воскресенье, 30 июля 2017 г.

Բացահայտման ճանապարհին. Փարվանան և Աբուլ լեռը

Ջավախքում առաջին անգամ էի: Ջավախքն ինձ համար միշտ եղել է թումանյանական լեգենդներից ծնված հեքիաթային մի աշխարհ՝ համեմված ջավախցի կուրսեցիների հետաքրքիր, յուրօրինակ պատումներով՝ իրական կամ անիրական: Ուրիշ աշխարհ էր, ոչնչի չնմանվող, հեքիաթային, անաղարտ պարզությամբ, անսահման բարությամբ լի...
Ճամփորդությունը սկսվեց և ավարտվեց մի զգացումով՝ հիացմունք. ահա թե ինչ էի զգում ամեն վայրկյան, ամեն քայլափոխի: Ինձ համար բացահայտեցի մի այլ աշխարհ, բացահայտեցի մարդկանց, չկրկնվող միջավայրը, էլ ավելի չկրկնվող չքնաղ բնությունը
Արձակ ամայի դաշտերը, բաց կապույտ երկինքը, մաքուր և արևի տակ փայլող լճակները Հեշտիայի ճանապարհին էին, ամեն քայլափոխի մշակված այգիներ էին, հավասար ցանված կարտաֆիլի կամ հացահատիկի դաշտեր: Առաջին բանը, որ մտածեցի՝ միանաշանակ այստեղի մարդիկ աշխատասեր են
Տարբերվում էին անգամ գյուղերը՝ պարզության մեջ անսահման հետաքրքիր, բնությանը ձուլված և գեղեցիկ: Այո, ամենագեղեցիկը որ տեսա, ոչ թե ծաղկած ծաղիկներն էին, բարձրագահ սարերը կամ բաց կապույտ երկինքը, այլ սովորական հայկական գյուղերը՝ այնքա՜ն պարզ, այնքա՜ն հարազատ: Մեզ ընդունեցին շատ ջերմ, հոգատարություն կար անգամ խոսքերի մեջ, ջերմության հետ մեկտեղ անհանգստություն՝ դժվարությամբ կբարձրանաք, իսկ մտքումս միևնույն տողն էր՝ բոլոր դժվարություններն էլ հաղթահարվում են: Եվ մենք հաղթահարեցինք...
Ճանապարհ ընկանք բեռնատարով, ճանապարհ դեպի Աբուլ. ամենաարկածային և անհավանական պատմությունները հենց այստեղից էլ սկսվում են: Բեռնատարի թափքում, երբ ոչ մի րոպե նույն դիրքում կանգնած մնալ չես կարողանում, միևնունն է չես դադարում զմայլվել բնության գեղեցկությամբ՝ հորիզոնում երևացող աննկարագրելի զառիթափ ժայռերով և կանաչ-կանաչ քարքարոտ արոտավայրերով: Իսկ հանկարծահաս անձրևը, որը հետո կարկուտի վերածվեց, մեզ մի լավ թրջելուն զուգահեռ նաև հրճվանք պատճառեց: Թաց, բայց ուրախ տրամադրությամբ մենք ցած թռանք բեռնատարից հենց այն հատվածում, որտեղից պետք է սկսեինք վերելքը
Աբուլ լեռը: 3305 մետր բարձրություն ունեցող այս լեռն անչափ զարմանալի էր, հասնելու համար պետք է քայլես ու քայլես սկզբում կանաչ թմբերով լցված շատ բարդ բարձունքով, հետո մի կարճ հատված թեթև թեքություն ունեցող ուղիղ ճանապարհով, իսկ հետո պետք է մագլցես ուղղահայաց սարալանջով, որ պատված է մանր ու մեծ քարերով և գրեթե վերջ չունի: Դե այսքանից հետո արի և բարձրացիր: Ու մենք բարձրացանք. սկզբում կանաչ թմբերով լցված շատ բարդ բարձունքով՝ միմյանց օգնելով, քաջալերելով և վստահ, որ ստացվելու է: Ճանապարհի և օրվա հերոսը անկասկած Դավիթ Բլեյանն էր՝ դեռ վեց տարին չլրացած մեր ամենափոքրը արշավականը, ում մասին չխոսել չեմ կարող, հաստատակամ և իր որոշումը կայացրած՝ պետք է բարձրանամ... ու բարձրացավ:  Լեռը մի զարմանալի հատկություն ուներ, թվում է, թե հասնում ես, բայց անակնկալ դիմացդ փռվում է հերթական փոքրիկ քարքարոտ բարձունքը,  և ճանապարհը սպասվածից երկար թվաց: Այդպես էլ բարձրացանք ՝ զմայլվելով մայրամուտով, բարձունքից նայելով Փարվանային և մութն ընկնելուց հետո արդեն հուսահատության զգացումը հաղթահարել փորձելով: Վերելքը դժվար էր, բայց հաղթահարելի: Արդեն գագաթին, երբ մթության մեջ դժվար էր հասկանալ, թե որտեղ ես, ինչպես,մենք հանգստացանք, անգամ ,,քարքարոտ անկողինը,, չխանգարեց, որ քունը հաղթի: 
Արևածագը Աբուլ լեռան գագաթին: Առավոտյան արթնացրեց տիար Բլեյանի ձայնը, միանգամից դուրս եկա վրանից : Մթության մեջ այդպես էլ չէինք տեսել , թե որտեղ ենք, ինչպիսի վայրում: Արևածագ էր: Մենք քայլեցինք դեպի վեր, դեպի Աբուլի երեք գագաթները: Հորիզոնը շիկնել էր, արևելքում նշմարվում էր հրակարմիր արևը: Օդը մաքուր էր, իսկ քամին թարմություն էր բերում: Տեսարանը, որ երևում էր Աբուլի գագաթից, աննկարագրելի էր. երևում էր Փարվանա լիճը՝ շուրջը մեծ կամ փոքրի լճակներ, մյուս կողմից՝ մեգով պատված հայկական գյուղերն էին, որ մի կերպ նշմարվում էին: Եվ ամբողջը սպիտակ-սպիտակ մառախուղով ծածկված, որի վրա շիկնած արևի ցոլքերն էին, իսկ ականջներումդ՝ կողքովդ թռչող քամու սուլոցը: Հիասքանչ էր: 
Մեզ սպասում էին գյուղում: Միշտ էլ հետաքրքրություն եմ ունեցել եկեղեցիների հանդեպ՝ չկրկնվող զարդանախշերով, յուրօրինակ արտաքին հարդարանքով: Եկեղեցում պատարագ էր՝ լեփ-լեցուն բնակիչներով, ինչը բավականին ուրախալի էր, բայց զարմանալի չէր: 
Փարվանան: Թումանյանի հայտնի պատմությանը բոլորդ եք ծանոթ: Երևի կարդալուց հետո բոլորի մոտ էլ եղել է լիճը տեսնելու ցանկությունը: Դեռ փոքրուց մտածում էի, եթե ուշադիր նայես լճին, ջրերի մեջ կերևա Փարվանա արքայի ապարանքը:  Լճի հայելին արտացոլում էր մեր վրանները և մեզ՝ ափին նստած: 
Լճից եկող քամին, որ նրբորեն անցնում էր մազերիդ միջով, թեթև սառնություն էր պատճառում, այդ նույն քամուց թրթռում էին լճի մոտ աճած խոտերը, մեր վրանները և հագուստի փեշերը: Իսկ արևի ցոլքերը, որ ջրերի մեջ էին, յուրօրինակ փայլ էին տալիս: Ամպերը ջրից էլ սպիտակ էին, հանդարտ և խաղաղ: Երեկոյան ՝ ափին նստած, մտածում էի, տեսնես մենք հաղթահարեցի՞նք Աբուլը, թե՞ նա մեզ...
Ճամփորդությունը բացահայտումներով լի էր, բացահայտեցինք ոչ միայն Աբուլը և Փարվանան, այլ նաև մարդկանց՝ հյուրասեր և հյուրընկալ: Շնորհակալ եմ Արման Երանոսյանին՝ ջերմ ընդունելության համար, տիար Բլեյանին և տիար Գևորգին՝ կազմակերպելու և հաճելի օրերի համար: 


Комментариев нет:

Отправить комментарий