Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:
Մեր ուսուցիչը
Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.
Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին, թիկունքում, աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց. -Այլևս նման բան չանես,- և վերադառնալով իր գրասեղանի մոտ շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ. հետո շատ դանդաղ, իր խիստ բայց բարի ձայնով ասաց.
-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:
Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.
— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:
Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.
— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:
Ստրադիի փոքրիկ գրադարանը
Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա — դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:
Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը: Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:
Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:
Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում: Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:
Ամբողջ մեկ ժամվա ընթացքում նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն է ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.
— Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:
Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներ — կայությամբ և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:
Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.
— Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:
— Դա այն պատճառով է, — ասաց հայրս, — որ նա հաստատակամ տղա է:
— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, — շարունակեցի ես, — նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:
— Որովհետև դու հարգում ես նրան, — պատասխանեց հայրս:
Հարգիր ուսուցչիդ
Ես հոմոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝ երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:
Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ վատառողջ լինելով ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն ու դրանից նա ավելի է վատանում:
Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:
Սիրի՛ր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրի՛ր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանի՛ր <<ուսուցիչ>> բառը:
Քո հայր
Առաջադրանքներ
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը , բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
2. Ո՞ր հատվածը հավանեցիր, ինչո՞ւ։
3. Առանձնացրո՛ւ հատվածներ, որոնք կարևոր են տեքստի գաղափարը ներկայացնելու համար, մեկնաբանի՛ր։
Комментариев нет:
Отправить комментарий