Լեզվի և խոսքի հակադրությունը պատկանում է Սոսյուրին: Լեզվի մեջ գործում են իրարամերժ երկու վիճակներ՝ դինամիկան և ստատիկան: Այս երկհակադրությանը անդրադարձել են բազմաթիվ անվանի լեզվաբաններ՝ Բենվենիստը, Ելմսլեվը, Գարդիները, Սմիրնիցկին, Կուզնեցովը, Ջահուկյանը: Լեզվաբանական գրականության մեջ բերվում են խոսքի և լեզվի տարբերակիչ հետևյալ հատկանիշները:
1.Խոսքը բնութագրվում է իբրև անհատական երևույթ, իսկ լեզուն որպես հասարակական երևույթ:
2.Լեզուն իբրև սոցիալական, իսկ խոսքը հոգեբանական երևույթ:
3.Խոսքը շարժուն, դինամիկ երևույթ է դիտվում և այդպիսին էլ կա, իսկ լեզուն համեմատաբար կայուն:
4.Խոսքը պատմական երևույթ է, իսկ լեզուն՝ ոչ:
5.Խոսքին հատուկ է նյութականությունը, իսկ լեզվին վերացականությունը:
Ջահուկյանը լեզուն և խոսքը դիտում է իբրև փոխադարձորեն միմյանց պայմանավորող երևույթներ: Նա գտնում էր, որ խոսքը պրոցես էր, իսկ լեզուն այդ պրոցեսի նախադրյալը և արդյունքը: Այստեղ կարևոր է լեզվի և մտածողության դերը, որը կարելի է ներկայացնել այսպես՝ լեզու- մտածողություն, խոսքը կապվում է մտածողության հետ: Այսպիսով խոսքը որևէ նյութի կամ խնդրի շուրջ կառուցվածքորեն ձևավորված, հոգեբանական հանգամանքներով պայմանավորված, տրամաբանորեն կազմված և որոշակի նպատակի ուղղված մտքերի ամբողջություն է և լեզուն իր բոլոր գործառույթները կատարում է ոչ թե նախադասության, այլ խոսքի միջոցով:
Комментариев нет:
Отправить комментарий