понедельник, 23 мая 2016 г.

Առաջադրանք. 24.05.2016

1.Քննարկում
Հակադրությունը ,,Խիղճը,, պատմվածքում:
2. Քո արտաքինի և բնավորության մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: 8-9 նախադասություն:
3. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ պատճառաբանի՛ր:

Մի տերտեր ջուրն էր ընկել ու խեղդվում էր:
Ափին հավաքված մարդիկ կանչում էին.
Տերտե՜ր, տերտե՜ր, ձեռքդ տո՛ւր, ձեռքդ տո՛ւր:
Բայց տեր հայրն իսկի բան կտա՞ր մարդկանց: Ընդհակառակը, այդ բացականչությունները լսելով, նա ձեռքերը ջրի տակ թաքցրեց ու սկսեց սուզվել:
Մարդիկ ճանաչում էին իրենց քահանային. կռահեցին բանի էությունը և, փոխելով իրենց խոսքը, կանչեցին.
Տերտե՜ր, տերտե՜ր, վերցրո՛ւ ձեռքս ...
Տեր հայրը ձեռքերը ջրից հանեց ու պարզեց մարդկանց: Մարդիկ փրկեցին տերտերին, ուրախացան նրա փրկությամբ, բայց մինչև օրս ծիծաղում են նրա ժլատության վրա:


Հետևություն՝
ա) Խեղդվողը ձեռքը փրփուրներին է գցում:
բ) Ժլատ մարդը սկսում է մտածել միայն մի ուղղությամբ, որ իր ունեցածն ուրիշին տալ չի կարելի: Անգամ իր օգուտն ու վնասը չի գիտակցում:
գ) Մարդու վրա չի կարելի բարկանալ ու նրան չի կարելի լքել նրա թերության, պակասության պատճառով: Չէ՞ որ մարդն այնքան էլ մեղավոր չէ, որ ինքն այդպիսին է ու չի կարողանում վերափոխել իրեն:
դ) Լավություն արա, գցիր ջուրը՝ չի կորչի:
ե) Մարդը դիմացինի հետ վարվում է ըստ իր բնույթի և ոչ թե ըստ դիմացինի արժանիքների: Մարդու ամեն մի արարքը բնութագրում է իրեն:
զ) Մարդու հետ պիտի վարվես ըստ իր արժանիքների:

4.  Ընդգծված մասը տեքստից հանի՛ր և ըստ նոր տեքստի փոփոխություններ արա՛:

-       Գիտե՞ք, որ շախմատը շատ հետաքրքիր ու գրավիչ խաղ է: Իսկ գիտե՞ք, թե երբ է այն ստեղծվել: Այդ խաղի ծագումը հին, բազում դարերի պատմություն ունի: Ստույգ հայտնի չէ, թե ե՛րբ և ո՛ւմ կողմից է հորինվել: Ստույգ կարելի է համարել միայն այն, որ շախմատն ստեղծվել է Արևելքում՝ Հնդկաստանում, մոտ երկու հազար տարի առաջ: Ըստ լեգենդի, շախմատ խաղը մի իմաստուն է հորինել իր սանի՝ մի երիտասարդ ռաջայի համար: Սանին շախմատ սովորեցնելով՝ իմաստունն ասել է.
-       Այս խաղը քեզ ցույց կտա, որ ուժը ոչ թե թագավորն է, այլ ժողովուրդը: Առանց ժողովրդի թագավորն անզոր է: Հնդկական հին շախմատները կոչվել են չատուրանգա: Սկզբում շախմատ խաղացել են չորս հոգով, երկու զույգ կազմած: Շախմատը պատկերում էր զորքը, չորս խաղացողներից յուրաքանչյուրն ունենում էր ութ ֆիգուր՝ զորավար, փիղ, նավակ, ձի ու չորս զինվոր:

Լրացուցիչ աշխատանք
1. Կարդա՛
Ջոնաթան Լիվինգթոն անունով ճայը /հատված, հեղինակ՝ Ռիչարդ Բախ/:
Ճայերի մեծ մասը չի ձգտում թռիչքներից որևէ բան հասկանալ, բացի ամենաանհրաժեշտից՝ ափից հասնել մինչև կերը և վերադառնալ։ Ճայերի մեծ մասի համար գլխավորը կերն է, ոչ թե թռիչքը։ Իսկ այդ ճայի համար գլխավորը կերը չէր, այլ թռիչքը։ Աշխարհում ամեն բանից ավելի Ջոնաթան Լիվինգսթոնը սիրում էր ճախրել։
Բայց նման տենդը, ինչպես հասկացավ, թռչուններին հարգանք չէր ներշնչում։ Նույնիսկ ծնողները անհանգստացած էին, որ Ջոնաթանն օր ու գիշեր մենության մեջ է և իր փորձերով տարված՝ նորից ու նորից սավառնում է հենց ջրի երեսին։
Նա, օրինակ, չէր հասկանում, թե ինչու իր թևերի կես բացվածքից պակաս բարձրություն թռչելիս կարողանամ էր գրեթե առանց ջանքի օդում երկար մնալ։ Նրա ճախրող վայրէջքը չէր ավարտվում ջրում ընկղմվող թաթերի սովորական ճողփյունով, այլ՝ երկար փրփրադեզ շիթով, որը ծնվում էր հենց որ թաթերը կիպ սեղմած Ջոնաթանի իրանը կպչում էր ծովի մակերևույթին։ Երբ նա սկսեց թաթերը սեղմած սավառնել դեպի ափ, իսկ հետո քայլերով չափել ավազի վրա թողած իր հետքը, ծնողները, բնական է, լրջորեն անհանգստացան։
Ինչո՞ւ, Ջոն, ինչո՞ւ,— հարցրեց մայրը։ ֊ Ինչո՞ւ չես կարողանում քեզ այնպես պահել, ինչպես բոլորս։ Ինչո՞ւ ջրի վրայով թռչելը չես թողնում ձկնկուլներին ու ալբատրոսներին։ Ինչո՞ւ ոչինչ չես ուտում։ Միայն փետուրներդ ու ոսկորներդ են մնացել, որդի՛ս։
Մայրիկ, թող որ միայն փետուր ու ոսկոր դառնամ։ Ուզում եմ գիտենալ թե ինչ կարող եմ անել օդում, ինչ՝ ոչ։ Ես պարզապես ուզում եմ իմանալ։
Լսի՛ր, Ջոնաթա՛ն, - բարյացակամ ասաց հայրը,— ձմեռը սարերի ետևում չէ։ Ձկնորսանավերը կսկսեն հազվադեպ երևալ, իսկ ձուկը, որ հիմա լողում է ջրի երեսին, կիջնի խորքերը։ Եթե անպայման ուզում ես սովորել, ուսումնասիրիր կերը, սովորիր սնունդ հայթայթել։ Թռիչքներն, իհարկե, լավ բան են, բայց միայն թռչելով չես կշտանա։ Մի մոռանա՝ թռչում ես, որ ուտես։
Ջոնաթանը հնազանդորեն գլխով արեց: Մի քանի օր նա աշխատում Էր անել այն, ինչ մյուսները, ջանում Էր ամբողջ ուժով, զիլ ճչում Էր, կառամատույցների ու ձկնորսանավերի մոտ կռիվներ սարքում ցեղակիցների հետ, ձկան ու հացի կտորտանքի հետեւից սուզվում էր ջրի մեջ։ Բայց ոչինչ չէր ստացվում։
«Ինչպիսի՜ անմտություն,— մտածեց նա և դժվարությամբ ձեոք գցած սարդինաձկան կտորը վճռականորեն շպրտեց իր ետեւից ընկած ծեր, քաղցած ճային։ ֊ Ես կարող էի այս ամբողջ ժամանակը հատկացնել թռչել սովորելուն։ Դեռ այնքան շատ բան ունեմ իմանալու»։
Եւ ահա Ջոնաթանը կրկին միայնակ է հեռու ծովում՝ քաղցած, երջանիկ, հարցախույզ։Նա ուսումնասիրում էր թռիչքի արագությունը և մարզումների մեկ շաբաթվա ընթացքում արագության մասին ավելի շատ իմացավ, քան ամենաարագընթաց ճայն այս աշխարհում։
Ծովի վրա հազար ֆուտ բարձրացավ եւ ամբողջ ուժով թեւերը թափահարելով՝ իրեն շեշտակի նետեց խոյաթռիչքի, ու հասկացավ, թե ինչու են խոյահար թռիչքի ժամանակ ճայերը թևերը ծալում։ Արդեն վեցերորդ վայրկյանին նա թռչում էր ժամում յոթանասուն մղոն արագությամբ, մի արագություն, որի դեպքում թևը թափահարման պահին կորցնում է կայունությունը։
Միշտ նույն բանն էր ստացվում։ Ինչ ջանք էլ որ չէր թափում, ինչպես էլ ուժերը որ չէր լարում, բարձր արագության ժամանակ կորցնում էր կառավարումը։
Հազար ֆուտ վերելք։ Հզոր պոկում, անցում խոյաթռիչքի, թևերի լարված թափահարում եւ ուղղաձիգ անկում։ Իսկ հետո ձախ թևը, վեր թափահարելիս հանկարծ քարանում էր, ինքը շեշտակի ձախ էր թեքվում, հավասարակշռությունը վերականգնելու համար դադարում էր աջ թևով թափ տալ և, կարծես բոցով բռնկված, աջ թևի վրայով գլուխկոնծի տալով՝ ընկնում էր պտուտաձև անկման մեջ։
Չնայած բոլոր ջանքերին՝ վեր թափահարել չէր կարողանում։ Տասը փորձ արեց և տասն անգամ էլ, հենց արագությունը գերազանցում էր ժամում յոթանասուն մղոնը, նա վերածվում էր փշաքաղված փետուրների չկառավարվող գնդի ու քարի պես ընկնում ջուրը։
Ամբողջ խնդիրն այն է, մինչև վերջին փետուրը թրջվելուց հետո վերջապես հասկացավ Ջոնաթանը, ամբողջ խնդիրն այն է, որ բարձր արագությունների ժամանակ անհրաժեշտ է բացված թևերը պահել միևնույն դիրքով՝ թափահարել, քանի արագությունը չի հասել ժամում հիսուն մղոնի, իսկ հետո պահել միեւնույն դիրքով։

Նա բարձրացավ երկու հազար ֆուտ, մի անգամ էլ փորձեց, խոյաթռիչքի մեջ կտուցը ձգեց ներքև, տարածեց թեւերը, իսկ երբ հասավ ժամում հիսուն մղոն արագության, դադարեց թափահարել։ Անհավատալի լարվեց, բայց հասավ նպատակին։ Տասը վայրկյան նա անորսալի ստվերի նման սլանում էր ժամում հիսուն մղոն արագությամբ։ Ջոնաթանը ճայերի համար արագընթաց թռիչքի համաշխարհային ռեկորդ սահմանեց։
1. Տեքստից դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
2. Բնութագրի՛ր Ջոնաթան Լիվինգթոն ճային: Ինչո՞վ էր նա տարբերվում մյուսներից:
3.Տեքստի բառերն օգտագործելով ներկայացրու ճայի թռիչքը:
4. Առանձնացրու այն տողերը, որոնք քեզ դուր եկան, հիմնավորի՛ր ընտրությունդ:
5. Գրի՛ր շարադրություն ,,Ինչպիսի՞ ընթերցող եմ ես,, վերնագրով: Տեղադրեք բլոգում: 

Комментариев нет:

Отправить комментарий