Մայիսյան հավաքը, որն այս տարի հոբելյանական էր, ամփոփեցին կլոր սեղանով, որտեղ ներկայացրինք Միջին դպրոցի պարբերականները և ռադիոն։ Կլոր սեղանն անցկացվեց Տիգրան Հայրապետյան ընթերցասրահում, որը լիքն էր հյուրերով՝ ծնողներ, հրավիրված հյուրեր՝ ռադիոյի ներկայացուցիչներ, ուսուցիչներ և սովորողներ գործընկեր դպրոցներից։
Ես և իմ սովորողները ներկայացրինք մեր ,,Պատուհան,, ամսագիրը, որը գործում է գրեթե ութ տարի։ Ամսագրի հետ աշխատել են բազմաթիվ տարատարիք սովորողներ, իսկ այս տարի ամսագիրը դարձել է ընթերցարան, որտեղ հրապարակված ստեղծագործական-թարգմանչական աշխատանքները ընթերցանության նյութ են համդասարանցիների, կրտսեր ընկերների և կրթության հատուկ կարիք ունեցող սովորողների համար։
Մասնակից սովորողներից յուրաքանչյուրը ամփոփել էր իր աշխատանքը, ամսագրային նյութերի իր ուղղությունները, որն էլ ներկայացրեց հրապարակավ։ Նյութերին և սահիկաշարին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
Կլոր սեղանին մասնակից սովորողների ներկայացումը կարող եք դիտել այս տեսանյութում՝
Սկսվել է հերթական ամառային ճամբարը, որն ավելի հետաքրքիր և հագեցած դարձնելու նպատակով որոշեցինք հայրենագիտական ճամփորդություն կատարել։ Այս անգամ մեր դիտակետում Աղձք և Տեղեր գյուղերն էին, որոնք ոչ միայն Հայաստանի հետաքրքիր գյուղերից են, այլ նաև նրանցից յուրաքանչյուրը պատմամշակութային կառույցներ ունի։
Մեկնեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից՝ Ուսումնական ժամերգությանը մասնակցելուց հետո։
Մեր առաջին կանգառը Աղձք գյուղն էր։ Հիշում եմ, որ տարիներ առաջ մեր սովորողների հետ եղել ենք Աղձքի միջնակարգ դպրոցում, համագործակցել ենք և շատ հաճելի ընդունելության ենք արժանացել։ Աղձք գյուղում է գտնվում Արշակունիների թագավորական դամբարանը։ Տարածքը կիսապեղված է, ընդհանուր առմամբ լավ վիճակում չէ, սական դրված են ցուցանակներ և առանձնացված է, նկատելի է, որ խնամված է։ Այստեղ սկսեցինք խոսել Արշակունիների դինաստիայի մասին, ներկայացրեցինք հայտնի թագավորներին և նրանց արածը։ Դամբարանի տարածքում հետագայում կառուցվել է եկեղեցի։
Հաջորդ կանգառը Տեղերում էր, այստեղ այցելեցինք Տեղր հայտնի վնաք։ Ի զարմանս ինձ , տարածքը վերանորոգվել էր, մշակվել և կոկիկացվել է։ Բակում և եկեղեցու ներսում տիրում էր խաղաղություն։ Չնայած շատ կային այցելուներ, բայց ընդարձակ տարածքում շրջելու բազմաթիվ տեղեր կային, և ոչ ոք ոչ ոքի չէր խանգարում։ Եկեղեցու բակից բացվում էր գեղեցիկ տեսարան, քանի որ եկեղեցին կառուցված է բլրի վրա, բարձունքի հրաշալի երևում է շրջակայքը։
Տեղերի վանական համալիրում խոսեցինք, թե ինչով են տարբերվում վանքը և եկեղեցին, ուշադրություն դարձրինք ճարտարապետական կառուցվածքին։
Օրն ավարտեցինք մոտակա անտառում, որտեղ հանգստացանք, ընդմիջեցինք և խաղացինք։
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 29- հունիսի 5,
Մասնակիցներ՝ 7 և 8 -րդ դասարանների ճամբարականներ,
Նպատակը՝
Երևակայության , տրամաբանության զարգացում,
հասարակության առաջ ելույթներ ունենալու հմտությունների ձևավորում,
ստեղծագործական հմտությունների ձևավորում։
Ընթացքը՝
Մասնակիցները բաժանվում են 5-6 հոգանոց խմբերի և ստեղծում են իրենց պետությունը։
Պետության համար պետք է ստեղծել՝
անուն,
դրոշ,
օրենքներ, սահմանադրություն, կառավարման ձև,
դրամական միավոր,
մշակույթ, կրոն,
գերբ, զինանշան,
այլ , սովորողների ցանկությամբ այլ ոլորտներ։
Հրապարակային ելույթներ
Յուրաքանչյուր պետություն պետք է ունենա նախագահ, խմբի անդամները հանդես են գալիս ինքնառաջադրմամբ, նշանակված օրը ելույթ են ունենում , իրականացնում ենք ընտրություն,
Ստեղծված ,,պետությունները,, սկսում են բանակցություններ հետևյալ կոնֆլիկտային հարցերի շուրջ՝ վիճելի տարածքներ, մշակութային հարցեր, առևտրական հարաբերությունների կարգավորում, համագործակցություններ։
Աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար կարելի է համագործակցել հասարակագիտության և պատմության ուսուցիչների հետ։
Արդյունքում՝
սովորողները ձեռք կբերեն մի շարք հասարակական գիտելիքներ, կզարգացնեն իրենց ստեղծագործական հմտությունները,
արված աշխատանքները կխմբագրվեն և կներկայացվեն սովորողների բլոգներում։
Մայիս ամիսը յուրահատուկ էր նաև ,,Հայ- իրանական մշակութային կամուրջներ,, նախագծով, որը հնարավորություն տվեց ծանոթանալ մեր հարևան երկրի՝ Իրանի մշակույթին և պատմությանը։ Երևանի կենտրոնում քայլելիս բազմիցս անցել ենք պարսկական մզկիթի կողքով, բայց երբեք չի ստացվել ներս մտնել, ծանոթանալ, տեսնել՝ ինչ կառույց է, ինչպես է հայտնվել մեր քաղաքում։ Հավանաբար վանող է եղել կրոնական կոնտեքստը։ Ինչևէ, նախագիծը հնարավորություն ընձեռեց այցելելու Կապույտ մզկիթ։ Ինձ հետ ութերորդ դասարանի սովորողներն էին։ Նախ դասարանում խոսել և ծանոթացել էինք իրականացվող նախագծին, Վիքիպեդիայի միջոցով ուսումնասիրել այցելվող վայրը։ Շրջայցը սկսեցինք մուտքի աջ կողմից, որտեղ ցուցադրված էին իրանական արվեստը և մշակույթը ներկայացնող ցուցանմուշներ։ Նկատեցինք արտահայտիչ կապույտ գույնը, տարբերվող և կոլորիտային զարդաքանդակները։ Ուսումնասիրեցինք նաև պատերին փակցված նկարները, որոնք ցույց էին տալիս մզկիթը նախկին և այսօր։
Այնուհետև մեզ դիմավորեց էքսկուրսավարը, ով բարեհամբույր և հաճելի կին էր։ Նա մեզ պատմեց մզկիթի կառուցման և հետագա գործունեության մասին, նաև որոշակի տեղեկություններ հայտնեց իսլամի և նրա ճյուղերի մասին։ Աղոթասրահ չմտանք, քանի որ այն միայն կրոնական արարողության և աղոթողների համար էր։ Մեր զրույցը հաճելի էր և բովանդակային։ Նկատեցինք, որ մզկիթի տարածքը մաքուր էր, կանաչապատ և խնամված։
Հաճելի էր իմանալ, որ խորհրդային տարիներին մզկիթը պահպանվել էր սիրելի գրող Եղիշե Չարենցի ջանքերի շնորհիվ։ Այժմ մզկիթը շարունակում էր իր գործունեությունը և՛ որպես կրոնական կառույց, և՛ որպես մշակութային կենտրոն։
Մեր օրերում խելագրվելը հեշտ է, դժվարը երջանիկ լինելն է: Դրա համար կարևոր է սիրտը զարգացնել: Զարգացնել ոչ թե, որ լինես խելացի, այլ որ փորձես դառնալ լավը: Մարդկությունը ավանդաբար ձգտում է գիտելիք ստանալ: Այդ ձգտումը ոչ թե ավելի շատ գիտելիք կուտակելն է, այլ իմանալ այն, ինչ դեռևս չգիտենք:
Այսպիսով, տգիտությունը վախի հիմնական աղբյուրն է: Տգիտությունը կապված է անհայտի հանդեպ ունեցած վախի հետ, և հենց այդ վախն է ամենից շատ անհանգստացնում:
Դեպի իմացություն գործընթացը մեզ տանում է անկանխատեսելիին: Եթե գիտելիքը դիտարկենք որպես տեղեկություն, ապա այսօր մենք լցված ենք ամեն ինչի մասին տեղեկություններով, մեզ տրված է ցանկացած տեղեկատվության հասանելիություն: Դա է պատճառը, որ այս աշխարհում շատերը կարող են համարվել խելացիներ: Մենք հրապուրվում ենք մտքերով, մենք խելացի մարդիկ ենք, մենք հմայվում ենք մտավոր գործունեությամբ:
Իսկ ինչպե՞ս գիտելիքից անցում կատարել իմաստություն: