вторник, 19 ноября 2013 г.

Գրիգոր Նարեկացի

 Գր. Նարեկացին հայ բանաստեղծ, փիլիսոփա և  երաժիշտ է։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ X դ. հռչակված դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։
Ուսումը ստանալուց հետո Գրիգորը վարդապետ է ձեռնադրվում նույն Նարեկա վանքում և ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։

 Ահա այդ ավանդապատումներից մեկը: Այն մեզ է հասել Թլկուրնացու շնորհիվ:
Հովհաննես Թլկուրանցու վիպական տաղերից մեկն սկսվում է «Գեղ մի կայր՝ Նարեկ ասեն» /Նարեկ անունով մի գյուղ կար/ տողով: Այս տաղն ունի ավանդապատում բնույթ եւ պատմում է միջնադարյան հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու հրաշագործությունների մասին: Միջնադարում սրբացած բանաստեղծին նվիրված եղել են բազմաթիվ զրույցներ, ավանդություններ, որոնցից մեկը մշակել է Թլկուրանցին: Այդ պատմությունները ժողովրդի մեջ պահպանվել են երկար ժամանակ:
Նարեկացու մասին պատմվող  զրույցներն ունեն  ժողովրդական ծագում, որը  երեւում է նրանց բովանդակությունից:
 Այս զրույցներում Նարեկացին հրաշագործ սուրբ է, պաշտելի վարդապետ: Նարեկ գյուղի տանուտեր Գորգիկը երկար տարիներ եկեղեցի չէր այցելել: Վարդապետը հարցնում է.
-Գորգիկ, դու տանուտեր ես, ինչո՞ւ չես գալիս եկեղեցի:
Գորգիկը պատասխանում է.
-Շատ մշակներ ունեմ, մնան անգործ:/ Շատ մշակ ունիմ՝ չըբանին:/
Եվ վրդովված վարդապետն անիծում է նրան.
-Մարմինդ հողի մեջ չհանգչի:
Երբ մեռնում է Գորգիկը, հողը, իրոք, չի ընդունում նրա մարմինը:
Անիծված տանուտերին թաղելու բոլոր ջանքերն իզուր են անցնում, եւ ճարահատյալ ազգականները խնդրում են Նարեկացի վարդապետին: Վերջինս տեղի է տալիս նրանց թախանձանքներին եւ խոսում է մեռած տանուտերի հետ, որը կենդանանում եւ թողություն է խնդրում՝ սրբի ոտքերն ընկնելով: Իսկ սուրբը հրամայում է.
-Գո՛րգ, հանգչիր հողի մեջ:
Ահա այդ ժամանակ միայն հողն ընդունում է մեռածի մարմինը:
Այս զարմանալի դեպքից հետո հրաշագործ կրոնավորի համբավը հասնում է Սիս, որտեղից երեք վարդապետ է գալիս Նարեկացուն տեսնելու:  Նրանք Նարեկացուն հանդիպում են ոչխար արածեցնելիս: Հոգով սուրբ վարդապետն իմանում է, թե ինչ կա նրանց սրտում եւ գայլերին կանչում ու որպես հովիվ պահապան է դնում ոխչարների վրա: Ապա իր խցում նա  վարդապետներին ուզում է հյուրասիրել խորոված աղավնիներով: Հյուրերը նկատում են, որ օրը պահս է, սակայն Նարեկացին նրանց առաջարկում է.
Կամ կերէք, բարի հիւրեր,
Կամ հրաման տըւէք, որ թռչին:
Նրանք շատ են զարմանում, իսկ վարդապետը հրամայում է, եւ եփված աղավնիները կենդանանում են ու թռչում.
Այս տեսնելով՝ ապշահար եղած վարդապետները լուր են տանում Սսո կաթողիկոսին, թե ճշմարիտ է և ճիշտ են ասում, նա մեռածներին հոգի է տալիս:
Միջնադարյան մեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու մասին հորինված ե՛ւ ժողովրդական զրույցները, ե՛ւ Թլկուրանցու վիպական տաղը բնութագրական են նրանով, որ պատկերում են Նարեկացի բանաստեղծի սրբակյաց վարքը: Ժողովրդի համար այդպիսի սուրբը, բնականաբար, չէր կարող անհիշատակ մնալ:

Комментариев нет:

Отправить комментарий