пятница, 2 августа 2013 г.

Ժակ: 5 տարեկան

Ես վախենում եմ: Ես չգիտեմ, թե ինչու եմ վախենումԵրեկ հեռուստացույցով ցույց տվեցին այն, ինչ անվանում են Արևմուտք: Ես ուղղակի քարացել էի սարսափից: Ամբողջ մարմինս դողում էր: Ընտանիքս զարմացել էր:
Այսօր առավոտյան հայտնվեցին քույրերս՝ կովբոյների հագուստներով, որպեսզի ինձ վախեցնեն: Ես վազում եմ տան մյուս հատվածը: Նրանք բռնում են ինձ ճաշասենյակում: Ես վազում եմ խոհանոց: Նրանք բռնում են ինձ խոհանոցում: Ես վազում եմ լոգարան: Նրանք բռնում են ինձ լոգարանում:
-Հիմա մենք քո գանգամաշկը կհանենք,-հայտարարում է ամենափոքրը՝ Մաթիլդան:
Բայց ինչո՞ւ են նրանք այդպիսի չար բաներ ասում:

Քույրերս ընկնում են իմ ետևից մինչև ծնողներիս սենյակի մոտ: Հետո ուզում են բռնել ինձ մութ սենյակում, բայց ես փախչում եմ նրանց ոտքերի արանքով: Ես սարսափի մեջ եմ: Որտեղ թաքնվեմ: Գլխումս միտք է ծագում: Ես վազում եմ զուգարան: Ապահովության համար փակում եմ դուռը փականով: Նրանք ծեծում են դուռը, բայց ես ոչնչից չեմ վախենում, դուռն ամուր է: Զուգարանում կարծես ամրոցում լինեմ, իսկ նրանք շարունակում են ծեծել: Հանկարծ հարվածները դադարում են: Լսվում են ձայներ:
-Ի՞նչ է այստեղ կատարվում,-հարցնում է հայրիկը:
-Ժակը զուգարունում է փակվել,-ասում են քույրերը:
-Զուգարանո՞ւմ, և ինչ է անում նա զուգարանում,-զարմանում է հայրիկը:
Եվ այստեղ միտքս պայծառանում է:  Ես մի արտահայտություն եմ ասում, որը միշտ ասում է հայրիկը, երբ նա ցանկանում է հանգիստ մնալ զուգարանում և որը նյարդայնացնում է մայրիկին:
-Ես գիրք եմ կարդում:
Դռան մոտ լռություն է: Ես գիտեմ, որ տանը գիրք բառը միանգամից հարգանք է առաջացնում:
-Ինչ է, պետք է դուռը պայթեցնել,-սիրով առաջարկում է Մաթիլդան:
Լարված սպասում:
Հետո ես լսում եմ, ինչպես է հայրիկը մռթմռթում:
-Եթե նա նստել է զուգարանում, որպեսզի գիրք կարդա, պետք է նրան հանգիստ թողնել:
Այդ դասը մեխվել էր իմ ուղեղում: Եթե ամեն ինչ այնպես չէ, ինչպես անհրաժեշտ է, փակվում ես զուգարանում և սկսում ես գիրք կարդալ:
Ես նստում եմ աթոռակին և շուրջբոլորս եմ նայում: Աջում դրված է ամսագրերի խուրձ, իսկ նրանից վերև հայրիկի գրապահարանն է՝ նրա գրադարանը: Էջերը լցված են տառերով, որոնք կպած են մեկը մյուսին և որոնք ես չեմ կարողանում վերծանելԵս հիանում եմ գրքերի կազմով: Բարեբախտաբար, այստեղ կա մանկական ալբոմ՝ նկարներովԵս նրան գիտեմ: Հայրիկը արդեն դա կարդացել է ինձ համար գիշերը: Այնտեղ պատմվում է թզուկների մոտ գտնվող   հսկայական մարդու մասին և հսկաների մոտ գտնվող թզուկի մասին: Իմ կարծիքով այդ մարդուն անվանում էին Գուլիվեր: Ես նայում եմ նկարները և փորձում եմ հասկանալ տառերը, որպեսզի բառ կազմեմ: Դա չափազանց բարդ է: Ես կանգնում եմ թզուկների ամբոխի կողմից կապված  հսկայի նկարի վրա:
Մի օր ես կսովորեմ և զուգարանում երկար կփակվեմ , շատ երկար և կկարդամ այնքան երկար, որ կմոռանամ այն ամենը, ինչ կատարվում է դռան ետևում:
Բերնար Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий