понедельник, 28 сентября 2015 г.

Չինական պոեզիա

Անտառում
Ծառերն են սառչում,
Աշունը շնչեց լեռներից:
Ցրվում է ամպը,
Լուսավոր է տարածքը գետի:
Անտառի թավուտում
Թափառում եմ հիմա միայնակ:
Ո՞ւմ հետ որոնեմ
Ուշացած ծաղիկը աշնան:

Լեռնային տնակը
Գնում եմ ես, գնում անվերջ
Այս լեռնային կածանով թեք,
Կարկաչում է առվակը ժիր,
Ջուրն է երգում ամենուրեք:
Սաղարթներից շրշյունն աշնան
Շան կլանչին է խառնվում,
Ու սոսյաց մեջ, ամպի տակից
Տան կրակն է փայլում հեռվում


Զբոսանք լեռներում
Լեռնային նեղ արահետով
Ելնում եմ ես լանջերն ի վեր,
Մի խրճիթ է թախծում մենակ
Ամպերի մեջ ճերմակահեր:
Սայլս է կանգնում, դյութում է ինձ
Բարձր թխկին ամպերն ի վար.
Նա տերևներ ունի կարմիր
Գարնան չքնաղ ծաղկունքից վառ:

Զով գիշերին
Ցողիկներ կան խոտի վրա,
Մարգարիտներ լինեն ասես,
Վարագույրիս ստվերն ահա
Ծփում է մեղմ ալիքի պես:
Նստում եմ ես տխուր-տրտում.
Տերևներն են ընկնում աշնան,
Իմ պարտեզի տաղավարում
Այսօր ինչքա՜ն աստղիկներ կան:

Ոսկյա հրի աղբյուրը
Կա մի ոսկա հրի աղբյուր,
Նրա պայծառ շիթն եմ ըմպում,
Դրա համար կարող եմ ես
Հազար տարի ապրել կյանքում,
Ու փիրուզյա փյունիկն անմահ
Տանում է ինձ վիշապի հետ
Դեպի պալատն արքայական,
Որ խոնարհվեմ Տիրոջն հավետ:

Ուղեկցում եմ գարնանը
Անց են կենում օրեն անվերջ,
Ծերությունն է մոտենում ինձ,
Տարիներն են գնում անդարձ,
Եվ գարունն է գալիս նորից:
Ե՜կ, վայելենք աշխարհն արար,
Մեր թասերում դեռ գինի կա,
Ծաղիկներին մի ափսոսա,-
Նրանք նորից աշխարհ կգան

Գարնանային առավոտ
Լուսաբացին ես արթնացա
Շուրջս՝  կապույտ մշուշ,
Թփուտների խիտ մացառում
Հավքն էր երգում անուշ:
Հորդ անձրևի աղմուկի տակ
Գիշերն անցավ լռին,
Ինչքա՜ն վարդեր գիշերվա մեջ
Թոշնած ընկան հողին:

Ձյունը գետի վրա
Էլ չեն թռչում հավքերն աշնան
Ճերմակահեր լեռներն ի վեր,
Հետքեր չկան շավիղներում,
Ձյունն է ծածկում կածան ու լեռ:
Մի ծեր ձկնորս՝ թիկնոցն ուսին,
Մաշված գլխարկ ճակտին մռայլ,
Վարում է լուռ նավակն իր որբ
Ձյունն է փայլում գետի վրա:

Комментариев нет:

Отправить комментарий