воскресенье, 29 июля 2018 г.

Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի

Խունացած պատեր, մամռոտած պարիսպ... Մենք մտնում ենք Անի, այլ են զգացողությունները: Հերիք է կարդաս միայն Վիքիպեդիայի հոդվածն Անիի մասին. Անին ժամանակակից հզոր քաղաք էր՝ մեծ բնակչությամբ, ծաղկում ապրող արհեստներով, արվեստով: 
Այժմ տեսնում ես միայն փլատակներ: Հին պատմությունները թույլ են տալիս մտովի վերականգնել նախկին տեսքն ու շքեղությունը, որից մնացել են պատեր, քարեր, մնացորդներ, բայց էլի շքեղ: Վեհապանծ ու բարձր է  մնայուն պարիսպը, ձիգ, գլուխը վեր խոյացրած երկարությամբ շարունակվող և ամուր բերդի տեսք թողող: Ներս ես մտնում , ինքնաբերաբար հիանալով իջնող մայրամուտով, շոգից հետո թեթև քամին ճիշտ ժամանակին է, զովացնում է ու թույլ տալիս լավ շրջել ու խորհրդածել: Նայում ես հեռուն՝ քաղաքի համայնապատկերին, իսկապես լավ վայրում է կառուցված: Համայնապատկերում այս ու այն կողմ ցրված երևում են շինությունների մնացորդներ, դրանք բոլորը եկեղեցիներ են, պարսպի պես կանգուն մնացած: Նայում ես ոտքերիդ տակ, այ եթե պեղումներ սկսեին քանի՜ շերտ հաստությամբ գտածոներ դուրս կգային, ի՜նչ նոր բաներ կպատմեին Անիի մասին: 
Ինքնաբերաբար քայլերդ ուղղվում են դեպի Տիգրան Հոնենցի եկեղեցի. նախ վերևից եմ նայում, որ հիանամ գետով, ժայռերով, ներքևում թեթևակի երևացող կամրջով, Հոնենցի տեսքով, սկզբում հատ-հատ եմ նայում՝ մանրամասն ուսումնասիրելով, հետո բոլորը միասին, ինչպես մի կտավ ու կամաց-կամաց իջնում եմ, աստիճաններով վար եմ գնում, քայլերս հատ-հատ դնելով, ուշադիր նայելով շուրջը աճած ծաղիկներին, գույնին, թափված քարերին: Շքեղաշուք բառն էլ չի նկարագրի այս եկեղեցին, համեմատել չես կարող ոչնչի հետ: Մտնում ես ներս, սկզբում անհագ աչքերով նայում ես, խժռում որմնանկարները, հետո փորձում միացնել, գտնել պատկերներ, տարբերել գույնները: Անփորձ մարդու համար դժվար է, բավարարվում եմ միայն տեսքը վայելելով՝ առանձնապես ջանք չգործադրելով պատկերները միացնել իրար,  դեռևս դա էլ է հերիք, իսկ ժամանակը սուղ է: Հետո վերջում անպայման նկարում եմ գմբեթը միայն , կլոր-կլոր, որպեսզի հետո միացնեմ այլ եկեղեցիների գմբեթների նկարներիս հավաքածուին: Դուրս եմ գալիս ափսոսելով, որովհետև ներսը նստած երկու քրդերը այնպես են փռվել, կարծես իրենց հոր սարքած թախտը լինի, մեզ էլ այնպես են նայում, կարծես անկոչ հյուր ենք, զոռով իրենց տուն ենք խցկվել: 
Անիի Կաթողիկե եկեղեցին, մի խումբ քուրդ ու թուրք էլ այստեղ է նստած, ներսից փայտեր են դնում, փորձում են վերականգնել. թե ասա դա ձեր ի՜նչ խելքի բանն է, դա որ Տրդատը կառուցել է, ամեն մի փինաչի սարքող չի : Մեծ, շատ մեծ, հսկայական եկեղեցի է Կաթողիկեն, էլի գրավող, կանչող մի բան կա մեջը, հարազատ մի բան, Հոնենցի շքեղությունը չունի, բայց նայում ես ու էլի ուզում ես նայես: 
Էլի քայլեցի, քայլեցի Անիում, ապրեցի Անիով, ուսումնասիրեցի ամեն քարն ու խոնարհվածը, ճանապարհն ու պարիսպը, իսկ վերջում մի քարի նստած երազեցի՝ զմայլվելով վերաջալույսով:
Հ. Գ. Իզուր չէ, որ Անին հազար եկեղեցիների քաղաք է համարվել, հիրավի այդպես էլ կա, այդպես էլ եղել, բայց Անին հայտնի է ոչ միայն իր եկեղեցիներով, այլ տների շարվածքով, արվեստով, արտադրությամբ, անգամ կոյուղու ցանցի առկայությամբ....

29.07.2018
Լուսանկարներն՝ անձնական արխիվից : 


Комментариев нет:

Отправить комментарий