Մարտ ամիսն է, Երևանում տաք ու գարնանային օրերն են, և մենք պատրաստվում ենք մեկնել Արատես։ Ձմեռային ցուրտ օրերից հետո կարոտել ենք բնությունը, Արատեսը՝ իր բարձր սարերով, սառնությամբ ու թարմ բնությամբ։ Նաև կարևոր է ճամբարային ձևաչափը՝ միասին ժամանակ անցկացնելը, աշխատելը, խաղալը, պատրաստելը և ապրելը։
Ճանապարհ ընկանք սովորական երթուղով՝ Երևան-Երասխ, Զանգակատուն-Շատին-Հերմոն-Արատես։ Քանի որ այս խմբով բազմիցս ճամփորդել ենք, այս անգամ կանագառ արեցինք Զանգակատուն գյուղում, որպեսզի այցելենք Սևակի տուն-թանգարան։ Այստեղ բոլոր մասնակիցներն առաջին անգամ էին։ Մեզ ընդունեցին մեծ սիրով։ Ի զարմանս մեզ՝ այցելուները շատ էին, հերթ էր գոյացել։ Շրջեցինք ցուցանմուշների սրահում, որտեղ տեղադրված էին Սևակի օգտագործած իրերը, այլ արժեքավոր նմուշներ, իսկ պատերը նկարազարդված էին Սևակի կյանքը ներկայացնող դրվագներով։ Էքսկուրսավարը մանրամասն պատմեց յուրաքանչյուր իրի պատմությունը՝ անդրադառնալով նաև պատերի դրվագներին։ Զուգընթաց հարցեր էր տալիս և պատասխանում էր երեխաների հարցերին։ Նորույթ էր Սևակի խոսող 3D պատկերը, որը հնարավոր էր ակտիվացնել հեռախոսային հավելվածի միջոցով։ Շրջայցն ավարտեցինք բակում՝ Սևակի շիրիմի մոտ։
Հաջորդ կանգառը Արփա գետի հովիտն էր, գետը վարար էր, նկատեցինք շրջող արագիլներին։ Տարածքը խաղաղ էր նստելու, վայելելու, նկարվելու համար։ Ձմռանից հետո նաև կեղտոտ էր, հավաքեցինք ինչքան հնարավոր էր։
Եվ ահա Արատեսում ենք։ Առաջին օրն անցավ տարածքին ծանոթանալով, անվտանգության կանոնոներին տեղեկանալով և անելիքները ճշգրտելով։ Ավելացնեմ, որ սննդի պատրաստման աշխատանքները ևս բավականին ժամանակատար են և ընդհանուր խմբի մասնակցությունն են պահանջում։
Երկրորդ օրն սկսեցինք նախավարժանքով։ Ի տարբերություն չոր Երևանի՝ Արատեսում խոր ձմեռ է, իսկ անցուղիները պատված են ցեխով։ Նախաճաշեցինք և դուրս եկանք քայլելու դեպի Արատեսի հյուսիսային կողմի գետակ։ Ճանապարհին ձնդգնդի խաղացինք և վայելեցինք Արատեսի ուշացած ձմեռը։
Այնուհետև սովորողները պատրաստել էին քվեստ։ Քվեստը նախատեսում էր հինգ հուշումով թերթիկ, որոնք պահված էին Արատեսի տարբեր հատվածներում, իսկ հինգ հուշումները գտնելուց հետո խմբերը պետք է գտնեին թաքնված գլխավոր թուղթը, որն էլ նախատեսում էր փոքրիկ մրցանակ։ Այսպես, բաժանվեցինք երեք խմբի, լարված և թեժ պայքարի արդյունքում հաղթեց երրորդ խումբը։ Նման ձևաչափով ինտելեկտուալ և խաղային նախագծերը նպաստում են սովորողների մեջ ընկերական հարաբերությունների ստեղծմանը և ուսումնական գործընթաց են դառնում։
Քվեստից հետո մի փոքր հանգստացանք և կազմակերպեցինք բանավեճ՝ ,,Արդյոք սոցցանցերը մարդկաց միացնում են, թե՞ հեռացնում,,։ Յուրաքանչյուրը կարողացավ արտահայտել իր կարծիքը, քննարկումը հետարքիր էր, հնարավորություն տվեց ծանոթանալ սովորողների աշխարհայացքին և մտածողությանը։
Կեսօրից հետո անցանք աշխատանքի՝ մեծացրինք անցուղիները՝ մաքրելով ձնից։ Բոլոր տղաները ոգևորված աշխատեցին բակում, իսկ աղջիկները պատրաստեցին ընթրիքը։
Իսկ օրն ավարտեցինք խարույկահանդեսով։ Խարույկահանդեսի համար սովորող Աստղիկ Գաբոյանը բերել էր իր կիթառը, իսկ մյուս սովորողները պատրաստել էին երգ, որպեսզի երգեն կիթառի ուղեկցությամբ։ Այդպես էլ արեցինք․ երգեցինք, պարեցինք, նվագեցինք, զրուցեցինք։
Եվ երեկոն ամփոփվեց վառարանի վրա թխված պլեճով ու ինտելեկտուալ և ժամանցային խաղերով։
Մեր ճամփորդության երրորդ օրը հավաքեցինք և մաքրեցինք Արատեսը, տնակները, քամուց ցրված աղբը, խոհանոցը։ Եվ ճանապարհ ընկանք։
Այսպիսին էր մեր հերթական արատեսյան ճամփորդությունը։ Եվ ամեն անգամ համոզվում եմ, որ դնանք նպաստում են՝
- սովորող-սովորող ընկերական կապի ստեղծմանը և ամրապնդմանը,
- սովորող-ուսուցիչ հարաբերությունների ամրապնդմանը, ընկերության ստեղծմանը,
- բնության հետ կապ ստեղծելուն, որը 21-րդ դարում այնքան անհրաժեշտ է,
- ինքնասպասարկման հմտությունների զարգացմանը,
- սեփական անձի և ընկերների հանդեպ պատասխանատվության ձևավորմանը,
- համակեցությանը,
- մարզական, արշավային, ճամփորդական հմտությունների ձևավորմանը,
- ինքնակազմակերպվելուն և ինքնուրույն նախագծեր առաջ քաշելուն ու իրականացնելուն,
- այլ, բազմաթիվ կարևոր հարցերի և խնդիրների լուծմանը։
Մինչև նոր ճամփորդություններ, հանդիպումներ, արդեն անհամբեր ենք․․․
Լուսանկարներ ընթացքից՝



























Комментариев нет:
Отправить комментарий