воскресенье, 7 февраля 2021 г.

Նորից Արատեսում


Ձմեռային ուսումնահետազոտական ճամբարում սովորողների առաջարկով ծնվեց Արատեսյան նախագիծը: Առաջիկայում հունվարյան ստուգատեսային ճամբարն ամփոփող Ղափամայի ծեսն է, որն էլ դարձավ մեր Արատեսյան ճամբարի հիմնական նախագիծը: Նախորդ այցելության ժամանակ Հարիսայի ծեսը մեզ հետ տարել էինք Արատես. այս անգամ մեզ էր սպասում համեղ Ղափաման: 
Ճանապարհը բաց և անսառույց էր, արագ ու թեթև հասանք Արատես. նախորդ խումբը մեզ էր սպասում, հերթափոխի ընդունումից հետո անցանք տեղավորման աշխատանքներին: 
Արատես՝ ճեփ-ճերմակ ձյունի մեջ կորած, աշխարհից կտրված, անսահման խաղաղ, բայց միաժամանակ շատ տաք: Կարճ ժամանակ անց ճրթճրթոցով վառվում էին վառարանները, սենյակում կարտոֆիլի պլեճի հաճելի բույրն էր, իսկ դրսում՝ հավես ձնագնդի ձմռան սիրահար սովորողների հետ: 

Բոլորը կփաստեն, որ ձմռանը ձյան մեջ պտտվելուց, խաղալուց, գլորվելուց լավ բան չկա: Եվ հաճույքը կրկնապատկվում է, երբ ամբողջ երկու ամիս դրան ես սպասել: 
Սովորողների նախասիրությունները տարբեր են նաև այս հարցում. ոմանք նախընտրեցին սառցե տնակ պատրաստել, ոմանք՝ ձնեմարդ, ոմանք՝ ձնագնդի և ձնագլոր: Իսկ մենք՝ աղջիկներով, ձյունե պատկերներ ստացանք և լուսանկարվեցինք: 
Օրը դեռ չէր ավարտվել, սահնակ պետք է քշեինք: Արատեսի վերևի տան վերևի բարձունքից մինչև եկեղեցի մի շնչով ես իջնում, թռչելով ու սուրալով, ամբողջովին հարթ ճանապարհ է, անգամ սահքի ընթացքում քամու՝ դեմքդ շոյող փչոցն ես զգում: Հավես է: Բայց տես որ մեր սահքի սիրահարները սահնակները ետ բերել չեն սիրում, էլ ինչի ետ բերեն, եթե հարթ ճանապարհը դեռ շարունակվում է, իսկ սահնակդ  երկար գնում է: Զվարճալի էր, այդպես բավական տարածք իջնելուց և մի լավ սահելուց հետո, միևնույնն է սահնակները վերցրինք և բարձրացանք: 
Ձնախաղերն ու սահքը շարունակեցինք հաջորդ երկու օրը, իսկ վերջին օրը, երբ սպասում էինք հաջորդ խմբի ժամանելուն, ինքնաբուխ ձնագնդի-խաղ սկսվեց, բոլորս մի լավ ծիծաղեցինք, իրար թրջեցինք ու վայելեցինք ձմռան պարգևը: 
Պարուսուցումը, տեխնոլոգիական աշխատանքները անընդհատ էին երեք օրերի ընթացքում: Սկսեցինք քնապարկերի համար տարբերանշանների պատրաստումը, ծեսի համար երգեր սովորեցինք, պարեցինք, հետաքրքիր տեսանյութեր նկարեցինք, Միդլ TV-ի նկարահանումներն արեցինք, և այլն: 

Երկրորդ օրը ամբողջ կրթահամալիրում Ղափամայի օր էր: Մենք էլ Արատեսում էինք տոնում, պատրաստեցինք դդումը, կարդացինք բաղադրատոմսեր, սկսեցինք պատրաստել: Իսկական դդմախառնաշփոթ, մեկը երգում էր, մյուսը դդումը լցոնում, երրորդը՝ համտեսում և այսպես շարունակ... Ղափաման եփեցինք թոնրում, թոնրի շուրջն էլ երգեցինք, պարեցինք: Հետո համտեսեցինք, շատ համեղ էր ստացվել:
Ճամբարային գործունեությունում օրվա մի մասը զբաղեցնում է խմբի համար ուտելիք պատրաստելու գործընթացը, և որպեսզի դա ավելորդ բեռ չդառնա, ճիշտ կլինի դարձնել իսկական նախագիծ: Մեր խմբում ընդամենը երկու աղջիկ է, իսկ ինչ կարևոր է դա, եթե տղաները շատ աշխատասեր են, սիրում են համեղ բաներ պատրաստել, մի քանիսն էլ խորհարար դառնալու մտքեր ունեն: Իսկապես, խոհանոցային գործունեությունը դարձավ հավես նախագիծ, որը կարևոր հմտություններ փոխանցեց սովորողներին:
Երրորդ օրը ընդունեցինք մեզ փոխարինող խմբին: Բակում համատեղ երգուսուցում-պարուսուցում կազմակերպեցինք: Ի՜նչ խոսք, հաճելի էր, բայց չէինք ցանկանում գնալ: Այսպիսին է Արատեսը՝ գերող ու կանչող, ամեն եղանակի տարբեր, ամեն եղանակի գրավիչ, հետաքրքիր և չմոռացվող հիշողություններ պարունակող կամ արթնացնող: Նորից կգանք...


Այս ճամփորդությունները միշտ էլ մի շարք կարևոր հմտություններ են փոխանցում սովորողներին, փորձեմ ներկայացնել.
  • քնապարկերի մշակույթ, կարևոր հատվածը սովորել սեփական քնապարկը ճիշտ հավաքել,
  • ինքնակազմակերպվել, նախաձեռնել, առաջարկել
  • վառարանների մշակույթ. Արատեսի տնակները տաքացվում են փայտե վառարաններով, պետք է փայտ բերել, օգնել կոտրել, պաշար հավաքել, որ գիշերը վառելափայտ լինի, ընտրել չորերը, շարել վառարանի տակ, որ չորանա, հետևել, որ չհանգչի, ճիշտ կատարել, որ սենյակը ծուխ չլցվի և այլն... պատմելու, ներկայացնելու է...
  • ընկերոջ հանդեպ ուշադիր լինել, օգնել
Շարքը երկար կարող ենք շարունակել: Անսպասելի է Արատեսը, միշտ նոր նախագծերի, նոր նախաձեռնությունների ոգևորություն և մտքեր է փոխանցում....
Լուսանկարները ստորև. 















Комментариев нет:

Отправить комментарий