воскресенье, 5 февраля 2023 г.

Տերյանի վերջին ժամերը


«… Հունվարի 6-ին  հրավիրվեց կոնսիլիում` բաղկացած 3 բժշկից: Բժիշկներն ասացին, որ ոչինչ անել հնարավոր չէ և պետք է րոպե առ րոպե սպասել վախճանին: Լույս 7-ի ամբողջ գիշերը չքնեց, մի քանի անգամ խնդրեց իրեն հագցնել և նստեցնել բազկաթոռին: Բայց 5 րոպե անգամ չէր կարողանում նստել: Ձեռքերն ու ոտքերը սառչում էին, և խնդրում էր դրանք շփել, իսկ ինքը հանգիստ էր: Հարցնում էր` ի՞նչ եմ ես կարծում, ու՞մ համար է ավելի դժվար` նրա՞, որ մեռնում է, թե՞ հարազատների, որ մնում են… Միայն ասում էր` որքան հնարավոր է շուտ գնանք Մոսկվա…
… Առավոտյան ես գնացի հաջողացնելու մեր մեկնումը: Վերադարձա, նա խնդրեց բժիշկ հրավիրել… Գնացի այն ռազմա-սանիտարական գնացքի բժիշկին բերելու, որով մենք Սամարայից եկել էինք (գնացքը դեռ կանգնած էր Օրենբուրգ-1-ում, 9 վերստ հեռու): Երբ մենք մեկ ժամից հետո եկանք, նրա զարկերակը գրեթե չէր խփում, սակայն ֆելդշերին նա ճանաչեց և շատ ուրախացավ: Երբ սրսկում էինք, նա խոսում էր ու հարցնում. «Կարելի՞ է անվերջ սրսկել և այդպիսով կյանքը երկարացնել դարձյալ մեկ շաբաթով…
…Կամֆորայից հետո երկու ժամ դեռ գիտակցությունը տեղն էր: Խնդրեց հանգիստ նստել իր մոտ և լաց չլինել ու չվազվզել: Այն ժամանակ ես դեռ չէի հասկանում, որ դա մահ է…»:
Անահիտ Շահիջանյան

«Տերյանի վերջին խոսքերը.
— Ու՞ր է իմ պայուսակը: Ես ընկնում եմ…»
Սաքո Սուքիասյան

«… Թաղեցին Տերյանին այնպես, ինպես խնդրել էր նա իր բանաստեղծության մեջ` «Ինձ թաղեք, երբ վերջին վերջալույսն է մարում», հունվարյան կարճ օրվա վերջում, երեկոն իջնելուց առաջ: Շատ հայեր էին եկել, նրանք ծաղիկներ էին բերել` այն ամենը, ինչ կարելի էր ճարել ձմեռային քաղաքում: Հավաքվել էին նաև ինձ անծանոթ մարդիկ. բանակի շտաբից, նահանգգործկոմից, հարևան տների բնակիչները` ռուսներ, թաթարներ, լեհեր: Ես գերեզմանոց չգնացի. հոգեհացի էր պետք պատրաստվել, իսկ առանց տանտիրուհու այդպիսի գործերում յոլա չես գնա: Բայց ինձ հետո պատմեցին, որ այնտեղ էլ ամեն ինչ այնպես էր եղել, ինչպես կտակել էր ժամանակին բանաստեղծը. «Ինձ անխոս թաղեցեք…»:
Մարգարիտ Վեքիլյան

Այլ հուշեր 

… Ես սարսափելի հոգնել եմ, ահա թե ինչ, իմ սիրելիս, իմ լավ, իմ բարի բարեկամ: Վերջին ժամանակներս հաճախում էի համերգների և համոզվեցի, որ երաժշտությունը կյանքից լավ է: Երաժշտություն լսելիս ես զգում եմ այն, ինչը երբեք ի վիճակի չեմ ոչ մի խոսքերով արտահայտել: Դա օրհնյալ արվեստ է, և երջանիկ են նրանք, ովքեր հաղորդակից են նրան: Վայելեք երաժշտությունը…

 ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Ա. Միսկարյանին հասցեագրած նամակից

Աղբյուրը

Комментариев нет:

Отправить комментарий