Այս դեպքը տեղի ունեցավ մեր դպրոցում կազմակերպված ծնողական երեկոյի ժամանակ։ Օսին ու նրա Լիզա հավը այնպիսի աղմկալից հաջողություն ունեցան, որ ամբողջ քաղաքը երեք օր միայն այդ մասին էր խոսում։
Օսին այդ հավը մի քանի տարի առաջ նվեր էր ստացել իր ծննդյան օրը։ Նրանց ընտանիքում մեծ շուքով էին նշում ծննդյան տոները։ Վեց հոգուց էր բաղկացած այդ ընտանիքը՝ հայրը, մայրը և չորս որդիները։ Չորսն էլ մեր դպրոցում էին սովորում։ Օսին ամենամեծն էր։
― Վերջին հաստլիկի հերթն էլ հասավ, ― ասաց Օսին, երբ նրա կրտսեր եղբայրը հսկայական պայուսակը ձեռքին ոտք դրեց դպրոցի բակը։
Իր եղբայրներին Օսին հաստլիկ էր անվանում։
― Այ հիմա արդեն լրիվ կազմով ենք, ― հպարտությամբ հայտնեց նա ֆրաու Վիլաուին՝ մեր դասղեկին։