суббота, 16 марта 2013 г.

Խոսքի դրսևորումները

Ըստ արտաբերման եղանակի խոսքը լինում է երկու տեսակ՝ բանավոր և գրավոր: Բանավոր խոսքն աչքի է ընկնում իր անմիջականությամբ, կենդանությամբ, որը գրավոր խոսքի համեմատ անմշակ է, ավելի ենթակա վրիպումների, բայց գրավորի նկատմամբ ավելի հարուստ է հնչերանգի տվյալներով և ունի առոգանական հագեցվածություն: Բանավոր խոսքն անմիջապես ուղղված է ունկնդրին: Գրավոր խոսքն ավելի մշակված է, նախապատրաստված, համեմատաբար քիչ վրիպումներով, երբեմն աննշան վրիպումներով: Այն կարող է ուղղված լինել ինչպես ժամանակակիցներին, այնպես էլ հետագա սերունդներին: Այն չունի բանավոր խոսքի հնչերանգային հագեցվածությունը և ձգտում է ավելի փաստացիության, ճշտության: Այն կառուցվում է գրական լեզվի կանոններին և օրինաչափություններին համապատասխան: Ըստ պատկանելիության խոսքը լինում է սեփական, հեղինակային, ուղիղ և ներքին: Սեփական խոսքն արտահայտում է խոսողի կամ գրողի մտածությունները, խոհերը, ապրումները: Սա արտահայտման բանավոր և գրավոր հաղորդակցման հիմնական ձևն է: Սեփական խոսքի տարատեսակ է հեղինակային խոսքը, որն այդպիսին դառնում է գեղարվեստական ստեղծագործության որոշ տեսակներում, որոնցում հանդես են գալիս կերպարներ: Ուրիշի խոսքը ասված կամ գրված միտք է և ուրիշի խոսքի դիմում ենք երբ որևէ գաղափար է պետք հաստատել, համոզիչ դարձնել: Ուրիշի խոսքը կարող է դառնալ բնաբան: Ներքին խոսքը գրավոր խոսքում հանդես եկող երևույթ է: Ներքին խոսքը մեր գրականության մեջ համեմատաբար նոր երևույթ է և բոլոր արձակագիրները չեն, որ դիմում են ներքին խոսքի:: Շիրվանզադեն <<Քաոսը>> գրելիս գործածել է քառասուներկու ներքին խոսք: Իսկ Նաիրի Զարյանը <<Հացավան>>-ի հարյուր էջում գործածում է քսանվեց անգամ ներքին խոսք:  Ըստ արտահայտման ձևի խոսքը լինում է մենախոսություն և երկխոսություն: Որպես մենախոսություն համարվում են գիտական ուսումնասիրությունները, ճառերը, զեկուցագրերը, բանաստեղծությունները, իսկ երկխոսությունը կենդանի, շարժուն խոսքն է: Ըստ կառուցվածքային առանձնահատկությունների խոսքը լինում է արձակ և չափածո: Արձակ խոսքը բնորոշվում է ծավալի և կառուցվածքի ազատությամբ,  անբնականությամբ, իսկ չափածո խոսքն աչքի է ընկնում բառերի քերականական արտահայտությունների ընտրությամբ: Ըստ կազմության խոսքը լինում է շարուն և  պարբերավոր: Շարուն խոսքի նախադասությունները կապվում են առանց հնչերանգային միասնություն կազմելու:  Միմյանց հետ զրուցելիս, գիտական ուսումնասիրություն շարադրելիս, հիմնականում  արտահայտվում են այս եղանակով: Իսկ պարբերավոր խոսքը ունի արվեստավոր կառուցվածք և այն բաղկացած է պարբերույթից կամ պարբերույթներից: Պարբերույթը ներդաշնակ կառուցվածք է, այն բնորոշվում է  երկու հիմնական հատկանիշներով: 
1.Ներքին կառուցիկություն:
2.Կշռույթ կամ ռիթմ:
Պարբերույթը կառուցվածքային առումով բաղկացած է երկու մասերից: Ըստ անդամների քանակի պարբերույթները լինում են պարզ կամ անդամական և բազմանդամ: Պարբերույթը անթերի է, եթե հատվածները կանոնավորապես սկսվում և ավարտվում են միևնույն բաղադրիչներով: Ըստ անդամների ձևավորման առանձնահատկությունների պարբերույթները լինում են երեք տեսակի
1.Բանաստեղծական
2.Ճարտասանական
3.Պատմողական:
Ըստ ծավալի խոսքը կարող է լինել համառոտ, ընդարձակ կամ կարճ և ծավալուն:

Комментариев нет:

Отправить комментарий