вторник, 17 мая 2016 г.

Մանուշակը Հյուսիսային բևեռում

Մի առավոտ Հյուսիսային բևեռում արթնացավ մեծ, սպիտակ արջը: Արթնացավ, ու առաջին հերթին, սկսեց հոտոտել օդը: Հոտոտեց այս կողմը՝ ոչ-մի հոտ չառավ, հոտոտեց մյուս կողմը եւ հանկարծ զգաց, որ մի տարօրինակ, անծանոթ հոտ առավ:
_Հըմ…_ փնթփնթաց արջը, դառնալով իր կին-արջին._ Չլինի՞ թե մի որևէ արշավախումբ է եկել այստեղ:
Բայց այդ րոպեին արջի քոթոթները գտան մոտերքում մի կապույտ մանուշակ: Դա մի փոքրիկ մանուշակ էր, բարալիկ ցողունով: Նա դողում էր ցրտից, բայց շարունակում էր արիաբար բուրմունք արձակել, որովհետեւ այդ նրա պարտականությունն էր:
_Մայրի՜կ, հայրի՜կ,_ գոչեցին քոթոթները:

_Դե ես հենց սկզբից ասացի, որ մոտերքում  մի ինչ-որ տարօրինակ բան կա,_ դիմելով իր ընտանիքին, նկատեց սպիտակ արջը:_ Բայց, իմ կարծիքով, դա, համենայն-դեպս, ձուկ չէ:
_Իհարկե ոչ,_ասաց մայր-արջը,_բայց դա թռչուն էլ չէ:
_Այո, դու ճիշտ ես,_ ասաց հայր-արջը, երբ մի լավ մտածեց մայր-արջի խոսքերի մասին:
Երեկոյան դեմ նորությունը տարածվեց ամբողջ բևեռով մեկ: Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակ բուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա եւ չէր մեռնում:
Էլ ո՞վ ասես չէր գալիս մանուշակով զմայլվելու համար. Սիբիրից վազեցին եղջերուները, Ամերիկայից՝ բիզոնները, լողալով հասան ծովացուլերն ու փոկերը, ինչ-որ հեռու տեղից վազեցին սպիտակ աղվեսները, ոստոստալով եկան գայլերը, իսկ ամենից առաջ թռան, իհարկե, ճղճղան ծովային կաչաղակները: Նրանք հիանում էին արտասովոր ծաղիկով, զարմանքով դիտում նրա բարալիկ դողդոջուն ցողունը եւ շնչում նրա նուրբ, անուշ բուրմունքը: Եւ տարօրինակ բան, բուրմունքը բավականացնում էր նույնիսկ նրանց, որոնք ամենից ուշ եկան: Ամենավերջին րոպեին նա նույնն էր, ինչ-որ սկզբում:
_Շարունակ այսպիսի բուրմունք արձակելու համար պետք է ունենալ մի ամբողջ շտեմարան,_ասաց փոկը,_սառցի տակ, մի որեւէ տեղ նա անպայման պաշար ունի:
_Դե ես այդ հենց սկզբից ասացի,_գոչեց սպիտակ արջը,_ այստեղ ինչ-որ մի բան կա:
Նա ոչ-մի բան էլ չէր ասել, իհարկե, բայց ոչ ոք այդ մասին չէր հիշում:
Վերջապես վերադարձավ որորը, որին ուղարկել էին հարավ, մի բան իմանալու տարօրինակ անծանոթի մասին: Շունչը ետ բերելով նա ասաց, որ այդ փոքրիկ, բուրմունք արձակող արարածը կոչվում է «Մանուշակ» եւ այնտեղ՝ հարավում, նրանք միլիոններով են:
_Դե արի ու սրանց մի տեղ ուղարկիր,_փնչացրեց փոկը,_ դե մի՞թե մենք մի բան ավելի իմացանք, քան գիտեինք: Իսկ ինչպե՞ս պատահեց, որ հենց այստեղ մեզ մոտ է հայտնվել այս մանուշակը: Չէ, անկեղծ ասած, ես տարակուսանքի մեջ եմ:
_Ինչ ասաց, նա ինչի՞ մեջ է,_շշուկով հարցրեց իր կնոջը սպիտակ արջը:
_Տարակուսանքի,_նույնպես շշուկով պատասխանեց կինը:_Այսինքն, մոտավորապես շվարված է, չգիտե, ո՞ր թաթի վրա կանգնի:
_Դե հա,_գոչեց սպիտակ արջը,_ ես էլ հենց այդ էի մտածում:
Այդ գիշեր ամբողջ Հյուսիսային բևեռը ցնցվեց անասելի պայթյունից եւ դղրդյունից: Հսկայական սառցակույտեր դողում էին եւ ճայթում, ինչպես բարակ ապակիներ: Խեղճ մանուշակն արձակեց իր ամբողջ բուրմունքը եւ տարածեց ցրտաշունչ օդում, կարծես, որոշելով մի վայրկյանով հալեցնել այդ անծայր սառցե անապատը եւ դարձնել այն տաք, կապուտակ ծով, կամ անծայրածիր մարգագետին, ծածկված կանաչ թավշյա գորգով: Իսկ հետո, ուժասպառ գետին խոնարհվեց եւ այլեւս չբարձրացավ:
Լուսաբացին բոլորը տեսան, որ մանուշակը թառամել է: Թեքված բարակ ցողունին, նա պառկած էր ձյան վրա՝ գունատ ու անկենդան: Եթե հնարավոր լիներ բառերով արտահայտել նրա վերջին միտքը, մենք երեւի լսեինք հետեւյալը.
_Դե ահա, ես մեռնում եմ: Բայց նշանակություն չունի. Կարևորն այն է, որ որևէ մեկը սկսի պայքարըՄի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: Սառույցները կհալվեն , և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…:
Հեղինակ՝ Ջաննի Ռոդարի
Առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր մանուշակին նկարագրող նախադասությունները:
2. Ո՞ր տողերում է արտահայտված հեքիաթի ասելիքը /գաղափարը/:
3. Ինքդ ձևակերպիր հեքիաթի ասելիքը:
4. Տրված նախատդաությանների ստորոգյալները համաձայնեցրու ենթակաների հետ:
Օրինակ՝
Ինձ մոտ նոր դասագրքեր կա: - Ինձ մոտ նոր դասագրքեր կան:

Գարնանը օրերը երկարում է:
Նրա մազերը սև է:
Քո երգերն ամբողջ քաղաքում երգվում է:
Կատվի աչքերը ճրագի պես վառվում էր:
Ուրախ էր անցնում նրա օրերը:
Ցրտերն ընկավ:
Ջրերը կտրվեց:
Քաղաքում ինչ-որ լուրեր է պտտվում:
Այնպես փախան, որ հետքերն էլ չի երևում:
5. Պարզ համառոտ նախադասություններն ընդարձակի՛ր:

Ընկերդ վախենո՞ւմ է:
Հիշեցնե՞մ:
Պիտի համոզե՞մ:
Ծառը ծադկե՜լ է:
Որդիս պիտի կարողանա:
Հիշի՛ր:
Վստահի՛ր:
Բերե՛ք:

Комментариев нет:

Отправить комментарий