Մեր ժամանակներում մեդիան մեծ դեր ունի ուսումնական գործընթացում:
Բնականաբար, միայն դասագիրքը չի բավարարում սովորողի հետաքրքրությունները, որը միշտ
նորի ու ավելի հետաքրքիր երևույթների փնտրտուքների մեջ է:
Գեղարվեստի կրտսեր
դպրոցում 5-6-րդ դասարանների սովորողները հմտորեն օգտվում են մեդիամիջոցներից՝ ֆոտոխցիկ,
ձայնագրիչ, համակարգիչ, էլ. գրատախտակ, կարողանում են գրագետ օգտագործել համացանցը,
տիրապետում են տարբեր համակարգչային ծրագրերի՝ MovieMaker, Wondershare և այլն:
Իհարկե, պետք է առաջ գնալ: Եվ հաջորդ քայլը բլոգի օգտագործումն
էր:
Բլոգը վիրտուալ տարածք է, որտեղ երևում են սովորողների հետաքրքրությունները:
Բլոգը կարելի է օգտագործել ուսումնական նպատակներով, որպես ուսումնական գործունեության
միջոց:
Բլոգի գործածումը
բավականին հեշտ է, և սովորողներն արագ այն յուրացրեցին: Իհարկե, կան սվորողներ,
որոնք ակտիվ բլոգերներ են և անկախ նրանից՝ հանձնարարություն ունեն, թե ոչ, անընդհատ
նորացնում են բլոգի նյութերը, տեղադրում եմ ֆոտոշարքեր, պատմում իրենց առօրյայից: Կան
նաև սովորողներ, որոնք համեմատաբար պասիվ են:
Ինչպես իրենք՝ սովորողներն են ասում, բլոգը իրենց էլեկտրոնային
տետրն է: Իսկ որոշներն ասում են, թե դա մեր փոքրիկ mskh-ն է:
Ինչպե՞ս ընտրեցինք թեման
Հանրակրթական Դիջիտեքի ուսումնական բաց մեդիապարապմունքին որոշեցինք ներկայացնել մեր բլոգները, համացանցից գրագետ օգտվելու հմտությունները, իհարկե, առաջին հերթին այդ ամենը պետք էր կապել Դիջիտեքի հետ: Արդեն մի քանի օր էր, ինչ սկսվել և շարունակվում էր Դիջիտեքը: Բնականաբար,
մենք չէինք կարող ներկա գտնվել դիջիտեքյան բոլոր միջոցառումներին, բայց էլ ինչի համար է մեդիան: <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի բոլոր դպրոցների ենթակայքերում դրվել էին և շարունակվում էին դրվել նյութեր, ֆոտոշարքեր, դիջիթեքյան պատումներ: Այ այստեղից էլ ծնվեց թեման և որոշեցինք ներկայացնել դիջիթեքյան քրոնիկոն մեր բլոգներում:
Սովորողները բաց դասին ներկայացան իրենց անձնական նեթբուք-նոթբուքներով:
Ի՞նչ էր պետք անել:
Սովորողներին տրվեց հանձնարարություն mskh-ի ենթակայքերից գտնել Դիջիտեքը նկարագրող
երեք-չորս հետաքրքիր նկար, տեղադրել բլոգում՝ նշելով աղբյուրը և մի քանի նախադասությամբ
ամփոփել Դիջիթեքը:
Առաջադրանքի նպատակները
Առաջադրանքը ցույց էր տալիս սովորողների մեդիահմտությունները,
բլոգի օգտագործումը, համացանցից գրագետ օգտվելը:
Այս առաջադրանքը զարգացնում է սովորողի մոտ ինքնուրույն փնտրելը,
գտնելը, միտք կազմելը և գրագետ ձևով այն բլոգում ներկայացնելը, ստեղծագործական ունակությունները:
Առաջադրանքի մեջ պիտի երևար, թե յուրաքանչյուր սովորող ինչպես
է ընկալել և հասկացել Դիջիտեքը:
Ի՞նչ հմտությունների պետք է տիրապետի աշակերտը հանձնարարությունը
կատարելու համար:
Աշխատանքը կատարելու
համար սովորողը պետք է շատ լավ տիրապետի բլոգին, իմանա, թե ինչպես են բլոգում նյութ
տեղադրում, իմանա, թե ինչպես են մտնում mskh ուսումնական կայքի ենթակայքերը, իսկ հետո
ընտրի նկարները և որպես վերջնական արդյունք
համապատասխան մեկնաբանությամբ տեղադրի սեփական բլոգում:
Աշխատանքի ընթացքը
Հանձնարարությունը ստանալուց հետո սովորողները սկսեցին աշխատել՝
յուրաքանչյուրն իր անձնական նոթբուք-նեթբուքով:
Հանձանարարությունը կատարելուց և բլոգում տեղադրելուց հետո
սովորողները սկսեցին ներկայացնել դրանք՝ մեկնաբանելով: Յուրաքանչյուր սովորող մի քանի
նախադասությամբ ներկայացրել էր Դիջիտեքը, կցել էր նկարներ, նշել կամ հղումը կամ գրել,
թե որտեղից է վերցրել:
Ինչպիսի՞ն էին արդյունքները:
Աշխատանքները տարբեր էին և յուրօրինակ, ոմանք ավելի մանրամասն
էին նկարագրել, ոմանք սեղմ՝ ավելի շատ նկարներ էին օգտագործել: Ստորև ներկայացնում
եմ այդ աշխատանքներից մի քանիսը, որոնք դուրս են բերված սովորողների բլոգներից:
Комментариев нет:
Отправить комментарий