среда, 2 ноября 2016 г.

Երբ արդարանում են սպասելիքներդ

Հերթական անգամ հիացմունք ապրեցի. ճամփորդությունը ապրեցնող, բացահայտող և սովորեցնող յուրահատուկություն ունի: Ամբողջ ընթացքում իմացումի և բացահայտման հրճվանք ես զգում,   աննկարագրելի ու անմոռանալի պահեր ես ապրում:
Այս անգամ  ճանապարհվում էինք Պարսկահայք: Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի մասին քիչ գիտեի, հնարավորինս տեղեկացա համացանցից, բայց պետք է խոստովանել, որ բոլորովին այլ բան է կարդալը և բոլորովին այլ բան սեփական աչքով տեսնելը: Ճանապարհը երկար էր, դժվարին, բայց ոչ մի անգամ չեմ մտածել, որ իզուր գնացի: Վստահ էի, որ սպասելիքներս կարդրարանան: Այդպես էլ եղավ:
Սահմանի մոտ արդեն, երբ գլխիս էր այդքան չսիրած գլխաշորը, լեռնային հսկայական զանգվածը, մոտակայքով հոսող Արաքս գետը ստիպեցին երկար զմայլվել, շնչել ու զգալ բնության անկրկնելիությունը՝ ամեն տեղ յուրովի ու վեհաշուք: 
 Ջուլֆա, Ուրմիա, Թավրիզ... Պարսկական կենցաղը ներկայացնող կոլորիտային քաղաքներ: Քաղաքային միջավայր, որ հիշեցնում էր միջնադարը, կարծես ժամանակն այստեղ առաջ չէր գնացել, մնացել էր տեղում: Ամեն դեպքում Ջուլֆան դարձավ սիրված քաղաք. կյանքն այստեղ հանգիստ էր, միօրինակ, ընթանում էր իր բնականոն հունով, և զարմանալի հանգստություն էիր զգում՝ կարծես շտապելու ոչինչ չունես: 
Այնուհետև անսպառ և չկրկնվող, նմանը չունեցող , հայկական շունչը կրող վանքեր և եկեղեցիներ՝ Հովվի մատուռ, Սուրբ Ստեփանոս նախավկայի եկեղեցի, Սուրբ Թադեի վանք, Ուրմիայի հայկական եկեղեցի... Պետք է ասեմ, որ մեծ հարգանքով լցվեցի պարսիկ ժողովրդի հանդեպ, երբ տեսա, թե ինչպիսի հոգատրությամբ էին վերաբերում եկեղեցիներին, վերակառուցում, պահպանում: 
Ամենից շատ տպավորվել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի եկեղեցին, որի վեհաշուք տեքսը երբեք չեմ մոռանա: Հայկական ճարտարապետության հիասքանչ կոթողներից մեկը, որ, չգիտես ինչու, անչափ նմանեցրի Տաթևի վանքին: Գտնվում էր բնության գրկում, փոքրիկ բարձունքի վրա, պարսպապատ էր, գեղեցիկ և խնամված այգի ուներ: Իսկ տեղաբնակները ջանասիրաբար վերանորոգում էին: 
Դե իսկ Թադեի վանքի մասին ինչքան էլ խոսես, քիչ կլինի. յուրօրինակ զարդանախշերով այս եկեղեցին մշակութային կոթող է, որ կարող համամատվել միայն Վանի Սուրբ Խաչ եկեղեցու հետ, ակնհայտ էր նրանց նմանությունը: Վանքի բոլոր զարդանախշերն ուսումնասիրելու համար երկար ժամանակ է պետք, բայց մի քանիսը աչքիցս չվրիպեցին, մնացին հիշողությանս մեջ՝ բուսական զարդաքանդակներ, կենդանիներ, կամարներ և այլն: 
Ամենագեղեցիկ վայրը, որ տեսա ճամփորդության ընթացքում, Ուրմիա լիճն էր: Հիացմունքդ չես կարող արտահայտել բառերով. ամբողջ ափով աղ էր փռված, լճի գույնը սպիտակ էր, որոշ մասերում բաց մանուշակագույն, մի քանի երանգներ խառնվել էին իրար, երբ չես կարողանում զատել երկնքի ու երկրի/լճի/ սահմանը: Այո, գեղեցիկ էր, բայց նաև սարսափելի: Աարսափելի, որովհետև լիճը մեռնում էր, ջուրը պակասել էր, աղը՝ շատացել: Եվ իսկապես, գուցե տարիներ հետո լիճն այլևս չլինի, իսկ փոխարենը ուղղակի բաց տարածք լինի: Ի՜նչ ցավալի է: 
Քենդովան: Ամենասպասված վայրը, որ անհամբեր ու շուտափույթ ցանկանում էի լինել: Բայց չտեսա այն, ինչ սպասում էի: Իհարկե, ժայռափոր գյուղն ուներ իր յուրահատկությունները, բայց գեղեցիկ չէր, մարդկային միջամտությունը՝ տգեղ ցուցանակների, թղթերի, գրվածքների ձևով, աղճատում էր բնության կատարելությունը: 
Ամփոփում: Պարսկաստանը /այդպես էլ չեմ հարմարվում Իրան տերմինին/ զբոսաշրջության համար զարգացած երկիր չէր, խնդիրը լավ հյուրանոցներ ունենալ կամ չունենալը չէ, այլ միջավայրը՝ գորշ, անգույն, սև գլխաշորերով, կաշկանդող կարգերով...



Комментариев нет:

Отправить комментарий