8-րդ դասարան, գրականություն

13.05.2020
,,Սասնա ծռեր,, 


Էն գիշեր որ Սանասար ու Բաղդասար
Հեծան ձիանք, ընկան ճամփա ու քշեցին։
Չորս օր գիշեր ցերեկ քշեցին,
Խալիֆափ հողից էլան դուրս։
Շատ պըտըտվան, զարկին, էկան կարիբ էրկիր,
Էկան նեղ ձոր մի մտան։
Տեսան, որ մեկ մեծ գետ կը գար, կ’անցներ էնտեղ.
Ու մեկ բարակ առու մի էնդիեն՝
Կ’իջներ, կը գար բարձր սարերից,
Կը զարկեր մեջ էդ գետին,
Ու կը կտրեր զէդ գետ,
Ու կը շերտեր չուրի մեջտեղ,
Ապա կը խառնըվեր մեջ էդ գետին ու կ’էրթար։
Էդտեղ էրկու աղբեր իրար հարցուցին.
— Էդա բարակ առվի զորություն ի՞նչ է,
Որ կը կտրի զէդ ահագին գետ, կը կիսի,
Կ’անցնի ու կը դիպնի էս փըլին։
Սանասարի միտքըն փոխվեց,
Վերուց, ասաց Բաղդասարին,
— Զարմացեր եմ, շատ եմ զարմացեր էդոր վերան:
Էդ բարակիկ ջուրն կըգա,
Հրե՜ն, էն սարի գլխեն կը գա,
Ու կը զարնե գետին, ու կը կտրե,

Ու նոր կ’էրթա հետ էս գետին։
Էդ իմալ ջուր է, Բաղդասար։
Աղբերն ասաց Սանասարին.
— Էդ ջուր ազնանցորդու ջուր է.
Ով որ էդոր ական ջուրըն խմե,
Էդպես կտրիճ կըլնի,
Էնոր մեջքըն գետին տվող չի՛լնի։
Սանասար ասաց Բաղդասարին.
— Ով որ զէդա պստիկ ջրի ակըն գտնե,
Ու զիր տունն էլ շինե վեր էդ ջրին,
Էնոր զավակն էլ որ ըլնի,
Էդպես զորեղ կ’ըլնի,
Էնոր մոտեն ազնանցորդի կ’էլնի.
Էնոր տղեք կտրիճ կ’ըլնին։
Սանասար էդտեղ էրդում արեց.
— Հացն ու գինին, տեր կենդանին.
Էդ ջրի ակ որտեղ էղավ,
Էրթանք, էնտեղ մեր տուն շինենք,
Էնտեղ, ջրի վերան շենլիք շինենք։
Մենք զոռբա, էս ջուր զոռբա,
Էս ջուր խմող ազրայիլ մարդ կը դառնա։
Բաղդասար ասաց.— Դու գիտես, աղբեր։
Էդ ջոջ գետ անցան, գնացին էնդին։
Էլան, առան զառուն,
Ու բռնեցին զէն բարակ ջուր,
Ու գնացին էրկու աղբեր։
Ու գնացին, գնացին լեռներ, լեռնե՜ր.
Էլան էդ սարերի գլուխ.
Գիշեր ցերեկ՝ արին մեկ,
Ու գնացին մեկ վերունի էրկիր հասան,—
Քարափրթա՛, ձո՜ր,անդունդք, քարուկապա՜ն,
Անտա՜ռ, արջ ու գազա՜ն։
Շենլիք չկար էդ վերքեր։
Էդ էրկրին շատ հավնեցան։
Ու գնացին, գտան զաղբուր։
Էդ աղբրի ջուր լուլա մի ջուր է,
Կ’էրթա, կը կտրե զիր տակի մեծ գետ։
Տեսան, անուշ ջուր էր, ու տեղն էլ էր անուշ.
Սանասար ասաց.— էստեղ խորոտ է.
Աղեկ է, որ մենք էստեղ մնանք,
Մեզ համար տուն մի ու քոշք շինենք,
Նստան վեր էդ ջրի ական,
Սահմանեցին՝ իրենց համար բերդ մի շինեն։
Մեծ աղբեր ասաց պստիկ աղբոր.
— Գնա, մեկ որս զարկ, բեր էփենք, ուտենք,
Ես էլ քարեր դնեմ իրար վերա.
Նշանակ շինեմ, որ գեղ շինենք։
Յոթն օր իրար վերա չուր կեսօրին՝
Բաղդասար հավքեր զարկեց, բերեց.
Սանասար էլ քար բերեց, նշանակ շինեց։
Ու բերին, զիրենց բերդի հիմ դրին։
Սանասար գնաց արևելի կողմ,
Բաղդասար գնաց արևմտի կողմ,
Զոջ ջոջ քարափներ կրեցին, բերին։
Քարեր բերին, լրացուցին,
Ձեռ իրար տվին, աստված կանչեցին,
Էղան վարպետ, պատ շարեցին,
Իրենց համար վեր էն ջրին
Իրարու հետ տուն մի կը շինեին։
Ապա Սանասար նետ ու աղեղ կ’առներ,
Կ’էրթար որսի լուսաբացին չուր իրիկուն,
Ու Բաղդասար կը դատեր վեր էն բերդին։


Սանասար էնքան զորեղ էր.
Որ օր տասըն տան տեղ կը փորեր,
Էն մեկէլն էլ զփետեր կը բերեր.
Ու բանվածքըն էրկուսով կը շինեին։
Էրկու աղբեր չորս ավուր մեջ լման
Զքառսուն տների պատեր շարեցին,
Էդա ջոջ սարերի գերաններ
Կտրեցին, բերին առանց թփռելու,
Թալեցին վերան, ծածկեցին, պրծան։
Ու քոչեր նստեցուցին տների մեջ։
Տղեկներ որ զտներ կը շինեին,
Օրեն մեկի տուն հաց կ’ուտեին,
Վիր տուն որ հաց կ’ուտեին,
Էնոր տաշտ ու մաղ կը կախեին։
Երբ որ քոչեր իրենց տներ նստան,
Տղեկներ կրկին ըսկըսեցին ըզբերդ շինել:
Սանասար ջոջ քարափներ շալկեց, էբեր.
Ջոջ ջոջ քարեր էլ իր աղբեր էբեր։
Գնացին հետո քաղաք,
Վարպետ ու բանվորներ բերին։
Վարպետ տեսավ բերած քարեր,
Ասաց.— Ես չեմ կարնա շինել։
Սանասար գնաց քաղաք.
Ուրիշ մեն վարպետ էլ էբեր։
Էս վարպետ էլ որ տեսավ էն ջոջ քարեր.
Ասաց.— Սանասար, էս ի՞նչպես տի շարենք.
Ես չեմ կարնա էս քարափներ իրար տալ։
— Ապա ո՞վ կարնա. հարցուց Սանասար։
Վարպետ պատասխանեց.
— Մարդ չի կարնա իրար տալ։
— Ապա ի՞նչպես տի շարենք։
— Ես էլ չեմ գիտի, ասաց վարպետ։
Էն ժամանակ Սանասար վերուց,ասաց.
— Դե դու, վա՛րպետ, լարեր կապի՛, տեղեր շտկի՛,
Ինձի ասա, ես քար դնեմ իր տեղ։
Էսպես իրենց բերդ շինեցին։
Ջոջ ջոջ քարեր կը բերեին հրեշալի,
Վարպետների հետ էլ մեկտեղ կը բանեին։
Էնոնք էնքան զորեղ էին,
Որ քարե սան քարե սուն զարկին, ձագ թալեցին։
Մեկ տարի բոլոր էնոնք էսպես աշխատեցին,
Մեկ տարին որ լրացավ,
Նոր էնոնց բերդն ու տուն էկավ գլուխ։
Դարձան փոքրիկ, էկեղեցի մ’էլ շինեցին։
Մնաց բերդի ու տան անուն։
Ու չեն գիտի, թե ինչ դնեն էդոր անուն։

Սանասար ծովու մեջ որ մտավ,
Ինչ չոր գետնի վերա գնաց։
Գնաց, հասավ ծովու տակ մեկ պարտեզ,
Տեսավ՝ քոշք ու սարայ մի կա էնտեղ.
Հավուզ մի կա մեջ էն պարտեզին.
Էն քոշք ու սարի առջև ջուր կըթալի։
Տեսավ Ծովային ձին. Քուռկիկ Զալալին,
Էնտեղ կապուկ, թամք սադաֆին վերան պատրաստ,
Կեծական Թուր վերան կախած։
Նայեց՝ էկեղեցի մի կա էնտեղ։
Ինչ մտավ էկեղեցին,
Ակահ գնաց, թավալեց, ընկավ։
Մեջ քնուն էրազ տեսավ,
Մայր Աստվածածին էկավ էրազ, ասաց,
«Հե՛յ, Սանասար, էլի վե՛ր։
Խաչ Պատերազմին կո՛ էստեղ է.
Էլի՛, յոթ ծունր, աղոթք առջև արա.
Արժան ըլնիս, քեզ կը հասնի,
Դնես վեր քո աջ թևին, որ դարբ չառնի։
Ծովային ձին, Քուռկիկ Ջալալին,
Էնտեղ թամքած, սանձըն բերան զարկած,
Էրկնուց իջած Թուր Կեծակին վերան կախած.
Թե արժան ես, կ’առնես, կը հեծնես։
Էստեղ մեկ պահարան կա, բա՛ց.
Մեջըն շապիկ զրեհին.
Զրեհի քամարն ի մեջքին,
Գլխու գուտն զրեհին,
Զրեհի կոշիկն ի ոտին,
Ծանրիկ գուրզ փահլևանին.
Ամուր նիզակ, նետ ու աղեղ,
Փող պղլորին, պինդ վահան.
Ամեն էստեղ է, կ’առնես։
Էն դարբասի աղբրի մեջ էլ կը լողանաս,
Կը ջոջանաս, կը զորանաս, կտըրճանաս,
Քո ուժ կ’ըլնի քան յոթ,
Մեկն յոթ կը հավելանա, կը լցվիս.
Կերթաս քոմուրազին կը հասնիս»։


12.03.2020
Դասարանում 
Ֆիլմի քննարկում 

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով...

Ու էլ ամե'ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա'չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե'ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...

1. Ինչպիսին է Կարս քաղաքը, ներկայացրո՛ւ քո բառերով, բայց Չարենցի նկարագրությամբ: 
2. Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
3. Բացատրի՛ր այս քառատողը. 
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով...
4. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը: 
5. Բացատրի՛ր վերնագիրը: 
6. Գրի՛ր շարադրություն ,,Դեպի երկինք պիտի գնամ հին ու աստղային երազների ճանապարհով...,, վերնագրով: 

Տնային աշխատանք
Կարդա՛ Չարենցի բանաստեղծությունները, մեկը քո ընտրությամբ սովորի՛ր անգիր: 
Փորձի՛ր մեկնաբանել ընտրածդ բանաստեղծությունը: 


10.03.2020
Դասարանում 
Կարդում ենք Չարենց
  • Կարդա՛ Չարենցի ,,Ծիածան,,  շարքի բանաստեղծությունները: 
  • Ի՞նչ գույներ է ներկայացնում բանաստեղծություններում, քո կարծիքով ի՞նչ են խորհրդանշում գույները, ի՞նչ տրամադրություններ են արտահայտված բանաստեղծություններում: 
  • Քո ընտրությամբ մեկ բանաստեղծություն սովորի՛ր անգիր, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: 
  • Ընտանեկան ընթերցումներ: Ընտանիքի անդամների հետ ընթերցեք Չարենցի բանաստեղծությունները, ձայնագրեք ձեզ դուր եկածները: 

Տիգրան Հայրապետյան օրեր. նախագիծ 

Տնային աշխատանք

Դիտել Չարենցի մասին պատմող ֆիլմը:
Ֆիլմից Չարենցի մասին տասը հետաքրքիր փաստ ներկայացնեք ձեր բլոգում: 


27.02.2020
Դասարանում /հինգշաբթի/
Կարդա՛ Թումանյանի ,,Անկեղծ չենք,, հոդվածը: 
1. Գրի՛ր էսսե ,,Տարբերենք իսկականը կեղծիքից,, վերնագրով: 
2. Համեմատի՛ր այս և ,,Ձևն ու հոգին,, հոդվածները, ունե՞ն ընդհանրություններ: 


Տնային աշխատանք
Կարդա՛ Թումանյանի ,,Մի՞թե դժվար է,, հոդվածը: 
Ամփոփ ներկայացրո՛ւ Թումանյանի ասելիքը՝ արտահայտելով քո կարծիքը: 
Դուրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 


25.02.2020
Դասարանում 
Նախորդ աշխատանքների քննարկում 
Կարդա՛ Թումանյանի ,,Անկեղծ չենք,, հոդվածը: 
1. Ամփոփ ներկայացրու Թումանյանի ասելիքը: 
2. Քո կարծիքը գրի՛ր Թումանյանի առաջադրած թեմայի վերաբերյալ: 

Տնային աշխատանք
Կիսատ առաջադրանքների ավարտում: 
Կարդա՛ Թումանյանի ,,Երկաթուղու շինարարությունը,, պատմվածքը: 
Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը: 
Պատմվածքի վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը: 



20.02.2020
Դասարանում
Կարդա՛ Թումանյանի ,,Ձևը և հոգին,, հոդվածը: 
Ամփոփ ներկայացրո՛ւ հոդվածի ասելիքը, գաղափարը: 
Առանձնացրո՛ւ մեկ միտք, որ քեզ դուր եկավ: 

Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Աղավնու վանքը,, բալլադը:
Համացանից պարզի՛ր՝ ինչ է բալլադը: 
Հետազոտական աշխատանք. հայկական որ վանքների կամ եկեղեցիների մասին է այս ավանդույթը: 
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 
Բալլադում պատմական կերպարներ կա՞ն: 

18.02.2020
Դասարանում 

Կարդում ենք Թումանյան
Մեր ուխտը
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր:
2. Բացատրի՛ր վերնագիրը:
3. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիքը,  արտահայտածմիտքը: 
4. Ուղտ-ուխտ. ինչպիսի՞ բառեր են, բացատրի՛ր: 
5. Ընթերցե՛ք այլ բանաստեղծություններ Թումանյանից: 

Տնային աշխատանք
Վերհիշել կամ անգի՛ր սովորել Թումանյանի ,,Իմ երգը,, բանաստեղծությունը:  Մի քանի նախադասությամբ ներկայացրե՛ք բանաստեղծության գաղափարը, բուն ասելիքը: 

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շնորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծննդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։
Այլ առաջադրանքներ .
1. Ընթերցել կենսագրական տեղեկություններ Թումանյանի մասին, բանավոր ներկայացնել դասարանում: 
2. Ներկայացնել Թումանյանի որևէ բանաստեղծության  կամ այլ ստեղծագործության ձայնագրություն, տեսագրություն՝ որպես նվեր ծննդյան օրվան: 



13.02.2020
Դասարանում 
Կարդում ենք Տերյան : 
Նախորդ աշխատանքների ամփոփում: 
Գրավոր աշխատանք. ի՞նչ եմ ընթերցել, ինչպիսին է իմ ընթերցած Տերյանը: 


Տնային աշխատանք
Կարդա՛ Թումանյանի քառյակները: 
1. Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։

2. Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:

3. Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,—
Վատը` լավ եմ տեսել ես։

4. Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։

5. Ո՜նց է ժըպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

1. Քառյակներից դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
2. Նշված քառյակները որևէ ընդհանրություն ունեն և ո՞րն է: 
3. Ի՞նչ գաղափար է արտահայտված նշված քառյակներում: 
4. Քառյակների տողերից մեկը դարձրո՛ւ վերնագիր և գրի՛ր շարադրություն: 



11.02.2020
Դասարանում 
Տերյանական օրերի ամփոփում :
Հոդվածներ Տերյանի մասին
Երաժշտությունը կյանքից լավ է
Տերյանի վերջին ժամերը
Տերյանը՝ հիշողություններում 

Տերյանի ,,Երկիր Նաիրի,, շարքը: 


Տնային աշխատանք
Տերյանի ,,Երկիր Նաիրի,, շարքն ընթերցե՛ք, առանձնացրե՛ք ձեզ դուր եկած որևէ բանաստեղծություն, բացատրե՛ք բառերը, պատրաստ եղե՛ք վերլուծել-ներկայացնել դասարանում:

Հոդվածներ. ընթերցել կամ վերհիշել, եթե կարդացել էիք:

Երաժշտությունը կյանքից լավ է
Տերյանի վերջին ժամերը
Տերյանը՝ հիշողություններում 

Տերյանի ,,Երկիր Նաիրի,, շարքը: 


06.02.2020
Դասարանում 
Կարդում ենք Տերյան 
Ֆիլմի քննարկում
Բանաստեղծությունների ընթերցում

Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։
Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։
Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…
1.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք գույն են հաղորդում: 
2.Ի՞նչն է գերիշխում բանաստեղծության մեջ, խո՞հը, թե՞ տրամադրությունը: 
3. Ո՞ր տողերն են բնութագրում բանաստեղծության հերոսին:
4.  Ի՞նչն է ստեղծում բանաստեղծության ռիթմը՝բառե՞րը, հնագավորո՞ւմը, տողերի չա՞փը, թե՞ մի այլ բան: 
Ընթերցել այլ բանաստեղծություններ Տերյանից, առանձնացնել հավանած բանաստեղծությունները: 
Տնային աշխատանք 
Կարդա՛ բանաստեղծությունը
Տխրություն 
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...

1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Դուրս գրի՛ր համեմատությունները:
3. Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը: 
4. Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:
5. Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:
6. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը: 
7. Տերյանից ևս մեկ բանաստեղծություն սովորի՛ր անգիր, ներկայացրո՛ւ ձայնագրություն կամ տեսաֆիլմ: 



04.02.2020
Դասարաում 
Գրականություն
Կարդում ենք Տերյան
Ի՞նչ է ժողովածուն, բանաստեղծական շարքը:
,,Մթնշաղի անուրջներ,,  ժողովածու:
Ընթերցել բանաստեղծությունները, առանձնացնել մի քանիսը, նշել ինչ են արտահայտում առանձնացրած բանաստեղծությունները, փորձել վերլուծել:
Կարդա՛ հոդվածը, մի քանի նախադասությամբ վերարտադրի՛ր բլոգումդ՝  ավելացնելով քո կարծիքը:

Տնային աշխատանք 
Ընտրել որևէ բանաստեղծություն Տերյանի ,,Մթնշաղի անուրջներ,, շարքից, սովորել անգիր, ձայնագրել կամ տեսագրել:
Դիտել Տերյանի մասին պատմող ֆիլմը: 




30.01.2020
Գրականություն
Դասարանում 
Կարդում ենք Տերյան 
Fatum
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար...
1. Բացատրի՛ր բառերը՝ աներևույթ, առկայծել, կարոտագին, կարոտավառ: 
2. Բանաստեղծությունից գտի՛ր համեմատություններ: 
3. Գրավոր վերլուծել բանաստեղծությունը, ի՞նչ է ներկայացված: 
4. Ի՞նչ է նշանակում fatum, նայեք բարառաններում, համացանցում: 
5. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով ՝ ,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու,, ,  ,,Իջնում է հուշիկ,, : 

Տնային աշխատանք
1. Գտնել կենսագրական տեղեկություններ Տերյանի մասին, որտեղ է ծնվել, որտեղ է սովորել: 
2. Գտնել հուշեր, պատմություններ Տերյանի մասին: 
3. Ի՞նչ բանաստեղծական ժողովածուներ ունի Տերյանը: 
4. ,,Fatum,, բանաստեղծությունը սովորել անգիր: 

Комментариев нет:

Отправить комментарий