среда, 24 сентября 2014 г.

Առաջին անգամ Սյունիքում

Սյունիքի մարզը շատ եմ սիրում: Չգիտեմ, թե դա ինչի հետ է կապված. գուցե կարդացածս գրքերի կամ էլ պատմության դասաժամերին՝ Սյունիքին անդրադարձի: Իսկապես չգիտեմ, բայց Սյունաց աշխարհը միշտ ինձ գրավել է, մի  քիչ այլ է եղել, կախարդական ու թովիչ ինչ-որ բան է ունեցել իր մեջ: Այս ամենի հետ հանդերձ  երբեք չէր հաջողվում Սյունիք գնալ, ինչքան ցանկալի էր այս աշխարհը , այնքան հեռու էր: 
Ամեն ինչ սկսեց  ,,Լոռի,, հանգստայն տուն այցելությունից: Զարմանալի է, մի փոքր տարօրինակ, բայց մի քանի ամիս առաջ  դեպի Կուրթան կատարած ճամփորդությունը դարձավ պատճառ հերթական ճամփորդության: Ստեփանավան քաղաքում ծանոթացանք Սյունիքի Բռնակոթ գյուղում ծնված և այժմ Ուխտասար գյուղի գյուղապետ պարոն Արարատին: Բնականից համեստ, հյուրընկալ և հետաքրքրասեր մարդ լինելով հետաքրքվեց մեր դպրոցով, դպրոցում իրականացվող ծրագրով... դե իսկ արդեն հրավերը չուշացավ: Իր լրջությամբ և հավասարակշիռ պահվածքով պարոն Արարատը բավականին պատկառելի մարդ էր երևում, թվում էր՝ տարիքն էլ է պատկառելի:
  Ինչո՞ւ չօգտվել ընձեռված հնարավորությունից: 2014 թվականի սեպտեմբերի 21-ն էր մոտենում, նշանակալից օր յուրաքանչյուր սեբաստացու /Սեբաստացիները կհասկանան. հերթական բարձունք հաղթահարելու օրն է/:  Երկար ու ձիգ նախապատրաստական աշխատանք,  որը հաճույքով ես հիշում ճանապարհին , երբ տրանսպորտի մեջ ես ու սլանում ես դեպի ցանկացածդ վայրը, որը տհաճությամբ ես հիշում , քանի դեռ ճամփորդությունը չի սկսվել:
Ճամփա ընկանք առավոտ ծեգին: Գիտեինք ՝ ճանապարհը երկար է և դժվարին: Չէինք մոռանում նաև, որ ճանապարհը լի է հրաշալի վայրերով, որոնց մոտ անպայման պետք է կանգ առնել: Առաջին կանգառը Զանգակատունն էր: Մի ժամանակ /հիմա մի փոքր/ ծայրահեղ տարված էի Սևակով, սիրում էի անսահմանորեն: Այնպես որ Զանգակատուն այցելելը հեռավոր երազանք էր: Ընդհանարպես այս ճամփորդության ժամանակ իրականացան իմ հեռավոր երազանքներից շատերը: Մեզ ընդունեց թանգարանի աշխատողը:  Այժմ, երբ գրում եմ այդ մասին, իմ տպավորության մեջ մնացել է ոչ թե տունը կամ աշխատողի ներկայացրածը Սևակի մասին, այլ այգին: Շրջեցինք այգում, նստեցինք Սևակի տնկած ծառերի կողքին, պատկերացրեցինք, թե ինչպես է Սևակը նստել այգում, մտածել կամ մշակել այն: Ամեն ծառի, ամեն թփի ու խոտի մեջ սևակայան մի մասնիկ կար, ամենուր Սևակի շունչն էր: 
Նրանք ծնվել են, որ ապրեն հարբած
Իսկ դու, որ քեզնով երբևէ հարբեն...
Չես կարող չհիշել Սևակի հայտնի խոսքերից որևէ մեկը, մի պահ, երբ մտքումդ խառնվում են սևակյան տողերը:
Արենի: Այս անունը լսելիս ոչ թե գինի եմ հիշում, այլ նախամարդու հետքեր: Չգիտեմ ինչու է այսպես , ասում եմ Արենի ու իմ առջև կանգնում է մի տարածաշրջան, որտեղ բազմաթիվ գիտնականներ կան ու բոլորը զբաղված են հող փորելու գործով, իսկ հողի տակից դուրս են գալիս այս վայրում նախամարդու գոյությունը հաստատող իրեր: Գուցե նրանից , որ Արենին դեռ մեզ զարմացնելու բան ունի...
Հենց ոտքս ներքև դրեցի, միանգամից հասկացա, որ ուրիշ աշխարհում եմ գտնվում, անգամ ամենափոքր քարն էլ այնպիսի գրավչություն ուներ, որ չէիր ցանկանում հայացքդ հեռու տանել: Իմ առջև միանգամից բացվեց ժայռային սիմֆոնիա, մի քիչ անապատային բան զգացի, որովհետև սուրբ Աստվածածին եկեղեցի ատնող ճանապարհին կանաչ չկար, իսկ շոգ արևը կարծես ուզում էր քեզ հալեցնել: Եկեղեցին գտնվում էր մի փոքրիկ բարձունքի վրա: Մի տեսակ մենակյաց թվաց ինձ եկեղեցին, ժայռերի պես սառը թվաց: Փոքրիկ, հարուստ զարդարանքներից զուրկ, ամենաճիշտ բառը երևի՝ գողտրիկը կլինի: Գողտրիկ եկեղեցի էր. որը սառը լինելով հանդերձ, պատկառանք էր ներշնչում: Մի փոքր վեհություն զգացի, երբ քայլելով ետ էին իջնում մեր հաղթահարած փոքրիկ բարձունքից: 
Վայք: Այս անուն ասելիս հիշում եմ իմ կուրսի Վարդուհի անունով աղջկան, և ինձ միշտ թվում էր, որ Վայքն այս աղջկա շրթունքների կլորության տեսքն ուներ: Այցելեցինք Սուրբ Տրդատ եկեղեցի: Ի տարբերություն Արենիի Սուրբ Աստվածածին կեղեցու արտահայտած սառնությանը /որը չափազանց սիրելի է/ , այստեղ ջերմություն ու մտերմիկություն ես զգում, գուցե դա անընդհատ եկեղեցում ծխացող մոմերի ջերմությունն էր: 
Վայքում ուշադիր նայում էի յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր լուսամուտից ներս էի նայում, մեքենայի ապակու մեջ երևացող դեմքերին էի նայում, բայց ում ցանկանում էի տեսնել, այդպես էլ չտեսա:
Քիչ-քիչ օրը մթնում է, քիչ-քիչ մոտենում ենք... մեզ դիմավորելու է գալիս հենց ինքը՝ Արարատը: Ձայներ ներսից.
-Մեզ ծանոթ պատկառելի գյուղապետը կովբոյ է դարձել: 
Նայում եմ լուսամուտից. Արարատի գլխին կովբոյների գլխարկի պես մի բան է: Իսկապես նոր ենք նկատում, որ մեր պատկերացրած պատկառելի տարիքով մարդը բավական երիտասարդ տեսք ունի: Իջնում ենք: Ողջագուրման պահ: Հիշում ենք մենք: Արարատն էլ մեկ-մեկ մտաբերում է Ստեփանավանից  իր ճանաչած երեխաներին: Քայլում ենք դեպի Շաքեի ջրվեժ: Թվում է՝ չես հասնի, ճանապարհը ոլորապտույտ է, մեկ առ մեկ՝ իծաշարուկ ենք քայլում: Ծառերն ու թփերը փակում են տեսադաշտը: Միևնույնն է ջրվեժի ձայնը չեն փակի: Մոտենում ենք: Երևում է ջրվեժը՝ իր ամբողջ թափով, ուժգնությամբ և թեթևությամբ: Հասկանում եմ՝ բնության ստեղծած հրաշքներից մեկը ջրվեժներն են, որոնց ձայնն ունկնդրելն ու տեսքով զմայլվելն ուղղակի աննկարագրելի է: Դե արդեն կարող եք պատկերացնել ինչքան նկարվեցինք, ճչացինք ու վազվզեցինք, ուրախացանք ու լիցքաթափվեցինք ջրվեժի մոտ: 
Տանձահավաք: Խնձորահավաքի մասնակցել էի, տանձահավաքի՝ չէ: Արարատը մեզ ուղեկցում է մոտակա այգի, որի միջով անցնում է գետը՝ հանդարտ ու անշտապ: Տանձ ենք հավաքում, հավաքելուն համընթաց ուտում ենք... Վերցնում եմ նախընտրածս երկու տանձը, մոտենում գետին՝ ընկղմվելու աստիճան, հարմար տեղավորվում և սկսում վայելել անկրկնելի պահը / ոչինչ երբեք չի կրկնվում, յուրաքանչյուր պահ անկրկնելի է յուրովի/ : Վայլում եմ այնքան, մինչև իմ գրաված հատվածին են մոտենում Հրաչը և Ալենը՝ նմանապես տեղավորվելով և կիսելով ինձ հետ լուռ երեկոյի կապտազարդ երկինքն ու գետի գրեթե անձայն խշխշոցը: Լիացած ու տանձեր հավաքած /յուրքանչյուն իր համար/ շարունակում ենք ճանապարհը: 
Ավտոբուսը կանգ է առնում Ուխտասար գյուղի դպրոցի մուտքի մոտ: Անցնում ենք տեղավորվելու գործին: Մի փոքր դպրոցի մասին: Բնականաբար գյուղի միակ դպրոցն է, որն ունի ընդամենը 18 սովորող: Ինչպես հետագայում տեղեկացանք և ծանոթացանք, դպրոցի նոր տնօրենը բավական բարեփոխումներ էր արել, ինչը պարզորոշ երևում էր անզեն աչքով: Նորացված ու վերանորոգված էր, ամեն հարմարություններով, միայն սովորողներ չուներ: Տնօրենի մասին կպատմեմ մի փոքր ուշ: Մեր իրերը տեղափոխեցինք մարզադահլիճ, որտեղ էլ պետք է գիշերեինք՝ քնապարկերի մեջ: Յուրքանչյուրը զբաղեցրեց իր նախընտրած անկյունը: Եռուզեռ: Ոմանք խաղում են, ոմանք՝ զրուցում, ոմանք՝ վիճում, իրարից նեղանում, մենք էլ՝ ճաշ ենք պատրաստում: Հետո երկար խաղեր, զրուցներ ... քիչ-քիչ բոլորը քնեցին: Դեռ չեմ մոռացել գիշերվա կես մեր մակսուրճ խմելը, երեխեքին ծածկելուց ամեն մեկի քնելու ձևին նայլիս ծիծաղելն ու զարմանալը: 
Առավոտ արթանացանք վաղ: Լավ մարզվեցինք, վազեցինք, մարզանք արեցինք, մինչև կապատրաստվեինք դիմավորել դպրոցի տնօրենին, մի լավ ֆուտբոլ էլ խաղացինք... Մի փոքր ժամանակ անցավ. վերցրեցինք դրոշները, պատրաստվեցինք բարձունք հաղթահարելու: Մի փոքր հստակեցում. ճամփորդության նպատակը Ուղտասար բարձրանալն էր, սակայն ինչ-ինչ պատճառներով տեղացիները կտրականապես հրաժարվեցին մեզ այնտեղ տանել, ստիպված եղանք փոխել բարձունքը: Մեզ առաջարկեցին այցելել Կարմիր ավետրան, որը ինչպես հետագայում պարզվեց Թանահատի վանքն է: Այստեղ տեղին եմ համարում հիշել համալսարանում իմ նոր գրականության դասախոս Հրանտ Ադամյանին, ով մեզ քննությունից առաջ ստիպում էր գնել իր հեղինակած գրքերը, որոնցից մեկի մեջ կար ,,Թանահատ-Թանադե,, բալլադը: Նոր հիշեցի, որ խոսքը հենց այս եկեղեցու մասին է: Ադամյանի ասելով եկեղեցին կոչվել էր Թանահատի վանք, որովհետև շինարարների սնունդը սպառվել էր և նրանց կերակրում էին թանապուրով, որը նույնպես սպառվում է : Թան և հատնել /վերջանալ/ բառերից է: Իսկական էքստրեմալ արշավ կարելի է ասել. որոշ հատված գնացինք մեքենայով, երբ իջանք ու պետք է քայլեինք, մեր առջև բացվեց գետի մի փոքր հատված, որին ես առու կասեի: Բայց այդ փոքրիկ առուն էլ ահագին հզորություն ուներ, ճիշտ է Սասնա ծռեր էպոսի մեջ հսկայական  գետը չէր կտրում անցնում, բայց մեր ճանապարհն էր կտրում:
Իսկ ջրի միջով անցնել և թրջվել չէր կարելի, քանի որ առջևում դեռ մի քանի ժամանոց քայլարշավ ունեինք, իսկ թաց ոտքերով գնալը եղանակից ենթադրելով հանգեցնելու էր շուտափույթ հիվանդության: Հարցը լուծվեց րոպեական. մեզնից երեքը  հանեցին կոշիկները, մտան ջուրը և գրկած տարան մյուսներին: Էքստրեմալ պահն ավարտվեց, սկսեցինք քայլարշավը: Չեմ կարող ասել, որ ճանապարհը երկար էր, բայց միանշանակ բարդ էր. մի հատված այնքան բարձր էր, որ ստիպված էինք խոտերից բռնելով մեզ վեր հրել, երևի մեզ կողքից նայողը ծիծաղից կթուլանար: Բարձունք , որ բարձունք, ով կսպասեր, իբր Ուղտասար չբարձրացանք, սա էլ թեթև ու հեշտ էր ... չեմ բաղոքում, որովհետև նման արշավներն էլ իրենց գրավչությունն ունեն: Ով ում կարողացավ օգնեց, ում էլ չօգնեցինք անձամբ հաղթահարցե՝ ապացուցելով, որ կարող է ավելին անել և միայնակ: Կանգնած ենք եկեղեցու մոտ. կիսավեր է, խոնարհված, փլատակների կույտի վերածված. ախր ինչո՞ւ չեն վերաշինում, դարեր առաջ մարդիկ հաղթահարել են այդ բարձրությունը, կառուցել են, ժամանակն ավիրել է... ապրում ենք տեխնիկայի դարաշրջանում, ինչո՞ւ չեն վերաշինում, ինչն է խանգարում:  Գուցե տեղը չգիտեն...
Իջում ենք այլ ճանապարհով, որն այդքան դժվար չէ, բայց համեմատաբար երկար է: Ճանապարհին փոքր Հրաչը ոգևորված մաթեմատիկայի ուսուցչի գովաբանությունից, բոլորին մաթեմատիկական խնդիրներ է հարցնում, ի՞նչ հարցնել, հետապնդում է մաթեմատիկայով: Այնքան , միչև բոլորը սկսում են նրանից խուսափել: Հրաչն էլ ավելի ոգևորված է սկսում նրանց հետապնդել: 
Ճանապարհին սկում է անձրև գալ: Ավտոբուսը շարժվում է միալար ձայնով: Դրսի ցրտին ու անձրևի թացությանը հակառակ ներսում ջերմ մթնոլորտ է, բոլորը զրուցում են, ինչ-որ բան քննարկում, խոսակցությունը գնալով թեժանում է: Թեթև հոգնություն է իջնում բոլորի վրա: Քիչ-քիչ մոտենում ենք ,,Զորաց քարերին,,: Ոչ մի անձրև ինձ չի խանգարի իջնել և հիանալի : Երազանքներիցս մեկն այստեղ լինելն էր: Չնայած անասելի ցրտին և անձրևի կաթիլներին, ես իջնում եմ, կանգնում եմ Զորաց քրերի շրջանում, նայում եմ, ուսումնասիրում, ֆիքսում հիշողությանս մեջ, հիանում նախնիներովս, հայ ազգությանը պատակնելուս համար: Ուրախ եմ, հոգիս ճախրում է: Երկար մնալ չենք կարող, ինչքան եմ ցավում, այնպես էի ուզում նստել քարերի մոտ, նայել երկնքին, շնչել թարմությունը, ինձ հնագետի տեղ դնել և քարերի վրա նախամարդու ձեռքի հետքեր փնտրել: 
 Երեկոն անցավ անցածի պես, մի քիչ խաղացինք , ընթրեցինք, թոնրում եփված կարտոֆիլ կերանք: Մեզ այցելեց գյուղապետը և դպրոցի տնօերնը: Երկու հակադրություն, հանգիստ մարդու կողքին տեսնել անհանգիստ մարդ, չէի սպասում: Քառասունին մոտ մի տիկին էր դպրոցի տնօերնը, տիկին բառից բուն իմաստով: Միանգամից միտս է գալիս Րաֆֆու նկարագրած Արծրունյաց տիկինը՝ Մերուժանի մայրը: Շատ նման են: Այր մարդու բնավորություն ունի, կանացիությունից զուրկ չի, բայց երևում է, որ իշխանություն է սիրում: Խոսելու ընթացքում նրա մեջ գոռոզություն և մեծամտություն եմ տեսնում, բայց մյուս կողմից նկատում եմ նվիրվածություն: Նվիրվածություն դպրոցին, իր գործին, ընտանիքին: Պատմում է դպրոցում տնօրեն լինելու դժվարին ընթացքը, արված բարեփոխումները, սկզբնական շրջանում իրեն չընդունած ուսուցիչներին, որոնց չի հեռացրել, այլ համերաշխ աշխատելու ճանապարհ է ցույց տվել: 
Լուսանում է: Վեր ենք կենում, հավաքվում ենք, լավ է, բայց արդեն կարոտել ենք մեր ընտանիքներին: Հրաժեշտ ենք տալիս, շնորհակալություն ենք հայտնում հյուրընկալության համար, մեզ այցելելու հրավեր ենք անում և ճանապարհ ընկնում: 
Երկար ու ձիգ ճանապարհ, որ անցնում է յուրօրինակ ու չկրկնվող արահետներով: Այդպես եմ ասում, որովհետև ինձ զարմացնում էր ամեն մի քար, ամեն մի թուփ ու ժայռ: 
Հասնում ենք Նորավանք: Այս եկեղեցական համալիրը ինձ վախ է ներշնչում, որը կապված է եկեղեցու կառուցվածքի հետ: Նեղլիկ աստիճաններով բարձրանում ես եկեղեցու ,,երկրորդ հարկում,, գտնվող հատված: Աստիճաններն այնքան նեղլիկ են, որ ակամայից մտածում եմ՝ բա որ ընկնենք: Ամեն ինչ բարեհաջող է անցնում: Եկեղեցին բավական մարդաշատ է, շատ են ինչպես  Հայաստանի տարբեր վայրերից եկած մարդիկ, այնպես էլ արտասահմանցիները: Ֆիքսում եմ՝ Նորավանքը զբոսաշրջության հիմնական ուղղություններից մեկն է, բնական է: Երևանից այնքան հեռու չէ, հեշտ է գալը, տեսարանը՝ գեղեցիկ է, խնամված: Մանրամասն /այնքան մանրամասն, որ աստիճաններով ներքև տանող մի փոս կար, դա էլ մտանք/   նայելուց հետո ուղևորվում ենք Երևան: 
Այսպես ավարտվում է հերթական հետաքրքիր ճանփորդությունը, որն , իհարկե, վերջինը չէ...


Комментариев нет:

Отправить комментарий