воскресенье, 28 апреля 2024 г.

Ճամբար Արատեսում․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն

Արատեսյան եռօրյա ճամփորդութունը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում ՝ մասնակցելով Ուսումնական ժամերգությանը։ 
Մի հատված ժամերգությունից՝


Մեկնեցինք ճիշտ ժամանակին՝ անցնելով Արարատի և Վայոց ձորի մարզերով։ Ճանապարհին խոսեցինք Երևան-Արատես երթուղու, հանդիպած բնակավայրերի մասին։ 
Առաջին կանգառը Արենի համար մեկ կամ Թռչունների քարանձավն էր։ Շրջեցինք քարանձավում, դիտեցինք հայտնաբերված կարասները։ Քարանձավում մշտապես նույն ջերմաստիճանն է, որը բնական սառնարանի դեր է տանում, դա է պատճառը, որ այստեղ գտնված իրերը և մնացորդները պահպանվել են շատ լավ։ Կարասների մեջ գտնված գինու մնացորդները ապացուցում են, որ Հայաստանի տարածքում է եղել աշխարհի ամենահին գինու գործարանը։ Քարանձավում պտղաբերության նպատակով արվել են նաև մարդկային զոհաբերություններ։ Էքսկուրսավարը ներկայացրեց զոհաբերությունների անցկացման նպատակները, որն այնուհետև փոխարինվել էր գինու զեղմամբ։ Քարանձավում ուսումնասիրությունները դեռ շարունակվելու էին, առաջիկայում նպատակ ունեին մի հատվածում հիմնել թանգարան, որտեղ կցուցադրվեին քարանձավից գտած ցուցանմուշները։ 

Արփայի կիճով հասանք Արատես, որտեղ արդեն տեղավորվելու, իրերը դասավորելու, տարածքը մեզ հարմարեցնելու, մաքրելու ընթացքն էր։ Տեղավորվելուց հետո անցանք ճաշի պատրաստությանը, նաև տեղափոխեցինք վառելափայտով լցված պարկերը, հավաքեցինք կտրտված ճյուղերը, որոնք երեկոյան խարույկի համար առանձնացվեցին։ 
Առաջին օրն անցավ խաղաղ, ճանապարհի հոգնածությունը թոթափեցինք մարզական խաղերով, համեղ ճաշով և երեկոյան խարույկով։ 

Իսկ Արատեսում փոփոխական գարնանային եղանակ է, երբեմն պայծառ և արևոտ, երբեմն՝ անակնկալ մռայլ և կարտաբեր․


Երկրորդ օրվա առավոտը սկսեցինք մարզական պարապմունքով։ Մի հատված ՝



Երկրագործական աշխատանքներ
Արատեսում պայծառ և արևոտ գարուն է, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է խնամել բերքատու և մեծ այգին։ Գարնանային աշխատանքներում առաջին կարևոր գործը ծառերի բների մոտ եղած հողը փխրեցնելն ու բաժակապատերը թարմացնելն է, ինչն էլ արեցինք մենք ։ Աշխատանքի արդյունքում 4-5 ծառ թարմացավ։ 

Արատեսյան խոհանոց
Գարնանային ամենահամեղ բույսը՝ եղինջը,Արատեսյան բարիքներից է։ Ճամբարի ընթացքում որոշեցինք այն ներառել ցաշացանկում, չէ՞ որ եղինջից կարելի է բազմաթիվ ճաշատեսակներ և համեղություններ պատրաստել։ Այո՛, ինչ-որ տեղ ծակող այս բույսը վանող է, բայց միաժամանակ ինչքան էլ համեղ է և օգտակար։ 
Սովորողների հետ հավաքեցինք, համտեսեցինք, պատրաստեցինք․
Եղինջով ճաշի մանրամասն բաղդրատոմսը  կգտնեք այս տեսանյութում․ 



Քանի որ նույն ժամանակահատվածում Արատեսում էր և կրթահամալիրի մեղվապահ Արմինե Գոգինյանը, սովորողները հնարավորություն ունեցան ծանոթանալ մեղուներին և մեղվապահական հմտություններ ձեռք բերել։ 

Երկրորդ օրը ևս ավարտեցինք երեկոյան խարույկով, որի ժամանակ սովորողները երգեցին իրենց սիրելի երգերը՝


Ի՞նչ կարող են պատմել գերեզմանաքարերը․․․ ։ Վերադարձի ճանապարհին եղանք Եղեգիս գյուղում, որտեղ հանդիպեցինք Էդուարդ Բագրատունուն, ով աշխատել է կրթահամալիրում, լավ ճանաչում է Արատեսը և Վայոց ձորը․ ավելի լավ ուղեկցող չէինք էլ կարող գտնել։ 
Շրջայցը սկսեցինք Եղեգիս գյուղի սկզբնամասից, իմացանք, որ Եղեգիսը ժամանակին եղել է կենտրոնական քաղաք՝ շատ հարուստ և շատ զարգացած։ Ամեն անկյունում կարելի էր տեսնել հնություններ, նախշազարդ քարեր , մաս-մաս պահպանված կոթողներ։ 
Եղեգիս գետը երկաթյա կամրջով անցնելով՝ հայտնվեցինք հրեական 800 տարվա հնություն ունեցող գերեզմանատանը, որը լավ խնամված էր։ 

Քայլեցինք Եղեգիսով ՝ անցնելով Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտով, դիտարկեցինք եկեղեցու մուտքի հուշկապարիկների քանդակները, քայլեցինք դեպի գյուղի կենտրոնում գտնվող իշխանական գերեզմանոց, որտեղ թաղված են Օրբելիների տոհմի ներկայացուցիչները։

 
Արատեսյան հերթական ճամփորդությունը հագեցած էր նոր նախագծերով և նախաձեռնություններով, հայրենագիտական ուղղություններով։ 
 
Պատմում են սովորողները՝

















Տեսանյութերի հեղինակ՝ Հասմիկ Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий