понедельник, 20 февраля 2023 г.

Թումանյանական Լոռի ․ երկօրյա ճամփորդության հաշվետվություն


Գրական ակումբով երկօրյա ճամփորդությամբ եղանք Թումանյանի Լոռի աշխարհում։ Ճամփորդության նպատակը Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրն էր և սերը հայրենիքի, ճամփորդելու և պոեզիայի նկատմամբ։ 
Երկօրյա ճամփորդության առաջին օրը՝ փետրվարի 18-ն անցկացրինք ճանաչելով և բացահայտելով հայրենի երկիրը՝ Արդվին,Օձունը, Հոռոմայրը։ Երեք տարբերվող , բայց միաժամանակ վեհությամբ նման եկեղեցական համալիրներ։ Անշտապ, օրը վայելելով  երեկոյան կողմ հասանք Ալավերդի, որտեղ անցկացրինք գիշերը։ 
Փետրվարի 19-ին մեկնեցինք Սանահին՝ ուսումնասիրելու հայտնի վանական համալիրը , վայր, որտեղ ամեն անգամ  նոր բացահայտումներ ես անում, որտեղ ժամանակը թռչում է աննկատ, իսկ մտքերդ խառն են, և աչքդ անընդհատ փնտրում է նոր զարդանախշ, նոր անկյուն, նոր բացահայտում։ Այսպես , այս անգամ բացահայտեցի և գտա Զաքրյան-Արղությանների տոհմական գերեզմանոցը, որը մինչ այդ բազմիցս այցելեով չէի նկատել։ 
Օրվա հիմնական ուղղությունը Դսեղն էր և նախապես պայմանավորված հանդիպումը Դսեղի դպրոցի ուսուցիչների հետ։  Քանի որ փետրվարի 19-ը նաև գիրք նվիրելու օրն է, մեզ հետ վերցրել էինք նվեր գրքերի փաթեթ՝ կրթահամալիրի հեղինակային գրքերով։ 
Հանդիպումը Թումանյանի տուն-թանգարանում էր։ Օրը տոնական էր և ,ինչպես սպասվում էր, բազմաթիվ մարդիկ  ծննդյան օրվա առթիվ այցելել էին թանգարան։ 
Թանգարանն ամեն տարի գրողի ծննդյան օրը կազմակերպում է միջոցառում, որին միշտ մասնակցել են միայն Դսեղի միջնակարգ դպրոցի սովորողները, սակայն այս տարի կազմակերպման կարգը փոխվել էր, մասնակցում էին շրջակա բոլոր գյուղերը՝ Ահնիձոր, Ղմշլու և այլն։ Յուրաքանչյուր խումբ փոքրիկ թատերական ներկայացում էր պատրաստել, որ բեմադրվում էր բակում։ Դիտմանը զուգահեռ հասցրեցի զրուցել նաև այլ դպրոցների մանկավարժական աշխատողների հետ, որոնց շատերը հյուրընկալվել էին կրթահամալիրում և ծանոթ էին կրթական ծրագրին։ 
Հետևեցինք թատերական ներկայացումներին, հասցրեցինք շրջել թանգարանով, անշտապ ուսումնասիրել ցուցանմուշները, չնայած մեծ բազմությունը խանգարում էր։ 
Դսեղի դպրոցի ուսուցիչների հետ հանդիպեցինք հենց թանգարանի սրահներից մեկում, ծանոթացանք , խոսեցինք Թումանյանից։ Մեզ դիմավորեց Բեժանյան Նունեն, ով էլ պատմեց իր ընտանիքի և Թումանյանի մասին։ 
Գրողի ծննդյան օրը կարևորեցինք ընթերցումներով․ 

Ամփոփելով նախագիծը՝ ասեմ, որ նման ճամփորդությունները շատ կարևոր են․ 
  • Հնարավորություն են տալիս լավ ճանաչել գործընկերներին, շփվել ոչ աշխատանքային միջավայրում, 
  • Միշտ իրարից սովորելու, իրար փոխանցելու բան ենք ունենում, 
  • Հայրենիքը ճանաչելը, գործնական հայրենագիտությունը կրթահամալիրի դասավանդողի համար հետագա դասարանային նախագծի հիմքն է,
  • Գրական ակումբի հետ բոլոր ճամփորդությունները նաև մասնագիտական զարգացում են հայերենի դասավանդողների համար, 
  • Մասնակիցների մի մասը չէր եղել հայրենագիտական կանգառներում։ 
Լուսանկարներ ՝









Комментариев нет:

Отправить комментарий