8-րդ դասարան, Գրականություն․ Երրորդ ուսումնական շրջան

 03.02.2025

Աշխատանք դասարանում 

Կարդում ենք Տերյան

Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։
Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։
Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…
1.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք գույն են հաղորդում: 
2.Ի՞նչն է գերիշխում բանաստեղծության մեջ՝ խո՞հը, թե՞ տրամադրությունը: 
3. Ո՞ր տողերն են բնութագրում բանաստեղծության հերոսին:
4.  Ի՞նչն է ստեղծում բանաստեղծության ռիթմը՝ բառե՞րը, հնագավորո՞ւմը, տողերի չա՞փը, թե՞ մի այլ բան: 
Տխրություն 
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...

1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Դուրս գրի՛ր համեմատությունները:
3. Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը: 
4. Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:
5. Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:
6. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը: 

Fatum
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար...
1. Բացատրի՛ր բառերը՝ աներևույթ, առկայծել, կարոտագին, կարոտավառ: 
2. Բանաստեղծությունից գտի՛ր համեմատություններ: 
3. Գրավոր վերլուծել բանաստեղծությունը, ի՞նչ է ներկայացված: 
4. Ի՞նչ է նշանակում fatum, նայեք բառարաններում, համացանցում: 
5. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով ՝ ,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու,, ,  ,,Իջնում է հուշիկ,, : 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից կարդալ բանաստեղծությունները, մեկն ընտրությամբ սովորել անգիր։ Ընթերցածները ներկայացնել բլոգում՝ մեկնաբանությամբ։ 

Комментариев нет:

Отправить комментарий