1. Կարդալ հոդվածները և մեկը քննարկել բլոգում:
21-րդ դարում, երբ գիտությունը անընդհատ զարգացում է ապրում, կրթությունը չի կարող հին ձևով շարունակվել: Կրթահամալիրի առանձնահատկություններից մեկը բլոգային ուսուցումն է, որը , կարծում եմ, հաջողված է և նորարություն է կրթության ոլորտում: Միաժամանակ բլոգային ուսուցումը նաև մեծ հնարավորություններ է տալիս և մեծ պատասխանատվություն է: Սովորողի և ուսուցչի ամբողջ գործունեությունը բաց է և թափանցիկ, իսկ հեղինակային կրթական ծրագրի տարածման համար դա շատ հարմար է: Բլոգը պահոց է, որը թույլ է տալիս ըստ տարիների հավաքել արված աշխատանքները, դարակներով դասավորել, հեշտությամբ գտնել անհրաժեշտ նյութերը, ստեղծած նյութերի վրա աշխատել, լրացնել : Բլոգի հնարավորությունները բազմազան են: Որպես կրթահամալիրի ուսուցիչ, ով արդեն ինը տարի բլոգային ուսուցմամբ է աշխատում, պետք է ասեմ, որ բլոգներով աշխատելը նաև շատ հեշտ է:
Հոդվածում մանրամասն շարադրված էր բլոգներով աշխատանքի առավելությունները և թերությունները: Համաձայն եմ բոլոր կետերի հետ. բլոգի հրապարակային լինելը ենթադրում է նաև պատասխանատու աշխատանք, քանի որ հանրությանը տեսանելի են լինում նաև վրիպակները, սխալները, ոչ գրագետ աշխատանքները: Ուշագրավ էր հոդվածում նկարագրված ուսումասիրությունը, որը հոդվածագիրը կատարել էր սովորողների հետ: Նման ուսումնասիրությունները միշտ էլ օգնում են ավելի կոկիկ աշխատանք անելուն, հնարավորություն են նորից վերանայելու արածը, լրացումներ անելու:
Կարևոր է, որ այս ոլորտը կարգավորող պահանջներ կան. յուրաքանչյուր բլոգավար սովորող կամ ուսուցիչ ներկայացնում է կրթահամալիրը, բլոգում պետք է դա տեսանելի և լինի, և բլոգը պետք է համապատասխանի հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություններրին: Մյուս կողմից էլ, կարծում եմ, որ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է վերանայել հաստատված պահանջները, քանի որ հեղինակային կրթական ծրագիրն անընդհատ զարգանում է, նորացվում է և տարիների աշխատանքը երբեմն թույլ է տալիս հասկանալ, թե կետրից որն է իրատեսական, որը՝ ոչ:
Հավելեմ նաև, որ բլոգը միջոց է մարդուն /բլոգավարին/ ճանաչելու, ինքս միշտ նոր սովորողների հետ ծանոթանլուց առաջ ծանոթանում են նրանց բլոգներին, գործընկերներիս էլ ավելի լավ ճանաչելու համար թերթում եմ բլոգները, կարդում: Մարդուն բացահայտելու միջոց է:
2. Կարդալ հոդվածները և մեկը քննարկել բլոգում:
Անգիրի դպրոցի մեր այլընտրանքը - Աշոտ Բլեյան
Պետական դպրոցում դասագրքի պարտադրանքը կամ առկայությունը զրկում է սովորողին, նաև ուսուցչին ընտրության հնարավորությունից: Կրթությունը չի կարող սահմանափակվել միայն մեկ դասագրքով, մեկ գրքով, նույն անգիր արված ծրագրով, նույնը բոլոր դասարանների համար, բոլոր տարիների համար և այդպես անընդհատ, շրջապտույտով: Արդյուքում չկա ընտրություն, միայն անգիրն է, զուբրիտը, որն էլ շարունակվում է պետական քննության հարցաշարերով: Նման կրթական համակարգը հաշվի չի առնում սովորողի անհատականությունը, սպանում է ստեղծականությունը, ստանդարտից դուրս մտածողությունը: Ավելին՝ թվանշանը դառնում է իմացածի ստուգման միջոց:
Հոդվածից առանձնացրի այս տպավորիչ միտքը՝ ... իրականում անգիրի դպրոցը մոռացումի դպրոցն է: Ինքս էլ ավարտել եմ սովորական պետական դպրոց. օրնիբուն դասեր սերտել, նույն շրջապտույտով անցնել, սովորածը ներկայացնել թվանշանի համար, ամեն ինչ անել , որ ,,բեսթսելլեր դարձած,, շտեմարանը հաղթահարես, իսկ դպրոցի ավարտից հետո մոռացում, որովհետև չկա ստեղծականություն, միայն անգիրն է, չկա կամ քիչ է դատող, վերլուծող անհատը: Ըստ իս՝ կրթությունը ոչ թե կոնկրետ գիտելիք պետք է տա, այլ գիտելիք ձեռք բերելու ճանապարհը ցույց տա, մղի առաջին հերթին ինքնակրթվելուն, կյանքում կարևոր կարողություններ և հմտություններ փոխանցի, սովորեցնի: Եվ այս դեպքում գիտելիքը չի լինի միայն անգիրի միջոցով կամ մեկ դասագրքով փոխանցվածը, և սովորելը անգիր անելը չի լինի, այլ մտածելը, ստեղծելը, հետազոտելը:
Եվ այս ամենի համատեքստում կրթահամալիրն է՝ անգիրի դպրոցի իր այլընտրանքով: Հոդվածը նաև հնարավորություն էր ևս մեկ անդրադառնալ և նկատել կրթահամալիրի հեղինակային այլընտրանքային կրթության առանձնահատկությունները: Ինչպես միշտ, տիար Բլեյանը դիպուկ է իր խոսքով և տպավորիչ:
3. Կարդալ ,,Ուսուցում բլոգով,, նյութը, գրավոր ներկայացնել նկատառումները, առաջարկները:
Կարդացի և ուսումնասիրեցի նյութը: Կարծում եմ՝ լավ հավաքված և հարմար պրեզենտացիոն աշխատանք է, որը կարելի է ներկայացնել վերապատրաստումների և մանկավարժական հավաքների ժամանակ:
Կարծում եմ՝ 4-րդ էջում կարելի է ավելացնել նաև, որ բլոգը մեդիացանցը հայալեզու նյութերով հարստացնելու միջոց է:
Լավ էր, որ աշխատանքում առանձնացված էին հոդվածներ բլոգային ուսուցման վերաբերյալ, դրանք հնարավորություն կտան, որ կրթական ծրագին անծանոթ մարդը կարողանա ավելի լավ հասկանալ բլոգային ուսուցման էությունը:
4. Օգտվելով ,, Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջները ,, նյութից՝ անձնական բլոգը համապատասխանեցնել դրանց: Դնել բլոգի հղումը:
5. Կարդալ սովորողի բլոգին ներկայացվող պահանջները, ապա ընտրել մեկ սովորողի բլոգ, կատարել ուսումնասիրություն՝ համապատասխանությունը ներկայացվող պահանջներին:
Կարդացել եմ սովորողի բլոգին ներկայացվող պահանջները:
Ընտրել եմ Միջին դպրոցի 7-1 դասարանի Քնարիկ Ադամյանի բլոգը:
Տեղեկություններ. հստակ նշված են սովորողի անուն, ազգանունը, ուսումնական հաստատությունը, դասարանը: Հայատառ են գրված և համապատասխանում են պահանջներին:
Բլոգում առկա է հղումների հատվածը, որտեղ նշված են գործընկեր բլոգներ, սակայն ոչ բոլոր ուսուցիչների բլոգներն են հավաքված, ենթակայքի հղումը նույնպես չկա:
Արխիվը առկա է, նյութերի հրապարկման օրը, ամիսը, թիվը, տեսանելի են:
Անհատական ուսումնական պլանի բաժինը առկա չէ, սակայն ուսումնական պլանը հրապարակված է բլոգում:
Առարկայական բաժինները բացված են և տեսանելի:
Ընտրությամբ գործունեության դասընթացի էջը առկա է:
Լրացուցիչ կրթության էջ չունի, սակայան , կարծում եմ, սա պետք է պարտադիր չհամարել. գուցե սովորողը որևէ լրացուցիչ կրթության չի մասնակցում:
Անհատական նախգծի բաժինը տեսանելի է, սիրում է ստեղծագործել:
Կարծում եմ՝ բլոգը պահանջներին համապատասխանում ոչ լիարժեք, մասնակի:
Комментариев нет:
Отправить комментарий