Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր:
Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում:
Հրճվանքից շառագունած` գրամոֆոնը թևիս տակ տուն մտա ու դեմառդեմ ելա երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսից տառապած մորս լուռ հայացքին: Նույնպես լուռ` գրամոֆոնը դրեցի հյուրասենյակի կլոր սեղանին` ստուգելու, թե ճանապարհին չի՞ վնասվել. չէր վնասվել, ամեն ինչ կարգին էր, երկու կողմից ռետինե սեղմիչներով ամրացված ձայնասկավառակը հանեցի լաթե ծրարից, նայեցի, շուռ տվի, նայեցի մյուս կողմը և հենց այդ ժամանակ նկատեցի, որ մայրիկն ուշադիր ինձ է հետևում: Իսկ երբ սկսեցի պտտել բռնակը, մայրիկը խիստ զուսպ, որը ինձ լավ հայտնի նրա խիստ անբավականության նշանն էր, սկսեց:
Սկսեց հայերեն.
-Վիլլի, չէի՞ր ասի` դա ինչ է:
-Սա գրամոֆոն է, գրամոֆոն են ասում:
-Վիլլի, քեզ որտեղի՞ց այդ գրամոֆոնը:
-Բրոդվեյի վրայի Շերման և Քլեյ խանութից:
-Վիլլի, դա քեզ գործակատարնե՞րը նվիրեցին:
— Ոչ, ես առա:
— Ու ինչքա՞ն տվեցիր, որ առար, տղաս:
-Տասը դոլար:
-Մեր տան համար տասը դոլարը փող է, Վիլլի, թե՞ դու տասը դոլարը փողոցից գտար:
-Ոչ,- ասացի ես,- գրամոֆոնի տասը դոլարն ու սկավառակի յոթանասունհինգ սենթը ես իմ աշխատավարձից տվեցի:
-Իսկ տան վարձի, ուտելու ու հագնելու համար ինչքա՞ն բերեցիր, Վիլլի:
-Մնացածը` չորս դոլար քսանհինգ սենթ: Ինձ տասնհինգ դոլար են վճարում:
Սկավառակը պտտվում էր, և ես ուզում էի արդեն ասեղն իջեցնել, երբ հասկացա, որ ծլկելու ամենաճիշտ պահն է: Վայրկյան իսկ չկորցնելով` հետնամուտքից բակ դուրս թռա: Վրան մետաղացանց քաշած դուռը իմ ետևից շրխկաց և երկրորդ անգամ շրխկաց մայրիկի հետևից: Տան շուրջը վազքով մի լրիվ պտույտից հետո ես ինձ համար նշեցի, որ նախ` երեկոն գեղեցիկ է ու խաղաղ, ապա` Լևոն Քեմալյանի հայրը, մի շատ հարգված պարոն, փողոցի մյուս մայթին, իրենց տան առաջ կանգնել, բերանը բաց մեզ է նայում: Բերանը, հիմա ասեմ, ինչու էր բաց. առաջին` նա հայոց երիցական եկեղեցու ավագն էր, երկրորդ` մեզ նման բիթլիսցի չէր, երրորդ` Սարոյան չէր և այդպիսի տեսարանների սովոր չէր:
Մի բան հաստատ էր, որ հարգարժան Թագուհի Սարոյանն ու նրա որդին ամենևին էլ մաքուր օդ շնչելու ու մարզանքի չէին եկել, բայց թե ի՞նչ էր պատահել:
Վազելիս ես սիրալիր, ինչպես վայել է հարևանին, պարոն Քեմալյանին ողջունեցի, հետո շքամուտքով սուրացի հյուրասենյակ, իջեցրի ասեղը և նույն թափով ընկա ճաշասենյակ, այստեղից լավ կերևար, թե ինչ տպավորություն է թողնելու նվագը մայրիկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի էր դուրս թռչել հետնամուտք ու այնտեղից` դարձյալ բակ:
Գրամոֆոնը սկսեց, և հենց նվագի հետ մայրիկը հյուրասենյակ ընկավ: Մի պահ նա կարծես շարունակում էր հետապնդումը, առանց նույնիսկ ուշք դարձնելու երաժշտությանը, բայց հանկարծ հետո կատարվեց այն, ինչը ինձ ստիպում է մինչև այսօր մասունքի պես պահել այդ ձայնասկավառակը:
Մայրս կանգ առավ` ոչ այն է շունչը տեղը գցելու, ոչ այն է նվագը լսելու. մինչև հիմա էլ չգիտեմ` մայրիկն ինչու կանգ առավ: Մեղեդին ծորում էր, ես հասկացա, որ մայրիկը որոշել է ինձ հանգիստ թողնել, ուրեմն կամ վազելու ուժ չուներ և կամ տարվել էր նվագով: Քիչ հետո զգացի, որ մայրիկն ուշադիր լսում է: Ես տեսա, թե նրա նրա դեմքից ինչպես է հեռանում հետապնդման մոլուցքը, և ինչպես է նա խաղաղվում երաժշտությունից: Ծղոտե հյուսկեն բազկաթոռը, որ հայրիկից էր մնացել, մայրս մոտեցրեց սեղանին: Հայրս մահացել էր 1911-ին ու մեզ այդպիսի վեց բազկաթոռ էր թողել: Զայրույթն ու հոգնությունը թոթափվեց մայրիկից. Սուրբ գրքում այդ մասին հիշատակված է, թե զայրացած մի թագավորի համար քնար էին նվագում:
Ես կանգնած էի հյուրասենյակի դռների մեջ: Երբ երաժշտությունը վերջացավ, մոտեցա սեղանին, բարձրացրի ասեղը և գրամոֆոնն անջատեցի:
Առանց ինձ նայելու` մայրս խոսեց, այս անգամ անգլերեն,- օլ ռայթ, թող մնա մեր տանը,- իսկ հետո հայերեն կիսաձայն խնդրեց,- մի անգամ էլ միացրու:
Ես գրամոֆոնն արագ լարեցի ու ասեղն իջեցրի սկավառակին: Մինչև վերջ լսելուց հետո մայրիկն ասաց.
-Հիմա ինձ սովորեցրու` ինչպես է լինում:
Ես սովորեցրի, և մայրիկը երրորդ անգամ ինքը միացրեց:
Իրոք որ հրաշալի նվագ էր: Քիչ առաջ նա զայրացած էր աշխատավարձս անիմաստ, իր կարծիքով անպետք իրի վրա ծախսելու համար, բայց ահա լսեց ու սիրեց երաժշտությունը, լսեց ու հասկացավ, որ փողը ծախսված է ոչ թե անիմաստ, այլ նույնիսկ շատ իմաստուն ձևով:
Ես նստեցի հյուրասենյակում ու սկսեցի աչքի անցկացնել հայտագիրը, որ գրամոֆոնի հետ Շերման ու Քլեյ խանութի վաճառողուհին էր տվել:
Մայրիկը վեց անգամ լսեց ձայնասկավառակը, հետո հարցրեց.
-Դու միայն մի՞ սկավառակ ես տուն բերել:
-Այո,-ասացի ես: — Բայց մյուս երեսին մի երգ էլ կա:
Ես մոտեցա գրամոֆոնին ու զգուշորեն շրջեցի սկավառակը:
-Ասա, խնդրեմ, դա՞ ինչ երգ է,- հարցրեց անգլերեն:
-Սա «Հնդկացի հյուրի երգն» է, դեռ ես էլ չգիտեմ, խանութում միայն առաջին մասն եմ լսել`« Չիո-չիո սան»:
-Չիո-չիո սա՞ն: Ի՞նչ է նշանակում;
-Երևի ոչինչ էլ չի նշանակում, ուղղակի այդպես է: Ուզու՞մ ես հիմա էլ «Հնդկացու երգը» դնեմ:
-Դիր,- ասաց:
Տնեցիք վերադառնում, դրսից լսում էին երգի ձայներըՙ մտնում հյուրասենյակ ու տեսնում սեղանին դրված բոլորովին նոր գրամոֆոնը և նրա դեմ` ծղոտի բազկաթոռում մտասուզված մայրիկին:
Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից ավելի կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ հացն ու ջուրը և տունն ու հագուստը:
Մի շաբաթ անց, երբ բոլորս սեղանի շուրջը իրիկնահացի էինք, մայրիկն ասաց, որ ժամանակն է ընդհանուր փողերով գնել երկրորդ ձայնասկավառակը և ցանկացավ իմանալ, թե խանութում ուրիշ ինչ կա: Ես նրա համար կարդացի հայտագիրը, բայց մայրիկը երգերի անուններից ոչինչ չհասկացավ ու ինձ վստահեց. խնդրեց խանութ գնալ ու վերցնել որևէ հրաշալի բան: Հենց այդպես հայերեն էլ ասաց` որևէ հրաշալի բան, մի լավ բան: Մայրիկի հանձնարարությունը ես, իհարկե, կատարեցի ուրախությամբ:
Հիմա` քառասուներկու տարի անց, լսում եմ այդ ձայնասկավառակը և ջանում հասկանալ, թե ինչ պատահեց մայրիկին այն ժամանակ: Կարծում եմ` նրա սիրտը գերեցին ելևէջները, որ մայրիկին դիմեցին որպես հին ծանոթի, անսահման հարազատ մի մարդու: Կլարնետի հնչյուններն ու բանջոյի ելևէջները ասես զրուցում էին ու հիշեցնում անցյալը, անտրտունջ ընդունում ներկան, հույսեր կապում ապագայի հետ և մերթ մարում ու մերթ նոր ուժով թրթռում ճապոնուհու տխուր սիրո մասին, որին լքել էր ամերիկացի նավաստին, հոբոյը խոսում, ու սաքսոֆոնը տնքում էր թաքուն հուզմունքից…
Սկավառակն այսպես էր կոչվում` «Ֆոքստրոտ Ջ. Պուչինիի մեղեդիներով, Յուգո Ֆրեյի մշակմամբ, կատարում է նվագախումբը Պոլ Ուայթմենի ղեկավարությամբ.18.7.7.7.- Ա»:
Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.
-Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:
Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան
Աղբյուրը
Առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
2. Ինչպիսինն էր պատմվածքի հերոսը։
3. Ի՞նչ ես կարծում , Վիլլին ճիշտ էր ծախսել իր փողերը։
4. Մեկնաբանի՛ր միտքը․ Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.
-Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:5. Երբևէ երաժշտությունը այսպիսի կախարդիչ աղդեցություն թողել է քեզ վրա, պատմի՛ր սիրելի երաժշտության, երգի մասին։
Комментариев нет:
Отправить комментарий