пятница, 5 июля 2013 г.

Ֆենիքսի /փյունիկի/ առասպելը

Ֆենիքսի մասին լսել էի դեռ փոքր ժամանակ: Ասեմ միանգամից, առանց երկարացնելու, ֆենիքսին հաճախ անդրադառնում էին ամերիկյան արտադրության մուլտերում/երևի բոլորդ էլ հաճույքով նայել եք այդ մուլտերը/: Ճիշտ է, մուլտֆիլմում այնքան էլ շատ բան չէր պատմվում, բայց, չգիտես ինչու, այդ առասպելը ինձ շատ էր գրավում:  Բացի այդ, ֆենիքսի թեման չափից դուրս հոգեհարազատ է ինձ համար: Ինչևէ, գլուխ չցավեցնեմ, անցնեմ առաջ:
Մուլտֆիլմերից հետո այդ թեման շատ հաճախ հանդիպում էր ինձ գեղարվեստական ստեղծագործություններում: Բայց ամեն տեղ դա խորհրդանշական էր, որը ևս բխում է ֆենիքսի առասպելից; Այդ մասին կխոեմ մի քիչ ուշ: Բայց մինչ այդ, ո՞րն է ֆենիքսի առասպելը:
Ֆենիքսի մասին կան մի քանի պատմությունները/ դե դա նույնն է բոլոր առասպելների դեպքում/:
Ֆենիքսը առասպելական թռչուն է, որը երևի թե հանդիպում է հունական դիցաբանության մեջ, սակայն, առասպելից դատելով, կարող ենք կարծել, որ այն կա նաև եգիպտական դիցաբանության մեջ կամ էլ այս առասպելը սերտորեն կապվում է Եգիպտոսի հետ: 
Ֆենիքսն ապրում էր 500 տարի, մեկ այլ աղբյուրի համաձայն 1460  կամ 12954:  Երևի ամենաճիշտ տարբերակը հինգ հարյուրն է, առասպելախառն պատմություններում այս թիվն ավելի հաճախ է հանդիպում: 
Ֆենիքսը արտաքին տեսքով նման էր արծվին, բայց չափերով մեծ էր, իսկ փետուրները ոսկեգույն էին ու կարմրավուն: Երևի այս էր պատճառը, որ մուլտֆիլմերում ֆենիքսին պատկերում էին կրակի մեջ այրվող թռչունի տեսքով:
Ըստ առասպելի ֆենիքսը հինգ հարյուր տարին մեկ  ձագ էր ունենում:  Ինչպես է պատահում դա: Ֆենիքսը ինքն իրեն հրկիզում է՝ ինքնակիզվում է և նրա մոխրից վերածնվում է իր ձագը:  
Ֆենիքսի մասին առաջին տեղկությունները հանդիպում են հույն պատմիչ Հերոդոտոսի մոտ:  Հերոդոտոսից հետո շատերն են գրել այս առասպելի մասին:  Հերոդոտոսն ասում է, որ այս թռչունը Արաբիայից էր, ապրում է հինգ հարյուր տարի իր ծնողների հետ, իսկ երբ ծնողները մեռնում են, վերցնում է նրանց դին և տանում Եգիպտոս ու թաղում արևի աստծո տաճարում: Ահա այս կետում հատվում են հունական և եգիպտական առասպելները: Այլ կերպ ասած պարզ չէ, թե այս առասպելը մտնում է հունական դիցաբանության, թե եգիպտական դիցաբանության մեջ: Ինձ, չգիտես ինչու, թվում, թե սա կապված է հենց եգիպտական դիցաբանության հետ, կարծում եմ սրա հիմքերը պետք է փնտրել եգիպտական առասպելաբանությունում: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ ամենահին շրջանում , երբ չկային առանձնացված ժողովուրդները ՝իրենց դիցաբանական պանթեոնով, մարդիկ, ավելի շուտ ցեղախմբերը, որպես աստվածներ պաշտում էին բույսերին կամ կենդանիներին, բնության երևույթներին: Կարծում եմ այս թռչունի առասպելը բխում է հենց ամենահին ակունքներից, ավելի հին է քան հունական պանթեոնը: Իհարկե, ժամանակի ընթացքում առասպելները փոփոխություն են կրում, փոփոխվել է նաև սա:  Ինչև է շարունակենք...
Առասպելը ամենաանմիջական կապն ունի արևի հետ, քանի որ հուրը, կրակը արևից է: Միգուցե և սա  արևի աստվածացման առաջին փուլն է: Հետո դուք երևի հաճախ եք հեքիաթներում կարդացել այն մեծ թռչունի մասին, որը իր թևերով ծածկում էր արևի լույսը: Իսկ Ֆենիքսը իր չափերով երևի թե կարող էր ծածկել արևը:
Բայց Հերոդոտոսը թռչունի ինքնահրկիզման և վերածնման մասին ոչինչ չի հիշատակում, իսկ առասպելի մասին ասում է, որ ճշմարտամոտ չէր:
Տացիտը, որը հայտնի անտիկ գրող էր, նույնպես խոսում է այս առասպելի մասին, նա Հերոդոտոսի նման ասում է, որ առասպելը ճշմարտանման չէ: Տացիտի գրառած առասպելում մի փոքր տարբերություն կա: Այսպես, ըստ Տացիտի Ֆենիքսը հինգ հարյուր տարի ապրելուց հետո ձագ էր ունենում, որից հետո մեռնում էր:  Բայց Տացիտը նաև գրում է, որ Հռոմի որոշ հատվածներում և Եգիպտոսում շատերը տեսել են այդ թռչունին:  
Անտիկ գրողներից շատերն են անդրադարձել Ֆենիքսի առասպելին, սակայն դրանք հիմնականում նույնանման են:
Ժամանակները անցնում են, դեպի քրիստոնեություն: 
Ինքս էլ չգիտեի, բայց փաստորեն Ֆենիքսին անդրադարձել են նաև քրիստոնյանները: Դե դա բնական է, քանի որ հեթանոսական  շատ երևույթներ իրենց նոր բացատրությունը ստացան քրիստոնեկան կրոնի մեջ: Փաստորեն այս առասպելն էլ բացառություն չի կազմում:
Ֆենիքսը քրիստոնեության մեջ հանդիսանում է Քրիստոսի խորհրդանիշը: Դե դա բնական է, քանի որ Քրիստոսը ըստ Աստվածաշնչի հարություն է առնում, նշվում է Հարության տոնը: 
Նախնական քրիստոնեությունում ֆենիքսը հաճախ հանդիպում է գերեզմանաքարերի վրա, կարող եմ եզրակացնել, որ այժմ քրիստոնեության մեջ շատ քիչ է հիշատակվում Ֆենիքսը, կամ էլ համարյա չի հիշատակվում: 
Քրիստոնեության մեջ կա այսպիսի առասպել, ըստ որի Եվան Դրախտում ուտում է արգելված պտուղը և դրանով կերակրում Ադամին ու Դրախտի մյուս կենդանիներին: Չի ցանկանում ուտել միայն մի համառ թռչուն՝ Ֆենիքսը, որի համար էլ հետագայում նա պահպանում է իր անմահությունը: Այս թռչունը ապրում է հավերժ, ամեն հազարամյակը մեկ այրվում է և հարություն առնում մոխիրներից: Ըստ այլ աղբույրների կար նաև մի այլ առասպելական թռչուն՝ Զիզը, որը միայն իր մի թևով կարող էր ծածկել ամբողջ արևը: Այս երկու թռչունները, ըստ առասպելի ապրում էին Դրախտում: Ես կարծում եմ, որ սրանք երկուսն էլ նույն առասպելն են և խոսքը ոչ թե երկու տարբեր թռչունների մասին է այլ մեկ առասպելի երկու տարբեր պատումների մասին: 
Կա նաև մեկ այլ առասպել: Նոյը տասներկու ամիս մնում է տապանում՝ ջրհեղեղի պատճառով: Այդ ընթացքում Նոյը կերակրում էր տապանում գտնվող թռչուններին և կենդանիներին, որոնցից միայն ֆենիքսն էր համեստորեն պառկել անկյունում և ոչնչի չէր խառնվում, ոչինչ չէր պահանջում: Նոյը հարցնում է.
-Ինչո՞ւ դու քեզ համար կեր չես ուզում:
-Ես տեսնում եմ, թե դու ինչքան դժվարություններ ունես մյուսների հետ, չեմ համարձակվում քեզ անհանգստացնել,-պատասխանում է ֆենիքսը:
Այս խոսքերից զգացված՝ Նոյը ասում է.
-Դու տեսար իմ աշխատանքը և ցավեցիր իմ դժվարությունների համար: Ամենակարողը թող քեզ մշտական կյանք տա:
Ֆենիքսը, ինչպես լինում է տարբեր առասպելներում, ունի նաև եգիպտական անվանում՝ Բենու, որը հանդիսանում էր Ռա աստծո հոգին, ինչպես հայտնի է Ռան արևի աստվածն էր: Բենու նշանակում է փայլել: Ըստ լեգենդի Բենուն ծնվել էր կրակից, որը վառվում էր Ռա աստծո տաճարի մոտ եղող սուրբ ծառի վրա: Ըստ մեկ այլ վարկածի Բենուն դուրս էր եկել Օսիրիսի սրտից: Որոշ տեղերում Բենուն բացի սովորական տեսքից /արծիվի տեսքով, հրակարմիր փետուրներով/ նկարվել է մարդու տեսքով, բայց արծվի գլխով: Կարծում եմ արդեն այս հատվածում Բենուն պիտի առանձնանար որպես առանձին աստվածություն, ոչ թե որպես Ռայի հոգի  կամ Օսիրիսի սիրտ:
Իհարկե, այս թեմայով կարող ենք երկար ծավալվել, քանի որ ֆենիքսի կերպարը կա նաև չինական դիցաբանությունում, լավ փնտրելու դեպքում կարող ենք գտնել նաև մյուս ժողովուրդների մոտ, տարբեր տեղեր այն տարբեր անուններ ունի, բայց բոլորի մոտ էլ, բոլոր առասպելներում էլ հիմքը նույն է՝ մեռնող և հարություն առնող թռչուն: 
Այստեղից ես մի փոքր եզրակացնում եմ, որ թռչունին վերաբերող հատկանիշները ժամանակի ընթացքում տեղափոխել են աստվածների վրա, այլ կերպ ասած ստեղծել են աստվածություն՝ մեռնող և հարություն առնող /այն տարբերությամբ, որ չկա  ինքնահրկիզումը/: Եզրակացնում եմ , որ Ադոնիսի /հունական դիցաբանություն/ և Արա Գեղեցիկի /հայկական դիցաբանություն/ նախահիմքը եղել է հենց այս հրակարմիր և արծվի տեսքով հմայիչ առասպելական թռչունը...
Մի փոքր ֆնիքսի  սիմվոլիկայի մասին, որը պատումի ամենասկզբում խոստացել էի ասել: Հիմա շատերն են անդրադառնում Ֆենիքսին ու ֆենիքսի սիմվոլիկային, երբեմն առօրյայում, բայց ամենից շատ՝ գրականության մեջ:  
Փյունիկը վերածննդի խորհրդանիշն է, հուսալքվածների ապավենը: Այն հեռու է վանում անհաջողությունը և հույս տալիս մարդկանց, երևի դրա համար է, որ այս առասպելը այսքան սիրված է: 

Տաթևիկ Աբրահամյան


3 комментария:

  1. Ըստ ինձ Արայի առասպելը ավելի հին է․․․

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Գուցե ներկայանայիք...

      Удалить
    2. Արայի առասպելը չի կարող ավելի հին լինել, քանի որ նախամարդիկ սկզբնական շրջանում պաշտում էին բնության երևույթները, կենդանիներին, թռչուններին, իսկ պանթեոնը ձևավորվել է ավելի ուշ:

      Удалить