ունենա մեկ հիմնական սկզբունք՝ ներառել բոլոր սովորողներին, անուշադրության մատնված կամ չկարևորված սովորողներ չպետք է լինեն, որովհետև անուշադրությունը բերում է էլ ավելի մեծ դժվարություններ, արդյունքը չստացված կրթությունն է: Ներառականության առաջին քայլը հարաբերություններն են՝ սովորող-սովորող, սովորող -ուսուցիչ, շփումն է. հենց այս շփման, հարաբերման, ինչ-որ տեղ ընկերության, մտերմիկ զրույցների միջոցով էլ քիչ-քիչ ձևավորվում է ներառումը:
Հոդվածից առանձնացրել եմ այս տողը՝ Ավելի կարևոր է, թե ինչ կարող են անել սովորողները, քան այն, ինչ չեն կարող: Լիովին համամիտ եմ, սովորողին պետք է ասել, թե ինչ է կարողանում, նշել ինչը ստացվեց իր մոտ, ոչ թե խոսել չստացվածից: Անպայման պետք է ասել:
Ընդհանուր առմամբ կանդական դպրոցներում ներառական կրթության սկզբունքները շատ նման են կրթահամալիրում իրականացվող գործունեությանը՝ մինչև վերջ անհատականացված ուսուցում, կրթության կազմակերպում հաշվի առնելով անհատ սովորողին, անհատ սովորողի պահանջմունքները:
Հավելելով հոդվածին՝ ասեմ, որ կարծում եմ՝ իսկական ներառական կրթություն ապահովելու առաջին և կարևոր նախապայմանն անընդհատ ինքնակրթվելն է կամ անընդհատ սովորելը, մասնակցելը տարաբնույթ սեմինարների, ուսուցման ոլորտում տարբեր ձևեր, մեթոդներ փորձարկելը և այլոց, գործընկերների փորձին հետևել, սեփական փորձով կսիվելը:
Մեծ դեր ունի նաև միջավայրը. պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ գերիշխող լինի փոխօգնությունը, նաև հատուկ կարիքով սովորողների կարիքներին հնարավորինս հարմար ներառակն միջավայրի առկայություն:
3. Բլոգում ներկայացնել հատուկ կարիքով սովորողի հետ աշխատանքի հաջողված մեկ փորձ. հաջողություններ, դժվարություններ, զարգացում:
Անցած տարի, երբ նոր էի սկսում դասավանդել 6-րդ դասարանում, կրթության հատուկ կարիք ունեցող սովորող Ռուսլանն այդ դասարանում էր: Սկզբում, իհարկե , շատ դժվար էր, այս տարիքում երեխաները շատ են սիրում մուլտֆիլմեր նայել, ո՞վ չի սիրում: Հենց աչքս թեքում էի, Ռուսլանը միացնում էր մուլտֆիլմը և սկսում նայել, նույնիսկ ձայնն էլ չէր միացնում, ուղղակի հմայված նայում էր: Դե իսկ հենց ասում էի անջատիր, սկսում էր դժգոհել: Այսպես էլ սկսեցինք, քիչ-քիչ, փորձելով դժվարությունները հաղթահարել:
Երբ մի օր մոտեցա և հարցրի՝ ի՞նչ մուլտֆիլմ խորհուրդ կտաս նայեմ, ես էլ եմ սիրում մուլտֆիլմեր, պատասխանեց.
-Գժվե՞լ եք, ի՞նչ է,- ու սկսեց ծիծաղել ինձ վրա, բայց դե ես ավելի համառ դուրս եկա, զրուցեցինք, իր դիտած մուլտերի մասին պատմեց , և երբ էլի հարցրի՝ հիմա արժի նայեմ, նորից սկսեց ծիծաղել:
Հաջորդ դասերին , երբ լեզվական աշխատանքներ էինք անում, միասին աշխատեցինք, ստացվեց: Այդպես ամեն անգամ մոտենում էի, բացտրում առաջադրանքի սկզբունքը, Ռուսլանը անում էր, իսկ երբ շեշտում էի՝ այ տես, ստացվեց, ոգևորությանը չափ չկար: Հետո սկսեց նաև ձայնագրություններ անել. այս փաստը շատ կարևոր է՝ 1, 2, 3 .. էլի ձայնագրություններ ունի: Իրենն էլ էր դուր գալիս, հատկապես, որ հայտնվում էին ենթակայքում՝ խմբային փաթեթներում:
Յուրաքանչյուր ուրբաթ դասն անցացնում ենք կրթահամալիրի գրադարանում, սկզբում ես էի իր համար գիրք ընտրում, հիմա էլ ինձ չի սպասում, գիտի դարակը, նայում է, ընտրում, ամբողջ դասին կարդում: Ընտրում է այն գրքերը, որոնք փոքրածավալ են, նկարազարդ են, երբեմն վերնագրերն են գրավում. մի անգամ վերցրել էր ,,Ծառ մի կտրեք,, փոքրիկ բանաստեղծության նկարազարդ գիրք, վերջում խոսեցինք, ասաց, որ հենց դրա համար է վերցրել:
Նախորդ դասին նկատեցի, որ իր ընտրած, վերցրած գիրքն այնքան էր հավանել, որ առաջին անգամ որոշեց ինքնուրույն գիրք վերցնել գրադարանից և տանել տուն՝ տանը շարունակելու համար: Միայն այս փաստն այնքա՜ն կարևոր է: Հումորի լավ զգացում ունի, ինչը ստանդարտից դուրս է, ծիծաղելի է:
Մայրիկը շատ է օգնում, միասին գրեթե բոլոր նախագծերին մասնակցում ենք, ինքնագնահատման թերթերում առաջարկներ է թողնում, ուղղորդում է:
Комментариев нет:
Отправить комментарий