воскресенье, 16 августа 2020 г.

Ոչ միայն դպրոց...

Արդեն գրեթե տասը տարի է, ինչ աշխատում եմ կրթահամալիրում: Այստեղ երբեք չես ձանձրանա, չես հոգնի, միշտ կշարժվես առաջ՝ բացահայտելով, ինքնակրթվելով, անընդհատ սովորելով ու ստեղծագործելով: 
,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրը միայն դպրոց կամ ուսումնական հաստատություն չէ, առաջին հերթին կենսաձև է, ապրելակերպ: Կենսաձև, որովհետև սովորում ես աշխարհին այլ հայացքով նայել, նկատել այն, ինչ առաջ չէիր տեսնում, սովորում ես սիրել հայրենիքդ, և հասկանում ես, որ ամենաիսկական հայրենասիրությունը Կոմիտասյան երգի ճանաչումն է, քայլելով ու ճամփորդելով հայրենիքդ բացահայտելն է, քեզ բաժին հասած հողը շենացնելն է, տեսածդ աղբը վերցնելը, հավաքելը և երբեք չզլանալը, աշխարհին պայծառ հայացքով նայելը, որովհետև գիտես, որ աշխարհն էլ քեզ է այդպես նայելու: Սա մի վայր է, որտեղ ապրում ենք կողք կողքի՝ տալով ինչ ունես քո հոգում և ստանալով մի քանի անգամ ավել: 
Հայաստանում՝ հենց մեր կողքին է գտնվում ամենաարդիական ու ամենաժամանակակից ուսումնական հաստատությունը, որտեղ սովորողը հնարավորություն ունի ստանալ կրթություն իր հետաքրքրություններին համապատասխան, որտեղ սովորողին ընդունում են որպես անհատ և հաշվի նստում իր կարծիքի հետ, որտեղ սովորողը լիիրավ կարող է մասնակցել իր ուսումնական գործընթացին՝ առաջարկելով, ընտրելով, ցանկանալով...
Եվ այս ամենը իրական չէր լինի առանց հեղինակ հիմնադրի՝ բոլորի սիրելի տիար Բլեյանի, մարդու, ով իսկապես մեր ժամանակի հերոսներից է, ապրում և ստեղծագործում է հենց մեր կողքին, ումից դեռ շատ բան ունենք սովորելու, ում եռանդը անսպառ է: Եվ ինչ կարևոր է, թե քանի տարեկան է, եթե մարդը դեռ տալու, ասելու և ստեղծելու բան ունի... Եվ միանշանակ է, որ հեղինակային մանկավարժությունը էլ նույնը չի լինի առանց իր հիմնադիր հեղինակի...
Ընդամենը պարզ գործընթաց է, որ չգիտես ինչու անհասկանալի ձգձգվում է, և ինչո՞ւ չի կարող գեղեցիկ ձևով գնահատվել, ինչին իսկապես արժանի է...
Դեռ ուշ չէ....Վստահ եմ, որ մեր՝ իմ և ձեր կրթահամալիրի բնականոն ստեղծական ուղին ոչինչ չի խաթարի....

Комментариев нет:

Отправить комментарий