вторник, 19 октября 2021 г.

Աշնանային Արատես. եռօրյա հայրենագիտակա ճամբարի ամփոփում


Արատեսյան տպավորիչ ճամփորդություններին ավելացավ ևս մեկ: Հերթական ուրբաթն է, մեր ուրախ խումբը 13:00-ին ճանապարհ ընկավ Մայր դպրոցից: 
Քանի որ արդեն օրվա կեսն անցել էր, հասցրեցինք կանգնել միայն Եղեգիս գյուղում:  Եղեգիսն իր յուրօրինակ եկեղեցիներով, Եղեգիս գետով, բնության հետ միաձույլ փոքր տներով Հայաստանի ամենահետաքրքիր գյուղերից մեկն է: Տեղ հասանք գրեթե օրվա ավարտին, քայլեցինք գյուղով՝ վայելելով աշնանային բնությունը: Կանգնեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ՝ առանձնահատուկ ուշադրությամբ զննելով բարավորի աջ և ձախ կողմերում պատկերված հուշկապարիկները: Սուրբ Աստվածածինը , ըստ արևելյան պատի արձանագրության, կառուցել է Սյունյաց Տարսայիճ եպիսկոպոսը 14-րդ դարում: Այս պահին անմխիթար վիճակում է, մուտքը փակ է, քանի որ փլվելու վտանգ կա: 
Հետո քայլեցինք Զորաց եկեղեցի՝ վայելելով ճանապարհին թափված ընկույզները, ողջունելով դեղին-դեղին բարձրահասակ ընկուզենիների տակ բերք հավաքող գյուղացիներին, շրջանցելով արոտից վերադարձող նախիրը: 
Զորաց եկեղեցում մի ուրիշ խաղաղություն է տիրում, բարձունքից էլ աննկարագրելի աշուն է բացվում: 
Արատես հասանք մթնշաղին, տեղավորեցինք իրերը, սովորողների հետ ընթրիք պատրաստեցինք, ընթերեցինք, զրուցեցինք, հաջորդ օրվա աշխատանքները քննարկեցինք: 
Ինչքան էլ նախապես պլանավորում ես, հստակեցնում գործունեությունդ, օրը միշտ բերում է իր անակնկալները: 
Առավոտ ծեգին ճանապարհ ընկանք. այս անգամվա հայրենագիտական կետը Սևաժայռ լեռն էր: Արատեսից հաստատ նկատել եք դիք և վեր ցված մի քանի ժեռ գագաթ ունեցող այս հետաքրքիր լեռը: Այ հենց այս ուղղությամբ էլ քայլեցինք: Իսկական ճամփորդի համար ամենասիրելին հայոց լեռներ են, լեռներն այլ էներգետիկա ունեն, խաղաղ են, ուժ փոխանցող. քեզ թվում է, թե չես կարող, գագաթը շատ հեռու է քեզնից, բայց գագաթին կանգնելու և վերևից աշխարհին նայելու հմայքը քեզ հանգիստ չի տալիս, գնում ես,  ու գիտես, որ ճանապարհից հետ չես դառնալու: 
Մեր 20 հոգիանոց խումբը , որ բաղկացած էր տարատարիք սեբաստացիներից՝ 6-8- րդ դասարան, փոքրակազմ և բարձրահասակ, թույլ և ուժեղ, հաստատակամ և տատանվող, քայլեց առաջ՝ սկզբում շատ վստահ, հետո մի փոքր հոգնած, բայց վճռական, ավելի ուշ՝ իրար ձեռք բռնած և ընկերոջն օգնելով: ճանապարհը բավական թեք է և դժվար, բարձունքին մոտ արդեն  սահող փոքր քարեր են, վերելքն ավելի դժվար է: Ամբողջ ճանապարհին կատակել ենք, զրուցել, երգել, ոգևորել իրար: Ի վերջո , երեք ժամ տևած քայլարշավից հետո բարձունքին էինք : Վերևից իսկապես աննկարագրելի տեսարան էր՝ բաց կապույտ երկինք, անվերջանալի սարերի ուրվագծեր, երբեմն կանաչին տվող հատուկենտ բարձրահասակ սարեր, օդում սավառնող արծիվ, երբեմն նշմարվող քարայծեր:  Հեռվում Արատեսն էր՝ շատ փոքր, հազիվ նշմարվող տնակներով: 
Իջնելը այլ ուղղությամբ որոշվեց, բարձրացանք ավելի վեր, որպեսզի շրջանցենք լեռը և իջնենք լեռնալանջով: Այս ճանապարհն այդքան էլ զառիվայր չէ, բայց ավելի երկար է. վայելու ճանապարհ է: 
Աննկարագրելի օր ենք ունեցել. քայլել ենք՝ շատ-շատ, երգել ենք, մեր ունեցած վերջին շոկոլադն ենք կսիել, իրար ձեռք բռնած քայլել ենք, իրար օգնել ենք, սահող քարերի վրա նստած իջել ենք, էլ ինչ ասես: Երբ հետ իջանք, մութն ընկել էր, առանց ոտքի տակ տեսնելու գնում էինք, բայց առաջին գնացողը հենց փոսն էր ընկնում , գոռում էր՝ զգույշ եղեք, այստեղ փոս կա, կամ ջուր է, թռեք: Ու 17 սովորող իրենից հետո եկող էին էր կրկնում: Երբ արդեն ոտք դրեցինք Արատեսի առաջին տնակի մոտ, մեր երաժշտական խումբը սկսեց երգել ,,Յարս դաշտում կորել է,, հայտնի երգը՝ բառերը փոխած: Զվարճալի էր: Թվում է՝ հոգնեցուցիչ քայլքից հետո պետք էր քնել, հանգստանալ, բայց համընդհանուր ուրախությունը շարունակվեց , վառեցինք ավանդական խարույկը, շուրջպար բռնեցինք: Ուղիղ եթերը՝ այստեղ: 
Առավոտ վաղ անցանք միջավայրի խնամքի աշխատանքներին. իրականում երեք օրը շատ քիչ է, և այն, ինչ նախատեսել ես ամբողջությամբ իրականացնել չի ստացվում: Մաքրեցինք միջավայրը, մաքրեցինք ծառատունկի համար նախատեսված փոսերը ավելորդ աղբից, ճյուղերից, հավաքեցինք ծառերի տակ մնացած չորացած խոտերը: Ափսոս, որ չհասցրեցինք ավելին անել՝ միջավայրն ավելի կոկիկ դարձնելու համար: 
Հայրենիքը սիրելու ամենաճիշտ ուղին հայրենիքում քայլելն է, խնամելը ,ճանաչելը: Շատ կարևոր են քայլարշավները, բարձունքի հաղթահարումները, այլ որակներ են փոխանցում, այլ գրավչություն են տալիս, այլ ընկերություն է առաջանում: 

Լուսանկարներ, ֆոտոշարեր՝

Комментариев нет:

Отправить комментарий