понедельник, 2 ноября 2020 г.

Աշնանային պոեզիա


Վահան Տերյան

Աշնան

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Աշնան մեղեդի

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

1906


Աշուն

Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —
Անվախճան երգ։

Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։

Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։

Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս….

Աշուն

Դալուկ դաշտեր, մերկ անտառ…
Մահացողի տըխո՜ւր կյանք…
Անձրև, քամի, սև կամար…
Սրտակտուր հեկեկանք։
Միգում շողաց մի ցուրտ լույս.
Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց…
Անուժ ցավի ցուրտ կապար…
Մահացողի տխուր կյանք.
Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք…



Աշնան առավոտի երգը

Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։

Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…


Համո Սահյան

* * *

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Աշնանամուտի ջրերը բարակ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…

Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

Աշուն

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշշում,

Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Աշունը ձորն է մտնում

Աշունը ձորն է մտնում
Ձորերի միջով:

Մաշված, քաշված մի աշուն,
Վիթխարի մի ձոր…

Ճերմակ նախշեր է քաշում
Ցուրտը մի թևից,
Նայում են ու հառաչում
Աշնան ետևից:

Քո ջրերը հստակված,
Սարերը քո չոր,
Քո ամպերը նստակյաց,
Քարերը քոչվոր …

Մի բուռ աշուն բերեք

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,
Դեղին պատարագ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:

Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-
Աղոթելով ամեն քար ու ճմբին…
Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան
Նավասարդյան օրվա հողաթմբին…

Թափուր մի բույն բերեք… չված հավքի
Խառն, անընթեռնելի կտցագրով…
Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի
Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:
Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Անտառում

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։


Աշնան հրդեհն է գալարվում

Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար —
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։


Ավետիք Իսահակյան

Աշուն 

Աշո՛ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…

Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի…

Հովհաննես  Գրիգորյան

ԱՇՈՒՆ

Փողոցով,

աշնանային փողոցով

աշխույժ քայլում է մի աղջիկ

զարմանալի կապույտ աչքերով:

Փողոցով՝

դեղնած տերևներ փողոցում,

աշնանային փողոցով

զնգալով անցնում են տրամվայները

լույսերը պայծառ վառած:

Փողոցում,

աշնանային փողոցում

մի ծառի հենված

ահա կանգնել եմ ես

և զարմանալի կապույտ

երազներ եմ տեսնում:


Եղիշե Չարենց


Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
Մրսած ու կծկըված՝ դողում է, վայում է:
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը:

Մրսած ու կծկըված դողում է իմ շունը.
Փարվել է ոտքերիս` մենակ է, տխուր է:
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են` աշուն է…

Աշուն է, օ, շուն իմ, աշուն է, աշուն է,
Գգվիր, փաթաթվիր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը –
Աշունը մշուշ է, մորմոք է ու մահ…

Զարմանալի աշուն


Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ - ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր - երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց -
Ինձ զգացի ես թարմ - և անչափ նո՛ր:-

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը - և դառնան նո՛ր...

Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն...

Комментариев нет:

Отправить комментарий