9-1 դասարան, Գրականություն


Լրացուցիչ նյութեր՝

30.03.2026
Աշխատանք դասարանում
 Շիրվանզադեի ,,Արտիստը,, ստեղծագործության քննարկում։ 
Շիրազ
ԹԱԳԱԴՐՈՒՄ
Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…
Առաջադրանքներ
1․ Ի՞նչն է արթնացնում բանաստեղծական հերոսի հոգին։
2.Ի՞նչ է նշանակում «գարնան թագավոր ինձ թագադրեմ» տողը։
3.Ինչպիսի՞ տրամադրություն է ստեղծվում բնության նկարագրությամբ։
4.Ի՞նչ է ցանկանում փոխել հերոսը աշխարհում։
5.Ինչպիսի՞ աշխարհ է նա պատկերացնում։
6.Պատկերացրու, որ դու ևս հրովարտակ ես արձակում։ Ի՞նչ կփոխեիր աշխարհում։
7.Նկարագրի՛ր գարունը՝ օգտագործելով բանաստեղծության պատկերները։

Հովհաննես Շիրազ

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԳ

Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես բախտիս սաերն ի վեր,
Ելնում են ես քարերն ի վեր,
Ելնում են ես սարերն ի վեր,
Քարեր, սարեր, դարերն ի վեր:
Բախտս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատում քարեր ճամփիս,
Չեմ նկատում սարեր ճամփիս,
Քարեր, սարեր, դարեր ճամփիս:
Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ՝ չգիտեմ՝ կա՞, թե՞ չկա,
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահեր, մահեր, ջահերն ի վեր:
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ՝
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարեր, սարեր, դարեր կան դեռ...

Առաջադրանքներ
1.Ի՞նչ ճանապարհի մասին է խոսվում ստեղծագործության մեջ։
2.Ի՞նչ է նշանակում «աչքերիս մեջ գարնան օրեր» արտահայտությունը։
3.Ի՞նչ գաղափար է արտահայտում բանաստեղծությունը։ 
4. Արդյո՞ք այս բանաստեղծությունը միայն անցյալի մասին է, թե՞ նաև ներկայի և ապագայի։


19.03.2026
Աշխատանք դասարանում
,,Ավելորդը,, պատմվածքի քննարկում ։ 
  • Ի՞նչ է նշանակում «ավելորդ» լինել։  Ո՞վ և ինչու կարող է դառնալ  «ավելորդ» 
  •  Ի՞նչ արժեքների բախում է ներկայացված պատմվածքում։
  • Ինչպիսի՞ ուղերձ է փոխանցում հեղինակը մարդու և նրա բարոյական ընտրության մասին։
  • Արդյո՞ք ուշացած զղջումը արժեք ունի։
  • Արդարացրե՛ք Հաճի աղային։ 
  • Ինչպե՞ս կարելի է կանխել նման երևույթները հասարակության մեջ։

Լրացուցիչ աշխատանք (տանը)


Կարդացե՛ք Շիրվանզադեի ,,Արտիստը,, ստեղծագործությունն ամբողջությամբ և պատասխանե՛ք հարցերին։ 


16.03.2026
Աշխատանք դասարանում
,,Քելե լաո,, բանաստեղծության քննարկում։ 
Էսսե՝ 

Ինչու՞ է կարևոր հիշել մեր պատմությունը և գրականությունը, և ինչպե՞ս կարող է այն մեզ օգնել մեր ապագան կառուցել։

Խաչվող հասկացություններ- Ինքնություն, Համակեցություն


Նաիրի Զարյան ․ Հայրենի տուն 

Այս գիշեր տեսա մի անուշ երազ.  
Ես իմ հայրենի տունն էի նորոգում, 
 Մանկության երկինքն էր բացվել վրաս,
  Եվ արշալույսներ կային իմ հոգում։ 
 Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ,
  Մայրենի լեզվով խոսում էր առուն,
  Խշշում էր բակում հինավուրց մի ծառ...
  Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն... 
 Երդիկից կաթած շողն արեգական 
Թվում էր հոգուս ոսկյա բանալի,
  Արևն էր նայում աչքով մայրական, 
 Եվ քաղցր էր աշխարհն ու հասկանալի... 

1. Ինչո՞ւ է հայրենի տունը կապվում մանկության հիշողության հետ։ 

2. Ի՞նչ հիմնական գաղափար կամ ուղերձ է փոխանցում բանաստեղծությունը։ 

Հայերեն

Ինչու՞ չես խոսում հայերեն.
Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Հոնքերդ հպարտ ու կամար՝
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:
Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլքով խանդավառ,
Ես երգ եմ հյուսում քեզ համար:
Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց
Հայացքդ մաղում է ամառ.
Հայքից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար…
Իջնում ես հայոց լեռներեն
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նայվացքդ այնպես նաիրյան
Հմայքդ այնպես հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:
Նորքից ես թռել դու իմ լոր,
Զանգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

1. Քո կարծիքով ո՞ւմ է դիմում բանաստեղծը։ 
2. Ո՞ր հարցն է կրկնվում, ի՞նչ նպատակով։ 
3. Առանձնացրո՛ւ արտաքինի նկարագրությունները։ Ի՞նչ զուգորդումներ է անում հեղինակը։ 
4.  Ինչո՞ւ է կարևոր խոսել և սովորել մայրենի լեզուն։  Ի՞նչ դեր ունի մայրենի լեզուն ազգային ինքնության պահպանման գործընթացում։ 
5. Ժամանակակից աշխարհում պահպանված և ապահո՞վ է քո մայրենի լեզուն կամ ի՞նչ վտանգների առջև է կանգնած։ Երիտասարդները, այլ մարդիկ խոսո՞ւմ և գրո՞ւմ են մայրենի լեզվով , ի՞նչ խնդիրներ ես նկատում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Դ․ Դեմիրճյանի ,,Ավելորդը,, պատմվածքը։
1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր։
2. Բնութագրի՛ր Հաճի աղային։
3. Ներկայացրո՛ւ քո վերաբերմունքը Հաճի աղայի արարքի վերաբերյալ։
4. Մեկնաբանի՛ր ստեղծագործության ավարտը։
5. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Ավելորդը,, ։
6. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։



12.03.2026
Աշխատանք դասարանում

Կարդում ենք Չարենց
Ներկայացրե'ք ձեր սիրելի բանաստեղծությունները։


Լրացուցիչ աշխատանք (տանը)
Ընթերցե՛ք Ս․ Կապուտիկյանի ,,Քելե, լաո,, բանաստեղծությունը։

Գիշեր-ցերեկ նույն երգն է իմ ունկերում,
Ձայնի տեղակ ծուխ է ելնում այդ երգից,
Ու ծխի մեջ կսկծում է մի ծերուկ
«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»..

Արնոտել է ոտքը ճամփից քարքարոտ,
Մանգաղն ուսած, գաղթի մախաղը մեջքին,
Դեռ քայլում է սարով, ձորով, աշխարհով
«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»…

Աչքերի մեջ համառ մի ուխտ ու հարցում,
Ու մի զարմանք, խեղճ մի զարմանք անմեկին
Հարցնում է իրեն, բախտին, Աստծուն
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Իր ի՞նչ գործն է` թե կա սահման ու կա վեճ
Իր ի՞նչ գործն է` թե կան ռումբեր ու հրթիռ
Հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Իմա՞լ կեղնի..
Ինքը` այստեղ, հողն` այնտեղ
Արտը կծղել, սպասում է իր ձեռքին..
Ինչպե՞ս թողնենք տունն ու ջաղացը անտեր
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Ինչպե՞ս խեղդենք խև խռովքը Սասնա տան,
Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, վառք ու կիրք,
Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ,
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»..

Թե աշխարհում արդարություն կա վերուստ,
Ու թե դաշն են Աստված, երկիր ու երկինք,
Պիտի փլվի ամեն պատնեշ, ամեն սուտ,
Պիտի էրթանք, պիտի էրթանք մեր էրգիր…

1. Բացատրի՛ր բառերը՝ ունկ, կսկծալ, մախաղ, ուխտ, անմեկին, խև, խռովք։
2. Բացատրի՛ր իմալ, քելե բարբառային բառերը։
3. Ի՞նչ նկատի ունի ,,մեր երկիր,, ասելով։ Ո՞րն է մեր երկիրը։
4. Քո կարծիքով ՝ ինչի մասին է բանաստեղծությունը։
5. Նկարագրի՛ր քո երկիրը 5 բառով, բնութագրի՛ր քո երկիրը 5 բառով։
6. Ինչպե՞ս կներկայացնես քո երկիրը օտարերկրացիներին։



09.03.2026
Աշխատանք դասարանում 


Լրացուցիչ աշխատանք (տանը)


 Կարդացե՛ք Չարենցի բանաստեղծությունները և գրավոր վերլուծե՛ք ։ 
,,Ես իմ անուշ Հայաստանի,, բանաստեղծությունը սովորել անգիր։


05.03.2026
Աշխատանք դասարանում 

1. Ներկայացնել Սասունցի Դավթի և Մսրա Մելիքի կռվի տեսարանը՝ երկուսի արարքները մեկնաբանելով և բնութագրելով։ 
2. Ըստ Թումանյանի պոեմի բնութագրիր Դավիթին՝ մեջբերելով համապատասխան հատվածներ։ 
Հարցադրումներ՝
  • Կարո՞ղ են արդարությունն ու վեհանձնությունը որոշել պատմական իրադարձությունների ընթացքը։
  • Արդյո՞ք ուժը միշտ պետք է ուղեկցվի արդարությամբ։
  • Ինչպե՞ս են արդարությունն ու վեհանձնությունը ձևավորում ազգային արժեհամակարգը։
  • Ի՞նչ ընդհանրություններ կան հերոսական կերպարների վարքագծում տարբեր ժամանակներում։
  • Ինչպե՞ս են գրական հերոսներն ու պատմական գործիչները նույն արժեքները փոխանցում սերունդներին։
  • Կարո՞ղ է արդարությունը լինել նաև ուժի դրսևորում։
  • Արդյո՞ք արդարության և վեհանձնության գաղափարները ժամանակի ընթացքում փոխվում են։

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Պատրաստվել հաջորդ դասին էսսե գրելուն՝  Սասունցի Դավիթ-Ատրպատականի ճակատամարտ ։
2. Կարդացե՛ք Չարենցի բանաստեղծությունները և գրավոր վերլուծե՛ք ։ 
3. ,,Ես իմ անուշ Հայաստանի,, բանաստեղծությունը սովորել անգիր։


02.03.2026
Աշխատանք դասարանում 
1. Էսսեների քննարկում։ 
2. Քննարկում՝ ,,Սասունցի Դավիթ,, պոեմ և ,,Սասնա ծռեր,, էպոս

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Ընթերցել ,,Սասնա ծռեր,, էպոսից ընտրված հատվածները և պատասխանել հարցերին։
Ընթերցել  Թումանյանի ,,Սասունցի Դավիթ,, պոեմը։ 

Համացանիցի գտնել տեղեկություններ, մշակել և պատասխանել հարցերին։ 
1.Ի՞նչ է էպոսը։
2. Քանի՞ ճյուղից է բաղկացած ,,Սասնա ծռեր,, էպոսը ։ 
3. Ներկայացրո՛ւ յուրաքանչյուր ճյուղի գլխավոր հերոսին, նրա կատարած սխրագործությունները։
4. Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ ունեն էպոսի գլխավոր հերոսները։ 
5. Ո՞վ է քո սիրելի հերոսը, ինչո՞ւ։ 


26.02.2026
Աշխատանք դասարանում 
Էսսե ՝ Թմկաբերդի առում և Նադիր շահ
Հիմք ընդունելով գրական և պատմական տեքստերը՝ ցույց տո՛ւր, թե նրանք ժամանակի և տարածության համատեքստում և նրանից դուրս ի՞նչ ուղերձներ են փոխանցում։ /Ժամանակ և տարածություն/

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ընթերցել ,,Սասնա ծռեր,, էպոսից ընտրված հատվածները և պատասխանել հարցերին։
23.02.2026
Աշխատանք դասարանում 
1. Էսսեների քննարկում, դիտարկումներ։ 
2. ,,Փարվանա,, և ,,Հայոց լեռներում,, ստեղծագործությունների քննարկում։
3. Էսսե ՝ Թմկաբերդի առում և Նադիր շահ
Հիմք ընդունելով գրական և պատմական տեքստերը՝ ցույց տո՛ւր, թե նրանք ժամանակի և տարածության համատեքստում և նրանից դուրս ի՞նչ ուղերձներ են փոխանցում։ /Ժամանակ և տարածություն/

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Պատրաստվել էսսեին՝
Էսսե ՝ Թմկաբերդի առում և Նադիր շահ
Հիմք ընդունելով գրական և պատմական տեքստերը՝ ցույց տո՛ւր, թե նրանք ժամանակի և տարածության համատեքստում և նրանից դուրս ի՞նչ ուղերձներ են փոխանցում։ /Ժամանակ և տարածություն/


19.02.2026
Աշխատանք դասարանում 

էսսե
Համեմատի՛ր և հակադրի՛ր Թըմկա տիրուհու և  Այծեմնիկի կերպարները: Պաշարման մեջ հայտնվելով՝ ի՞նչ քայլի դիմեց Թմկա տիրուհին:  Նման իրավիճակում ի՞նչ քայլի դիմեց Այծեմնիկը:

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Դասարանում քննարկելու ենք ,,Փարվանա,, և ,,Հայոց լեռներում,, ստեղծագործությունները։

Ընթերցել  Թումանյանի ,,Սասունցի Դավիթ,, պոեմը։ 

Համացանիցի գտնել տեղեկություններ, մշակել և պատասխանել հարցերին։ 
1.Ի՞նչ է էպոսը։
2. Քանի՞ ճյուղից է բաղկացած ,,Սասնա ծռեր,, էպոսը ։ 
3. Ներկայացրո՛ւ յուրաքանչյուր ճյուղի գլխավոր հերոսին, նրա կատարած սխրագործությունները։
4. Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ ունեն էպոսի գլխավոր հերոսները։ 
5. Ո՞վ է քո սիրելի հերոսը, ինչո՞ւ։ 




16.02.2026
Աշխատանք դասարանում 
,,Թմկաբերդի առումը,, և ,,Հայոց լեռներում,, ստեղծագործությունների քննարկում։ 

էսսե
Համեմատի՛ր և հակադրի՛ր Թըմկա տիրուհու և  Այծեմնիկի կերպարները: Պաշարման մեջ հայտնվելով՝ ի՞նչ քայլի դիմեց Թմկա տիրուհին:  Նման իրավիճակում ի՞նչ քայլի դիմեց Այծեմնիկը:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ընթերցել ,,Փարվանա,, բալլադը։
1. Ներկայացրո՛ւ արքայադստերը, ինչպիսի՞նն էր, ի՞նչ էր ցանկանում, ինչպիսի՞ բանավորություն ուներ։
2. Ի՞նչ է խորհրդանշում անշեջ հուրը։
3. Ի՞նչ կարծիքի ես արքայադստեր պահանջի վերաբերյալ, քո կարծիքով ի՞նչ էր իրականում ցանկանում արքայադուստրը։
4. Նկարագրի՛ր Փարվանա լիճը։
5. Պատմի՛ր այս պատմությունը փեսացուներից մեկի անունից։
6. Դո՛ւրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
7. Ըստ քեզ՝ ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։
8. Գրի՛ր էսսե կամ ստեղծագործական աշխատանք (հիմնվելով այս ստեղծագործության վրա)՝ ,,Արցունքներից ծնված լիճը,, վերնագրով։



Վերամշակել թղթի վրա գրած էսսեն և տեղադրել բլոգում։ 
Հարցադրում՝   Համադրելով գեղարվեստական և պատմական տեքստերը՝ մեկնաբանի′ր, թե ինչու տարբեր ժամանակներում գործող անհատների առաջ քաշած լուսավոր գաղափարները կյանքի չկոչվեցին։

12.02.2026
Աշխատանք դասարանում 
Տերյանական ընթերցումներ։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Ընթերցել ,,Թմկաբերդի առումը,, ստեղծագործությունը։
1. Առանձնացնել անհասկանալի բառերը և բացատրել։
2. Մեկնաբանել ,,Նախերգանքը,, ՝ ներկայացնելով սեփական տեսակետն արտահայտված գաղափարների շուրջ։
3. Ներկայացնել և բնութագրել բոլոր հերոսներին։
4. Ներկայացրո՛ւ Թմկա տիրուհու շարժառիթները, դավաճանության ճանապարհն ընտրելու պատճառները։ Փորձի՛ր արդարացնել։
5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /կամ գաղափարները/։
6. Ո՞ր հատվածներն են քեզ համար գեղավեստական կարևոր նշանակություն ունեցող։


ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ


Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։
1.  Ո՞վ է ,,Մենք,,-ը բանաստեղծության մեջ։ 
2. Տեքստում նշվում է ,,Մեր ճամփեն,, ․ ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը։ 
3. Ի՞նչ նկատի ունի ,,պայծառ առավոտ,, ասելով։
4.Բացատրի՛ր բառերի հուզական երանգը.
խավար, արնոտ, սուգ, պայծառ, կանաչ
Ինչպիսի՞ տրամադրություն են ստեղծում դրանք։
5. Առանձնացրո՛ւ կրկնվող տողերը։ 
6. Ինչպիսի՞ն են Հայոց լեռները` ըստ բանաստեղծության։
7. Քո կարծիքով ինչի՞ մասին է բանաստեղծությունը։  


09.02.2026
Աշխատանք դասարանում 
Գրել էսսե ՝
Հարցադրում՝   Համադրելով գեղարվեստական և պատմական տեքստերը՝ մեկնաբանի′ր, թե ինչու տարբեր ժամանակներում գործող անհատների առաջ քաշած լուսավոր գաղափարները կյանքի չկոչվեցին։


Լրացուցիչ աշխատանք (տանը)


Կարդում ենք Տերյան

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
     
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
     
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
     
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի...

1.  Ի՞նչ տրամադրություն է գերիշխում՝ հույս, ցավ, հավատ, վախ, այլ։ 

2.  Ո՞ր նախադասությունը կարող ես համարել հռետորական հարց։ 

3.  Բանաստեղծն իրեն վերջին պոետն է համարում․ դա հուսահատությո՞ւն է, թե՞ պատասխանատվություն։ 

4. Գրի՛ր Նաիրի երկրի պատասխանը պոետին։ 

5. Ինչպիսի՞ն է Նաիրին՝ ըստ այս բանաստեղծության։ 

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...
1. Ո՞ր բառերն ու արտահայտություններն են ցույց տալիս գարնան գալուստը։
2.Ներկայացրո՛ւ բանաստեղծության քնարական հերոսի զգացումները, նաև առանձնացրո՛ւ այդ զգացումները նկարագրող տողերը։
3. Բացատրի՛ր ,,մենության բանտ,, արտահայտությունը։ 
4. Դո՛ւրս գրիր մակդիրներ։
5. Ինչո՞ւ է գարունը հաճախ ներկայացվում  նոր կյանքի և հույսի խորհրդանիշ։
6.Քո կարծիքով՝ բանաստեղծությունը ավելի շատ բնությա՞ն, թե՞ մարդու ներաշխարհի մասին է։ Հիմնավորի՛ր։
7. Կարո՞ղ է բնությունն ազդել մարդու հոգեվիճակի վրա։ 
8. Բացատրի՛ր ահասկանալի բառերը։ 

9. Բանաստեղծության  վերջին տողը փոխի՛ր՝ ոճը պահելով։ 

Իմ խաղաղ երեկոն է հիմա


Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տըխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ...

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...
1. Բացատրի՛ր բառերը՝ մեղմալույս, անուրջ, անեղծ, փարոս։
2. Ի՞նչ հոգեվիճակ է արտահայտում ,,իմ խաղաղ երեկոն է,, արտահայտությունը։
3. Ըստ քեզ ՝ ո՞ւմ է դիմում հեղինակը։
4. Մեկնաբանի՛ր այս քառատողը՝ 
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...
5. 4-5 նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը, ասելիքը։ 


Ընթերցել 
Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…


05.02.2026
Աշխատանք դասարանում 
Էսսե ․ թեմա 2
Մուրացան ,,Առաքյալ,, և Մադրասի խմբակ
Համացանցից գտնել և ընթերցել լրացուցիչ տեղեկություններ Մադրասի խմբակի մասին, Հովսեփ Էմինի մասին։

Գրել էսսե ՝
Հարցադրում՝   Համադրելով գեղարվեստական և պատմական տեքստերը՝ մեկնաբանի′ր, թե ինչու տարբեր ժամանակներում գործող անհատների առաջ քաշած լուսավոր գաղափարները կյանքի չկոչվեցին։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Էսսեն տեղադրել բլոգում՝ լրացնելով ։

Ինչպե՞ս և ի՞նչ ազդեցություն ունեցավ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը հայ հասարակության կրթության զարգացման գործում: Ինչպիսի՞ միջավայրում հայտնվեց Կամսարյանը, ինչպե՞ս էր նա ցանկանում փոխել այդ միջավայրը: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ  ես տեսնում Կամսարյանի և Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի գործունեությունների միջև:

Պատրաստեվել, որ դասարանում գրե՛ք էսսե։ Թեմա՝
Գրել էսսե ՝
Հարցադրում՝   Համադրելով գեղարվեստական և պատմական տեքստերը՝ մեկնաբանի′ր, թե ինչու տարբեր ժամանակներում գործող անհատների առաջ քաշած լուսավոր գաղափարները կյանքի չկոչվեցին։

02.02.2026
Աշխատանք դասարանում 
Գրել էսսե 

Հարցադրում

Ինչպե՞ս և ի՞նչ ազդեցություն ունեցավ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը հայ հասարակության կրթության զարգացման գործում: Ինչպիսի՞ միջավայրում հայտնվեց Կամսարյանը, ինչպե՞ս էր նա ցանկանում փոխել այդ միջավայրը: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ  ես տեսնում Կամսարյանի և Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի գործունեությունների միջև:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Էսսե ․ թեմա 2
Մուրացան ,,Առաքյալ,, և Մադրասի խմբակ
Համացանցից գտնել և ընթերցել լրացուցիչ տեղեկություններ Մադրասի խմբակի մասին, Հովսեփ Էմինի մասին։

Գրել էսսե ՝
Հարցադրում՝   Համադրելով գեղարվեստական և պատմական տեքստերը՝ մեկնաբանի′ր, թե ինչու տարբեր ժամանակներում գործող անհատների առաջ քաշած լուսավոր գաղափարները կյանքի չկոչվեցին։

Թեմա 3
Ընթերցել ,,Թմկաբերդի առումը,, ստեղծագործությունը։
1. Առանձնացնել անհասկանալի բառերը և բացատրել։
2. Մեկնաբանել ,,Նախերգանքը,, ՝ ներկայացնելով սեփական տեսակետն արտահայտված գաղափարների շուրջ։
3. Ներկայացնել և բնութագրել բոլոր հերոսներին։
4. Ներկայացրո՛ւ Թմկա տիրուհու շարժառիթները, դավաճանության ճանապարհն ընտրելու պատճառները։ Փորձի՛ր արդարացնել։
5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /կամ գաղափարները/։
6. Ո՞ր հատվածներն են քեզ համար գեղավեստական կարևոր նշանակություն ունեցող։




29.01.2026

Հարցադրում

Ինչպե՞ս և ի՞նչ ազդեցություն ունեցավ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը հայ հասարակության կրթության զարգացման գործում: Ինչպիսի՞ միջավայրում հայտնվեց Կամսարյանը, ինչպե՞ս էր նա ցանկանում փոխել այդ միջավայրը: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ  ես տեսնում Կամսարյանի և Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի գործունեությունների միջև:



26.01.2026 

Մուրացան ,,Առաքյալը,, 
Ստեղծագործությունը համառոտ։ 
1. Ի՞նչ է նշանակում ,,առաքյալ,, ։ 
2. Ի՞նչ նպատակներ ուներ Պետրոս Կամսարյանը, ի՞նչն էր դրդում նրան գնալ գյուղ։ Բնութագրի՛ր նրան ստեղծագործության սկզբում և վերջում։ 
3. Ինչպիսինն էր հայկական գյուղը։
4. Ստեղծագործության մեջ գյուղի ի՞նչ խնդիրներ է ներկայացնում Մուրացանը։ Ներկայացված խնդիրներն արդիակա՞ն են։ 
5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ցույց տալ Մուրացանը։ 
6. Կարևո՞րն է գաղափարը, թե՞ մարդը, որ այն կրում է։ Քննարկել։ 



15.12.2025

Հաշվետվություն
Տեղադրե՛ք համապատասխան հղումները՝
1. Անհաղթ խալիֆան 
2. Մի հին չինական զրույց
3. Հետաքրքրասեր Բեսսին
4. Ազատություն
5. Հայկ և Բել
6. Մամփրե արքան
7. Պնդում և փաստ
8. Իտալացի աղջկա երգը
9. 3 առակների հիման վրա գրված պնդումները
10. Տեղադրե՛ք ձեր գրած էսսեների հղումները։ / Հանձնարարվել է գրել հինգ էսսե տարբեր թեմաներով/։ 
11. Առարկայի դասավանդաման վերաբերյալ գրե՛ք ձեր կարծիքը և առաջարկները։ 

Ընթերցանության նյութ՝
Կարդա՛ ստեղծագործությունը։ 
Դո՛ւրս գրիր կարևոր միտք արտահայտող հատվածները և մեկնաբանի՛ր; 





11.12.2025

Աշխատանք դասարանում

Կարդա՛ ստեղծագործությունները և դրանց արտահայտած գաղափարների շուրջ ձևակերպի՛ր պնդումներ։ 

1. Բացատրի՛ր բառերը՝ քեն, ոխ, յուր, գանչում է, նորան, սորա։
2. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը, ի՞նչ ուղերձ ունի ստեղծագործությունը։ 
3. Գրի՛ր կարծիքդ այս տողերի վերաբերյալ՝
«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե.
Բայց երանի՜, որ յուր ազգին
Ազատությամբ կը զոհվի»



Գրե՛ք էսսե և վերնագրե՛ք։ 

Որպես անհատ՝ կինը ի՞նչ դեր կարող է ունենալ տարբեր ժամանակներում  ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման համար մղվող պայքարում։

08.12.2025

Աշխատանք դասարանում

1. Ձևակերպած պնդումների ընթերցում, քննարկում։ 
2. ,,Մամփրե արքան,, ստեղծագործության քննարկում։ 
Հատված պատմության դասագրքից։ Ընթերցել հատվածը։
3. Գրել էսսե։ 
Հարցադրում՝ 

Ո՞րն  էր Մ․ Մաշտոցի  պատմական առաքելությունը և գրերի գյուտի դերը։

Ժամանակի և տարածության հեռավորությունից արժևորի՛ր նրա ներդրումը հայի ինքնության ձևավորման գործում։

Վերնագրե՛ք ձեր գրած էսսեն։  

Լրացուցիչ աշխատանք /տանը/ 

Գրել էսսե։ 
Հարցադրում՝ 

Ո՞րն  էր Մ․ Մաշտոցի  պատմական առաքելությունը և գրերի գյուտի դերը։

Ժամանակի և տարածության հեռավորությունից արժևորի՛ր նրա ներդրումը հայի ինքնության ձևավորման գործում։

Վերնագրե՛ք ձեր գրած էսսեն։  



04.12.2025

Աշխատանք դասարանում

Ընթերցել էսսեները, գնահատել։ 

Գնահատման ձև՝  Էսսե․ գնահատում  ։ 

1. Կարդա՛ մտքերը՝ յուրաքանչյուրի դիմաց գրելով փա՞ստ է, թե՞ պնդում։ 

Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ 

Հայոց գրերի ստեղծումը նպաստեց հայ ազգային ինքնության և մշակույթի պահպանմանը։ 

Մուրացանը 19-րդ դարի հայ գրող է, ով իր ,,Առաքյալը,, վիպակում ցույց է տալիս գյուղի այնպիսի պատկեր, որը տարբերվում է գլխավոր հերոսի պատկերացումներից։ 

Ցանկացած մարդ, հանդիպելով իր սպասումները չարդարացնող իրադրության, պարտավոր է մտածել, որ ինքը ևս պատասխանատու է իրավիճակը փոխելու հարցում։ 

Գուրգեն Մահարին 20-րդ դարի հայ գրականության խոշոր դեմքերից է, ով իր ,,Էջմիածին,, ստեղծագործությունում պատմել է գաղթի և որբության մասին։ 

Ողբերգական իրադարձությունների հետևանքով ուժեղ անհատը ստեղծում է ապրելու իր բանաձևը։ 

Տարբեր ժամանակներում որբությունն ու գաղթն ունեն նույն դեմքը։ 

Հրանտ Մաթևոսյանը արձակագիր է, ով ,,Կանաչ դաշտը,, ստեղծագործության մեջ արտացոլել է գոյության կռիվը, նկարագրել մայրական սիրո դրսևորումը։ 

Մայրական սերը բնության ամենահզոր գործիքն է՝ կյանքի հավերժությունն ապահովող։ 

,,Նռնենիներ,, պատմվածքը գրել է Վ․ Սարոյանը։ 

Նռնենիների այգի տնկելը հայրենիքը վերագտնելու երազանքի խորհրդանիշն էր։ 

Արտաշես թագավորը իրականցրեց հողային բարեփոխումներ, որով տարանջատեց մասնավոր հողատիրությունը համայնքային հողերից։ 

Արտաշես Ա թագավորը բանիմաց տնտեսագետ էր։ 

2. Պնդում ձևակերպիր հետևյալ թեմաների շուրջ։ 

Ա․ Անգաղթ խալիֆան համանուն ստեղծագործության հերոսն է, ով կարևորոում է երաժշտությունը։ 

Բ․ Հետաքրքրասեր Բեսին սիրում էր տարբեր հարցեր տալ և քննել պատասխանները։ 

Գ․ ,,Մի հին չինական զրույց,, ստեղծագործության կայսրը հրամայեց սև գլխարկները փոխարինել սպիտակներով։ 

Լրացուցիչ աշխատանք /տանը/ 

Լրացնել դասարանական աշխատանքը, եթե դասարանում չեք հասցրել։ 

Կարդա՛ Մ․ Գալշոյանի ,,Մամփրե արքան,, ստեղծագործությունը։ 
1.Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը, բարբառային բառերը և բացատրի՛ր։
2. Ինչի՞ հետ է համեմատում հայոց գրերը։ 
3. Բացատրի՛ր ասացվածքը՝ Ուսումն եփած հաց է, մարդու թևի տակ դրած։ 
4. Ինչպե՞ս ես հասկանում այս հատվածը՝  Հայոց գրերը հայոց զինվորներն են։ Իսկ թագավորը, թագավորը Մամփրեն է, Մամփրեն է արքան, այսինքն նա, ով այդ զինվորներն ունի իր հրամանի տակ և նրանց կռիվ է տանում հանուն հայրենիքի, հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն գեղեցիկի։ Իսկ Մամփրե արքան կարող է հանկարծ փսլնքոտի մեկը լինել և զինվորներին հիմար հրամաններ տալ, այդ դեպքում նա արդեն արքա չէ, այլ սովորական մի փսլնքոտ և հրաման տալու իրավունք չունի, այլ ամենաշատը, ամենաշատը, պետք է հետևի, թե իսկական արքայի հրամանի տակ զինվորներն ինչպես են շարժվում, դեպի ուր են շարժվում և ինչ են անում և եթե կարող է, թող մաքրի իր փսլինքը: Այդ Մամփրե արքան կարող է հանկարծ նենգ, մի ավազակ լինել, իսկ ավազակն արդեն արքա չէ, ավազակ է ու կա, և նրա պիղծ հրամանի տակ այդ զինվորները կարող են դառնալ ասկյարներ։
5. Ըստ Մամփրեի՝ ինչի համար էին գրերը, ինչպես էր իրեն զգում, երբ արդեն ճանաչում և տիրապետում էր գրին։ 
6. Ինչպե՞ս կմեկնաբանես ստեղծագործության ավարտը՝ Մամփրեի կարմիր գլխատառերով գիրը։ 
7. Մամփրեի՝ տառեր սովորելու ցանկությանն ինչպես վերաբերվեցին գյուղացիները, ինչիպիսի՞ վերաբերմունք  ունես դու։
8. Ինչպիսի՞ ուսուցչուհի էր թոռնուհին։
9. Հայոց գրերի ստեղծման մասին ի՞նչ պատմություններ գիտես, ներկայացրո՛ւ, եթե չգիտես, ուսումնասիրություն արա համացանցում։ 
10. Քո կարծիքով, ինչո՞ւ է կարևոր սեփական գիր, տառեր ունենալը։ 


01.12.2025
Աշխատանք դասարանում

,,Ազատություն,, բանաստեղծության և ,,Հայկ և Բել,, առասպելի քննարկում։ 

Գրե՛ք էսսե։ Վերնագիր՝ Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում

Համադրելով գրականության և պատմության տեքստերը՝ մեկնաբանի՛ր ազատության գաղափարը` որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում։ 


Լրացուցիչ աշխատանք /տանը/ 

Գրե՛ք էսսե։ Վերնագիր՝ Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում

Լրացնել բաց թողած աշխատանքները, պատրաստ լինել ստեղծագործությունները դասրանում վերլուծել (գնահատում)։ 

Կարդա՛ Մ․ Գալշոյանի ,,Մամփրե արքան,, ստեղծագործությունը։ 
Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրիր։ 

27.11.2025

Աշխատանք դասարանում և տանը

1. Կարդա՛ Միքայել Նալբանդյանի ,,Ազատություն,, բանաստեղծությունը։ 
2. Բացատրի՛ր բառերը՝ հաճեցավ, հողանյութ, պարգևել, նորանից, բազուկ, բերկրեցան, դավ։
3. Ներկայացրո՛ւ և բնութագրի՛ր բանաստեղծության քնարական հերոսին։ 
4. Ազատության գաղափարը 21-րդ դարում։ Արտահայտի՛ր մտքերդ։ 

1. Կարդա՛ ,,Հայկ և Բել,, առասպելը։ 
2. Բնութագրի՛ր Հայկին։
3. Համեմատի՛ր Հայկի և Բելի կերպարները՝ որպես ,,ազատության,, և ,,տիրապետության,, խորհրդանիշներ։ 
4. Ներկայացրո՛ւ այս առասպելի նշանակությունը՝ հայ իքնության ձևավորման գործընթացում՝ քո մեկնաբանություններով։ 
5. Պատկերացրո՛ւ առասպելում նշված ճակատամարտի մասնակից ես, գրի՛ր նամակ ճակատամարտից առաջ կամ հետո՝ ներկայացնելով քո մտորումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ 

Հատված պատմության դասագրքից՝ այստեղ։ 
Գրե՛ք էսսե։ Վերնագիր՝ Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում

Համադրելով գրականության և պատմության տեքստերը՝ մեկնաբանի՛ր ազատության գաղափարը` որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում։ 



24.11.2025

Կարդա՛ ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։ 
1.Ի՞նչ է համոզմունքը։
2.Ինչի՞ն է մարդ սովորաբար հավատում։
3.Արդյունավետ մտածելը ո՞րն է։
4.Ինչո՞ւ է հեղինակը որպես քննադատական մտածողության կրող երեխայի կերպար ստեղծել։
5.Գտիր քո առօրյա կյանքում 1-2 համոզմունք, որ հիմնված չէ արդյունավետ մտածողության վրա։


 Մի հին չինական զրույց

1. Մեկնաբանի՛ր կայսեր զգացմունքները գլխարկների պատմությունից առաջ և հետո։ 

2. Ստեղծված իրավիճակը շտկելու առաջարկներ գրի՛ր։ 

3. Գրի՛ր քո կարծիքը կայսեր որոշման վերաբերյալ։ 

4. Ինչպե՞ս անել, որ լավ գործը վատի չվերածվի։ 

5. Գրե՛ք էսսե՝ հիմք ունենալով այս ստեղծագործությունը։ 

Վերնագրեր՝

  • Երբ օրենքը կորցնում է իր մարդասիրական իմաստը, 
  • Մարդասիրությունը կարող է վերածվել բռնության, 
  • Իշխանական ցանկությունը և դրա ազդեցությունը ժողովրդի կյանքում, 
  • Իշխանությունը և մարդը
Էսսեի կառուցվածքը՝
Նախաբան՝ 3-5 նախադասություն։
Հիմնական մաս՝ 10 և ավել նախադասություն (Անհրաժեշտ է թեմայի վերաբերյալ արտահայտել կոնկրետ միտք/կարծիք/ պնդում և հիմնավորել)։
Եզրակացություն ՝ 3-5 նախադասություն։ 
Էսսեները պարտադիր ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին։ 

20.11.2025

Կարդա՛ Իսահակյանի ,,Անհաղթ խալիֆան,, ստեղծագործությունը։ 

1. Ինչպե՞ս էր Խալիֆան  վերաբերվում իշխանությանը։

2.  Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր խալիֆան համոզված, որ երաժշտությունը պաշտպանում է իր պետությունը։

3. Ինչպե՞ս է արտացոլվում իրատեսությունն ու երազախաբությունը ստեղծագործության մեջ։

4.Կարելի՞ է խալիֆային համարել դրական կերպար, թե ոչ։ Ինչո՞ւ։ 

5. Կարծիք հայտնիր խալիֆայի այս հրամանի վերաբերյալ՝ -Թո՛ղ ապրի ամեն մարդ, ինչպես ուզում է, միայն թե թողնի, որ ուրիշն էլ ապրի։ Արդյո՞ք հնարավոր է խաղաղ համակեցություն։ 

6. Ըստ ձեզ՝ ո՞րն է հեղինակի ասելիքը։ 

7. Մեկնաբանե՛ք այս տողը՝ -Նվագեցե՛ք, մի՛ դադարեք. երբ դուք դադարեք, այն ժամանակ է, որ կնվաճվի իմ պետությունը… 

8. Ըստ ստեղծագործության գրի՛ր էսսե վերնագրերից մեկով՝

  • Երբ արվեստը դառնում է փախուստ, 
  • Հաղթանակի և պարտության սահմանները, 
  • Արվեստն ընդդեմ պատերազմի,
  • Գեղեցկության պաշտպանմունքը՝ պետության կործանման պատճառ։ 

Комментариев нет:

Отправить комментарий